ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում ընկած հիմնարար սկզբունքները երեքն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք:

Ընդ որում, հաճախ ենք լսում, որ նշվածներից երկուսը` ազգերի ազատ ինքնորոշման իրրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքներն հակասում են միմյանց: ԼՂ հիմնախնդրի համատեքստում այս սկզբունքների համատեղելիությունը հասկանալու համար անհրաժեշտ է ևս մեկ անգամ փաստել հետևյալը. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում.

Սա վերաբերվում է և՛ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը (ԱԴՀ) (1918-1920թթ.) և՛ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությանը, որն իրեն հռչակել է 1918-1920թթ. ԱԴՀ իրավահաջորդ: 1918թ մայիսի 27-ին հռչակելով իր անկախությունը` ԱԴՀ-ն սկսում է հավակնություններ ներկայացնել հարևան երկրների տարածքների, մասնավորապես, Զանգեզուրի, Նախիջևանի, Ղարաբաղի, ինչպես նաև Բաթումիի շրջանի վրա և այս սահմաններով 1919թ. դիմում է Ազգերի Լիգա` անդամակցության հայտով: Սակայն Ազգերի Լիգան մերժում է Ադրբեջանի կառավարությանը այն պարզ հիմնավորմամբ, որ վերջինս հավակնում է այնպիսի տարածքների, որոնց վրա չունի վերահսկողություն:

Փաստաթուղթը, որով ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի մաս՝ 1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կետրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումն է, որի օրինականությունը մտածելու լուրջ տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե արդյո՞ք 3-րդ երկրի որևէ կուսակցական մարմին ուներ տարածքային խնդիրների լուծելու իրավասություն: Ուշադրություն դարձնենք նաև որոշման տարեթվին՝ 1921թ. երբ դեռ ԽՍՀՄ որպես միավոր դեռևս չէր էլ կազմավորվել:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) դուրս է եկել Ադրբեջանի ՍՍՀ-ի կազմից՝ պահպանելով բոլոր գործող իրավական ընթացակարգերը.

Իրավական տեսանկյունից ԼՂԻՄ-ի դուրս գալը ԽՍՀՄ-ից և Խորhրդային Ադրբեջանի լիազորությունների դադարացումը ԼՂ-ի վրա չեն հակասել գործող ոչ մի օրենքի կամ ընթացակարգի: Այսինքն, ԼՂ անկախացման ողջ գործընթացը իրավական տեսանկյունից գրագետ ճանապարհով է ընթացել: Ահա սրանով է տարբերվում ԼՂ հիմնահարցը հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ հակամարտություններից:

1988թ. փետրվարի 20-ին ինքնավար մարզի պատգամավորների խորհուրդը որոշում կայացրեց դիմելու Խորհրդային Միության, Ադրբեջանի և Հայաստանի պառլամենտներին` ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու մասին: Այս որոշմանը հետևեցին Սումգայիթյան դեպքերը, որից հետո մեծ թափ ստացան հայերի բռնագաղթման զանգվածային դեպքերը Բաքվից, Կիրովաբադից, և այլ հայաշատ վայրերից:

Հայաստանի պառլամենտը համաձայնեց, իսկ Ադրբեջանի պառլամենտը մերժեց: Կենտրոնական իշխանությունները` ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը, քննարկելով հարցը, մերժեցին այն հիմնավորմամբ, որ կողմերից մեկը, տվյալ դեպքում Ադր. ԽՍՀ համաձայն չէր: Տեսնելով ստեղծված բարդ իրավիճակը, ԽՍՀՄ իշխանությունները 1989թ. հունվարի 12-ին Ղարաբաղում ստեղծեցին հատուկ կառավարման կոմիտե` ուղղակիորեն ենթարկելով Ղարաբաղը Մոսկվային: Այն ղեկավարում էր ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Արկադի Վոլսկին: Այսպիսով, այս կոմիտեի ստեղծմամբ իրավաբանորեն դադարացվեցին Ադրբեջանի իրավասությունները ԼՂ նկատմամբ:

Ստեղծված իրավիճակից իրավական ելք տրամադրեց 1990թ. ապրիլի 3-ի «Խորհրդային Միությունից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքը: Համաձայն այդ օրենքի 3-րդ հոդվածի, Միության կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները և հավաք բնակվող ազգային փոքրամասնությունները իրավունք ստացան դուրս գալու հանրապետության կազմից և ինքնուրույն որոշելու իրենց հետագա կարգավիճակը:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը, վերոնշյալ օրենքին համապատասխան, հռչակեց իր անկախությունը, որով նա ինքնակամ հրաժարվեց Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից, իրեն հռչակեց 1918-1920թթ. ԱԴՀ իրավահաջորդ՝ դրանով իսկ զրկվելով որևէ տարածքային իրավասությունից ԼՂ նկատմամբ:

Սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի ինքնավար մարզը` Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակեց իրեն անկախ հանրապետություն:
Լեռնային Ղարաբաղը չմասնակցեց սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեին, իսկ նույն թվի դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին հանրաքվե: Ի դեպ, Ադրբեջանի անկախության հանրաքվեն անց է կացվել դեկտեմբերի 15-ին, որին ԼՂ չի մասնակցել: Հատկանշական է, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը ընդունում է անկախության մասին սահմանադրական ակտ, որով ևս մեկ անգամ հավաստում է 1918-20թթ. ԱԴՀ իրավահաջորդ լինելը:

Սեկտեմբերի 21-ին 11 խորհրդային հանրապետությունների ղեկավարները Ալմա-Աթայի հռչակագրով լուծարեցին Խորհրդային Միությունը: Այսպիսով Խորհրդային Միության լուծարման պահին նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում արդեն ձևավորված էին երկու անկախ և իրավահավասար սուբյեկտներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:

Ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրությունը.

Ընդհանրապես, միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, սկզբունքները միմյանց չեն կարող հակասել: Նրանք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, և, նախևառաջ, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում:
Պետք է նշել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է, և դա է վկայում Կանոնադրության 103-րդ հոդվածը, որտեղ նշված է հետևյալը. «Այն դեպքում, երբ Միավորված ազգերի կազմակերպության անդամի` սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները հակասում են ցանկացած այլ միջազգային համաձայնագրերով նրա ստանձնած պարտավորություններին, ապա գերակայում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները»: Այսինքն, ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի և ՄԱԿ-ի կանոնադրության միջև հակասության կամ տարամեկնաբանության դեպքում գերակայում է ՄԱԿ-ի կանոնադրությունը:

ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածը թվարկում է ՄԱԿ-ի նպատակները, որոնք չորսն են.
1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:

2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից:

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:
Այսինքն, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը համարվում է ՄԱԿ-ի նպատակ:

Կանոնադրության երկրորդ հոդվածը սկսվում է նախաբանով, համաձայն որի՝ «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով հոդված 1-ում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն»:
2-րդ հոդվածում թվարկվում են ՄԱԿ-ի սկզբունքները: Դրանք են՝

1. Կազմակերպությունը հիմնվում է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:
2. Բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց բոլորի համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները:
3. Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:
4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:
5. Բոլոր անդամները համակողմանի օժանդակություն են ցուցաբերում Միավորված ազգերի կազմակերպությանը նրա նախաձեռնած բոլոր գործողություններում, որոնք համապատասխանում են սույն կանոնադրությանը և ձեռնպահ են օժանդակելուց որևէ պետության, որի նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպությունը կանխարգելիչ կամ հարկադրական գործողություն է ծավալում:
6. Կազմակերպությունն ապահովում է, որպեսզի այն պետությունները, որոնք նրա անդամ չեն, գործեն համաձայն վերոհիշյալ սկզբունքների այնքանով, որքանով դա կարող է անհրաժեշտ լինել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար:
7. Սույն կանոնադրության և ոչ մի դրույթ Միավորված ազգերի կազմակերպությանը չի լիազորում միջամտել որևէ պետության ներքին իրավասության հարցերին և չի պահանջում անդամներից նմանօրինակ հարցերը ներկայացնել լուծման սույն կանոնադրության կարգով, սակայն այս սկզբունքը չի վերաբերում գլուխ 7-ով նախատեսված հարկադրական միջոցների կիրառմանը:
Այսինքն, 2-րդ հոդվածում թվարկված սկզբունքները պետք է գործեն նպատակների իրականացման համար: Այսինքն, օրինակ, պետությունները պետք է ձեռնպահ մնան այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ որևէ նկրտումներից միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:
Այսպիսով, ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը չեն գտնվում միևնույն հարթության վրա:

Մյուս կարևորագույն և հիմնարար փաստաթուղթը, որտեղ ամրագրված են այս երկու սկզբունքները Հելսինկյան եզրափակիչ ակտն է՝ ստորագրված 1975թ. օգոստոսի 1-ին: ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում հղում է կատարվում այս փաստաթղթում տեղ գտած 10 հիմնարար սկզբունքներին, որոնք կոչված են կարգավորվելու ինչպես պետությունների, այնպես էլ պետությունների և իրենց քաղաքացիների միջեւ հարաբերությունները:
Այս սկզբունքներն են.
1. ինքնիշխան հավասարություն, ինքնիշխանությանը հատուկ իրավունքների հարգում
2. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում
3. սահմանների անխախտելիություն
4. պետությունների տարածքային ամբողջականության հարգում
5. վեճերի խաղաղ կարգավորում
6. ներքին գործերին չմիջամտել
7. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատություն
8. ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների հարգում
9. պետությունների միջև համագործակցություն
10. միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
181 reads | 05.09.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com