Լրտեսական գործունեության դերը պետական անվտանգության գործում
Լրտեսությունը համարվում է մարդկության հնագույն մասնագիտություններից մեկը, նրա պատմությունը սկսվել է այն պահից ի վեր, երբ մարդկությունը գիտակցեց, որ տեղեկատվությունը շատ թանկարժեք է և օգտակար: Այդ ժամանակից սկսած օտարների գաղտնիքների ձեռքբերման մեթոդները մշտապես կատարելագործվել են: Լրտեսությունը կարող է կատարել անմիջապես լրտեսը (հետախույզը) կամ էլ այն իրագործվում է երկրորդ կամ երրորդ անձերի (հատուկ ծառայությունների ոչ հաստիքային աշխատակիցների, այլ կերպ ասած գործակալների) միջոցով: Ի սկզբանե այդ նպատակների համար օգտագործվել են, այսպես կոչված, «գործակալներ»՝ հավաքագրված տվյալ երկրի բնակիչներից, ապա նաև այլ պետությունների քաղաքացիներից: Համապատասխան միջոցների բացակայության պատճառով, բնականաբար, այդ մարդկանց գործունեությունը շատ վտանգավոր էր: Մեր ժամանակներում նույնպես այդ գործունեությունը շարունակում է մնալ որպես ամենավտանգավորներից մեկը:
Առավել հետաքրքիր են Աստվածաշնչում նկարագրված որոշ դրվագներ, որոնք, անկասկած, ունեն պատմական արժեք և ցույց են տալիս, թե հին հրեաներն ինչպիսի կարևորություն էին տալիս հետախուզությանը: Այսպես, երբ նրանք մոտենում էին Քանանին, արշավանքից առաջ Մովսեսը տասներկու հայտնի մարդկանց ուղարկում է այնտեղ ասելով. «Գնացեք այդ երկրի հարավային կողմից և լրտեսեցեք այն»: Նույնպիսի հանձնարարությամբ Հեսու Նավեն երկու իսրայելցիների հետախուզության ուղարկեց Երիքով քաղաքը, որտեղ Ռահաբ անունով մի կին թաքցրեց նրանց իր տանը` պայմանով, որ հարձակման դեպքում պահպանելու են իր և ընտանիքի անդամների կյանքը: Նույնի մասին է վկայում նաև առասպելական Սամսոնի և Դալիդայի պատմությունը, երբ վերջինս հանձնարարություն է ստանում իմանալու հերոսի թույլ կողմը և իմանալով, որ նրա ուժը երկար մազերի մեջ է` կտրում է Սամսոնի մազերը, որի պատճառով վերջինս թուլանում է ու գերի է ընկնում իր թշնամիների ձեռքը:
Լրտեսությունն արդեն իսկ հին աշխարհում ուներ իր տեսաբաններին: Այսպես, հնագույն Չինաստանում գիտեին լրտեսների գրեթե բոլոր տարատեսակների մասին: Չինացի հայտնի ռազմաստրատեգ Սուն Ցզին «Պատերազմի արվեստը» գրքում տարբերում էր լրտեսի հինգ տեսակ. տեղացի լրտեսներ, որոնցով հետաքրքրվում էին կառավարիչները (այսինքն գործակալներ, ովքեր երկրի ներսում կառավարողների համար տեղեկություններ էին հավաքում ներքին իրավիճակի մասին, մասնավորապես` երկրի անվտանգությանը սպառնացող իրական և հնարավոր վտանգների մասին, կատարում են հակահետախուզական գործառնություններ), ներքին լրտեսներ, որոնք որոշակի կարգավիճակ ունեին հակառակորդի երկրում (օտար պետություններում գործող հետախույզներ), կրկնակի լրտեսներ, որոնց կողմնորոշումը դժվար էր որոշել և նրանք համարվում էին առավել վտանգավոր, օգտագործվող լրտեսներ, որոնք տարբերվում էին նրանով, որ նրանց միջոցով թշնամուն կարելի էր հասցնել անհրաժեշտ տեղեկություն (սրանք կարող էին լինել տեղի բնակիչները, որոնք ուղարկվում էին օտար երկիր որպես այնտեղի քաղաքացիներ, կամ` լինել օտար երկրի բնակիչներ), դատապարտված լրտեսներ`` նրանք, ովքեր ստիպված էին դավաճանի դեր խաղալ, որպեսզի թշնամուն սխալ տեղեկություններ տան: Իրական դերի բացահայտումից հետո դավաճանին սպասում էր անհապաղ մահ, որի համար էլ նրանց կոչում էին դատապարտված:
Սա ցույց է տալիս, թե որքան քիչ է փոխվել լրտեսությունը հարյուրամյակների ընթացքում և որ Սուն Ցզիի ձևավորած այս դրույթներով դրվեցին հետախուզական ծառայության գաղտնի գործունեության հիմքերը, պարզապես սկզբնապես ուշադրությունը սևեռելով միայն գործակալական-հետախուզական գործունեության վրա, սակայն հարկ է նշել, որ նա հետախուզական մարմինների գոյության` որպես պետական ինստիտուտի մասին` չէր հիշատակում:
