ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ






Թուրքիան այն առաջին պետություններից մեկն էր, որ պաշտոնապես ճանաչեց նորանկախ Հայաստանի Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 24-ին, սակայն հրաժարվեց բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Առհասարակ անկախության ձեռքբերումից ի վեր և անգամ դրա նախօրյակին Թուրքիան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ՀՀ նկատմամբ: Դեռևս 1991թ. ապրիլին ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը երեքօրյա պաշտոնական այց է կատարում Երևան, որն իր բնույթով առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյայի այցելությունն էր 70 տարիների ընթացքում:

Հայ-թուրքական նորագույն շրջանի հարաբերությունների հաստատման շրջանակներում Հայաստանն այն դիրքորոշման կողմակիցն էր, որ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, ինչն իր հերթին կնպաստի ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը: Սակայն թուրքական կողմը սկզբից ևեթ առաջ քաշեց մի շարք նախապայմաններ և սկսեց միակողմանի ու բացահայտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ինչը շարունակվում է առ այսօր:

Թյուր կարծիք կա, որ 1993թ. Թուրքիան միակողմանի փակեց ցամաքային և օդային սահմանը Հայաստանի հետ` այն պայմանավորելով հայկական զորքերի առաջխաղացմամբ ԼՂ-ում: Մինչդեռ իրականությունն այլ է․ հայ-թուրքական սահմանը երբեք բաց չի եղել: Միայն ժամանակ առ ժամանակ որոշ սահմանակետեր են բացվել դեռ այն ժամանակ գործող Կարս-Գյումրի երկաթուղու համար՝ դեպի ՀՀ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով: Այդ երկու հիմնական սահմանային կետերն էին Գյումրիից արևմուտք` Ախուրյան-Դողու/Կապի և Երևանից հարավ-արևմուտք` Մարգարա-Ալիկան: Ավելին, Թուրքիան բազմիցս այդ սահմանը որպես լծակ է օգտագործել ՀՀ դեմ: Անգամ այն ժամանակ, երբ դեպի ՀՀ եկող հումանիտար օգնությունն ուշանում էր և Թուրքիան իր պահուտերից ժամանակավորապես ցորեն տրամադրեց, ՀՀ անհամեմատ բարձր վճարեց 1 տոննա ցորենի համար՝ համեմատ ռուսական ներմուծման:

Հետևաբար Թուրքիայի կողմից սահմանի միակողմանի փակելը պետք չէ կապել ԼՂ հակամարտության հետ: Ցանկության դեպքում Թուրքիան կարող էր այն բացել դեռևս 1991թ., երբ ճամանչեց ՀՀ անկախությունը:

Ինչևէ, 1995թ-ին Եվրոպայի քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի ճնշման տակ Թուրքիան բացեց ՀՀ հետ միայն օդային սահմանը:

Թուրքիայի կողմից առաջ քաշած նախապայմանները երեքն են՝
1. հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից,
2. չհիշատակել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և պաշտոնապես հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից,
3. ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:


Ընդհանրապես պետք է նշել, որ պետության շրջափակումը դիտարկվում է որպես պատերազմական գործողություն, ուժի կիրառում վերջինիս նկատմամբ: ՀՀ ԱԱՌ-ում նույնպես նշված է, որ «ՀՀ-ն, հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում»: Ավելին, ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնայի կոնվենցիային, որտեղ հստակ նշվում է, որ ոչ մի խտրականություն չպետք է դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության, ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին:

Բացի դրանից, 1957թ. փետրվարի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ժամանակ ընդունված №1028(XI) բանաձևում անդրադարձ է կատարվում Ծով ելք չունեցող երկրների խնդրին և ճանաչելով միջազգային առևտրի զարգացման համար անծով երկրներին համապատասխան տարանցիկ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությունը, ՄԱԿ-ը կոչ է անում անդամ երկրների կառավարություններին տարանցիկ առևտրի առումով լիակատար ըմբռնում դրսևորել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին և տրամադրել համապատասխան տարանցիկ հնարավորություններ միջազգային իրավունքի և պրակտիկայի հիման վրա:
Անհրաժեշտ է նաև նշել, որ Թուրքիայի Հանրապետությունը 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.):

Այս կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»: Համաձայն կոնվենցիայի պայմաններին, ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործվող միջոցներին»:

3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպետք է ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:

Բացի դրանից, թուրքական կողմը բազմիցս է նշել և թուրքական ու թուրքամետ շրջանակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Հայաստանը Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ ունի: Այստեղ խոսքը գնում է դեռևս 1921թ. կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին, որ իրավասությունը լուրջ կասկածներ է հարուցում: Ավելին, նրանք (մասնավորապես Կարսի պայմանագիրը) չի կարող ունենալ իրավական հիմք, քանի որ այն ստորագրողները չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և ճանաչված պետություններ չէին: Այս ժամանակահատվածում Թուրքիայում իշխանությունը դե յուրե դեռ պատկանում էր սուլթան Մուհամեդ 6-ին, իսկ պայմանագրերը Թուրքիայի անունից ստորագրել էր Մուստաֆա Քեմալը: Նույնը վերաբերվում է ԽՍՀՄ-ին (ԽՍՀՄ ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 1922թ. դեկտեմբերի 22-ին): Այս հարցը լայն քննարկումներ առիթ դարձավ 2009թ. ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ, (2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները), որոնցում հստակ նշվում էր, որ երկու պետությունները «փոխադարձ ճանաչում են երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Այսինքն, եթե այս արձանագրությունները վավերացվեին, ապա ամրագրվելու էր Հայաստան-Թուրքիա գործող սահմանը: Սակայն, ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանը չվավերացրեց, իսկ հայկական կողմն այն հայտարարեց առ ոչինչ:

Հայաստան-Թուրքիա սահմանի ամրագրումը գրեթե միշտ ակտուալ խնդիր է եղել թուրքական կողմի համար: ՀՀ անկախության ճանաչումից անմիջապես հետո՝ 1991թ․ դեկտեմբերի 24-ն Հայաստանի նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին ուղղված ուղերձում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում է, որ Թուրքիան կզարգացնի փոխադարձ բարեկամական հարաբերություններ հայկական իշխանության հետ ԵԱՀԿ սկզբունքների համաձայն, որն, ինչպես Դեմիրելն է ընդգծում, հորդորում է ճանաչել պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Անգամ ԵԱՀԽ այն նիստի ժամանակ, երբ Հայաստանն ընտրվեց կազմակերպության անդամ (1992 հունվարի 30), թուրքական կողմը պահանջել էր հայկական կողմից հաստատել սահմանների անձեռնամխելիությունը և վավերացնել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, իսկ նման գրավոր փաստաթուղթ չներկայացնելու պարագայում սպառնացել էր կիրառել վետոյի իր իրավունքը: Հարցը հարթվել էր ամերիկյան կողմի միջնորդությամբ և ՀՀ դարձել է ԵԱՀԽ անդամ:

Թուրքական կողմի համար նման մտավախության հիմք ծառայում է ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5024 reads | 14.05.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com