Լրտեսության հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Փակ տեղեկության դուրսբերման առաջին անհրաժեշտությունը պետական մակարդակով ծագել է հենց Հին Եգիպտոսում, որտեղ փարավոններին ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու համար օգտագործվում էր ոչ միայն բանակը, այլև հետախուզական ծառայությունները: Նման մարմնի ի հայտ գալը նպաստեց տեղեկատվության հայթայթման առավել արդյունավետ համակարգի ձևավորմանը: Գաղտնի տեղեկությունները գրվում էին պապիրուսների վրա և փոխանցվում սուրհանդակների միջոցով: Այս ամենը վերահսկվում էր պետական ապարատի մաս կազմող հատուկ ստորաբաժանումների կողմից, որոնց շարքին կարելի է դասել ոստիկանությանը, սահմանապահներին և թագավորական պատգամաբերներին` մախար-սուրհանդակներին: Վերջիններս, ըստ էության, հենց հետախույզներ էին, ովքեր պետք է համապատասխան տեղեկություններ հավաքեին թշնամու երկրում: Նրանք հավաքում էին վկայություններ բնակչության քանակի և զբաղվածության մասին, ուսումնասիրում տեղանքը, գրի առնում բոլոր այդ տվյալները և հանձնում «Պատերազմի տան» ղեկավարին, որը հանդիսանում էր Հին Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը: Վերջինս դրանց հիման վրա որոշում էր զորքերի առաջխաղացման ուղիները: Մախարը միաժամանակ պետք է լիներ և՛ լավ զինվորական, և՛ գիտակ գրագիր: Հաճախ տիրապետում էր նաև այն երկրի լեզվին, ուր գործուղվում էր, հակառակ պարագայում նրան ուղեկցում էր թարգմանիչը: Նման կերպ Հին Եգիպտոսում հատուկ ծառայություններն ապահովում էին փարավոնների արդյունավետ կառավարումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի համար օգտակար քաղաքականությունը նրա սահմաններից դուրս: Հայտնի է նաև Հին Եգիպտոսի քրմերի կողմից տարվող, իր ժամանակի համար հզոր հետախուզական գործունեության մասին, ինչպես նաև նման աշխատանքների իրականցման մասին իրենց երկրի ներսում, ինչի շնորհիվ հոգևոր դասը որոշակի ժամանակահատվածում իր ձեռքն էր վերցրել երկրի փաստացի ղեկավարումը:
Լրտեսական գործունեության առավել զարգացած ցանցի հիմքը, որն արդեն մոտ է հետախուզության ժամանակակից հասկացությանը, դրվել է Հին Հռոմում: Անտիկ հռոմեական հետախուզությունը ներառում էր իր մեջ անհրաժեշտ տվյալների և աղբյուրների հավաքում: Տեղեկատվության զգալի մասը ապահովում էին դեսպանները: Հանրապետության շրջանում սենատը դեսպանություն էր ուղարկում, որը կարող էր հանդիսանալ հենց որպես հետախուզական գործունեության մարմին: Կայսրության ժամանակաշրջանում գործել է նման ոչ պաշտոնական մարմին: Տեղեկատվության հայթայթման մեկ այլ գործիք էին առևտրական գործակալները, որոնց հիմնական խնդիրը տեղեկության հավաքումն էր քաղաքական իրավիճակի վերաբերյալ, իսկ ռազմական ոլորտում հետախուզական գործունեության հետ առավել սերտ կապ ունեին հատուկ մասնագետներ: Նրանց գործունեությունը գրեթե նույն բնույթն էր կրում: Նրանց հիմնական խնդիրն էր թշնամու տեղակայման վայրի հստակ որոշումը, վերջինիս գործունեության մասին օպերատիվ զեկուցման ապահովումը հրամանատարական կազմին: Բացի այդ, նրանք պետք է ուսումնասիրեին զորքերի առաջխաղացման ճանապարհները և ռազմական ճամբարների հնարավոր տեղակայման վայրերը: Առավել գաղտնի և վտանգավոր գործունեություն էին ծավալում այն մասնագետները, որոնք վերոհիշյալ ընդհանուր մեթոդների հետ մեկտեղ օգտագործում էին հատուկ նշանակության գործակալներին: Առավել հաճախ նրանք գործում էին ուշ ժամերի, բացի այդ բացահայտում էին հակառակորդի գաղտնի ապաստարանները: Ըստ էության, ժամանակակից իմաստով` այդ մարդիկ գործում էին որպես հետախույզներ, գաղտնի գործակալներ: Դրանցից մեկը կապված է Հայաստանի հետ: Այսպես, հայտնի է, որ զորավար Լուկուլլոսն հռոմեական բանակի արշավանքից առաջ, հետախուզական նպատակներով, Հայաստան է ուղարկում իր աներորդի Ապպիոս Կլավդիոսին: Վերջինս Տիգրան Մեծից պահանջում է հանձնել Հայաստանում ապաստանած նրա աներոջը` Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին: Կլավդիոսը մի լրտեսական շրջագայություն է կատարում Հայաստանում, որի ընթացքում փորձում է Հռոմի կողմը գրավել երկրի մեծավորներին: Մասնավորապես, նրան հաջողվում է իր կողմը գրավել հայ իշխանավորներից շատերին և պառակտում սերմանել Տիգրան Մեծի ճամբարում՝
օգտագործելով կաշառքն ու խոստումները: Նույն ժամանակներում Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը հայտնի էր իր
«մեծ ականջներով» , այսինքն` որպես հարևան երկրներում` Հռոմի և Հունաստանի տարածքներում հզոր գործակալական ցանց ունեցող տիրակալ և այլն :
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1093 reads | 04.10.2022
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com