ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2013ԹԹ.
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Համաշխարհային քաղաքական բարդ գործընթացների համատեքստում անչափ կարևոր են Ռուսաստանի Դաշնության քաղաքակրթական նույնականացման խնդրի քննությունն ու գնահատումը:

Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համատեքստում քաղաքակրթական նույնականացումը կնպաստի իշխանության ու հասարակության համախմբմանը, կդյուրացնի երկրի առջև ծառացած դժվարությունների հաղթահարումը: Արտաքին քաղաքականության տեսանկյունից քաղաքակրթական նույնականացումը ենթադրում է երկրի զարգացման վեկտորի ընտրություն, ժամանակակից միջազգային թատերաբեմում նոր կերպարի ձևավորում, ինչպես նաև ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովում: Սակայն քաղաքակրթական նույնականությունը, Հանթինգթոնի կարծիքով, կարող է հանգեցնել ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքների: Նա նշում է, որ «աշխարհում «սառը պատերազմից» հետո կարևորվեցին մշակութային նույնականացման զանազան տարբերանշանները՝ դրոշներ, խաչեր, կիսալուսիններ և նույնիսկ գլխարկներ, քանի որ մարդկանց մեծ մասի համար ամենակարևորը մշակութային նույնականացումն է: Մարդիկ բացահայտում են նույնականացման նոր, երբեմն հին խորհրդանիշները, որոնց ներքո պատերազմի են դուրս գալիս ինչպես նոր, այնպես էլ, ավելի հաճախ, հին թշնամիների դեմ»:

Հարկ է նշել, որ ներկայումս այդ պայքարը ոչ այնքան քաղաքական է, որքան միգուցե գաղափարական, մշակութային և քաղաքակրթական: Գլոբալ մրցակցության պայմաններում «նույնականացում» հասկացությունը ավելի հաճախ զուգորդվում է քաղաքակրթության հետ , քանի որ կարևորվում են քաղաքակրթական չափանիշները, որոնք դրսևորվում են տարբեր երկրների զարգացման զանազան մոդելներ և արժեքային համակարգեր ընտրելիս: Գլոբալացման գործընթացների հակառակ միտումն է քաղաքակրթական նույնականացման գործոնի դերի գերագնահատումը:

Ռուսաստանի Դաշնությունը միջազգային իրավունքի նորմերով ճանաչվել է որպես նախկին Խորհրդային Միության իրավահաջորդ պետություն։ Այսպիսով, ՌԴ-ն շարունակում է իրագործել ԽՍՀՄ-ի միջազգային պարտավորությունները և ստանձնել է վեջինիս մշտական տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ստանձնում է խորհրդային ղեկավարների կնքած միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթները և պարտականությունները, ինչպես նաև պետական պարտքերը: Ռուսաստանն իրականացնում է բազմակողմանի արտաքին քաղաքականություն:

2008 թ. հունիսի 5-ին հանդես գալով Բեռլինում՝ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը նշեց. «Չնայած երկու համաշխարհային պատերազմների ողբերգությանը՝ մենք կարողացանք վերջնականապես լուծել պատմական հաշտեցման դժվարագույն խնդիրը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա պահանջում էր ժամանակը: Որոշակի դեր խաղացին համաեվրոպական արժեքները և հումանիզմի իդեալները, որոնք Ռուսաստանի մշակույթի անբաժանելի մասն են, և համոզված եմ, որ Եվրոպայի խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվի նրա նույնականացումը. նրա բոլոր ինտեգրյալ հատվածների՝ ներառյալ նաև Ռուսաստանի Դաշնության, օրգանական միասնությունը:

Քանի որ դեն նետելով խորհրդային համակարգը և որոշակի պատմական շրջանում հրաժարվելով նրա վերականգնումից՝ Ռուսաստանը այնպիսի պետության ձևավորման հիմքեր դրեց, որը լիովին համատեղելի է Եվրոպայի մնացած հատվածի հետ և ավելի ողջամտորեն ներառեց այն լավագույնը, որը կազմում է եվրոպական քաղաքակրթության ընդհանուր ժառանգությունը»:
ՌԴ արտաքին քաղաքականության ուղեգծի, քաղաքակրթական նույնականացման վերաբերյալ քննարկումները 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո ընթացան ուրույն ուղղությամբ:

ՌԴ քաղաքակրթական նույնականացման քննարկումների ժամանակ ձևավորվեցին երեք մոտեցումներ, որոնցում ընդհանուր էին Ռուսաստանի ինքնիշխանության, անկախության և հզորության ամրապնդումը, ժողովրդի շրջանում իշխանության ազդեցության մեծացումը և միջազգային ու ներքին ոլորտներում քաղաքական համակարգի լեգիտիմացումը:

Գլոբալացման և տեղեկատվական հեղափոխության դարաշրջանում ուրույն կարևորություն ստացավ արտաքին քաղաքականության ոչ նյութական ռեսուրսների օգտագործումը: Դրան նպաստում է նաև Արևմուտքի առաջատար երկրների կողմից «փափուկ ուժի» կիրառումը, որի բաղկացուցիչ մասերն են մշակույթը, գաղափարախոսությունը և դիվանագիտությունը:

Արտաքին քաղաքականության ռեսուրսները կարևոր գործոն կարող են դառնալ միայն քաղաքական անհրաժեշտ կամքի և քաղաքական էլիտայի կազմակերպչական ռեսուրսի առկայության դեպքում:

ՌԴ-ն ընդգրկված է նաև Եվրոպայի խորհրդում և Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում, իսկ 2002 թվականից այն նաև ոչ պաշտոնական բնույթ ունեցող, սակայն ազդեցիկ «Մեծ ութնյակի» անդամ է, (այժմ նրա մասնակցությունը սառեցված է ուկրաինական իրադարձությունների պատճառով): Ռուսաստանը ընդգրկված է նաև ՀԱՊԿ, Շանհայի, Իսլամական համերաշխության կազմակերպություններում:

Այսպես, 2012 թ. փետրվարին Վ. Պուտինը իր «Ռուսաստանը փոխակերպվող աշխարհում» հոդվածում նշում է. «Ռուսաստանը Մեծ Եվրոպայի անբաժանելի, օրգանական մասն է, եվրոպական քաղաքակրթություն: Մեր քաղաքացիները իրենց եվրոպացի են զգում»:
2012 թ. մայիսի 7-ին Վ. Պուտինի ստորագրած «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման միջոցառումների մասին» հրամանագրում ռազմավարական նպատակ էր համարվում Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական ու հումանիտար տարածքի ստեղծումը:

2013 թ. սեպտեմբերին Վ. Պուտինը հարցազրույցի ընթացքում նշեց, որ ինքը կիսում է պահպանողականության փիլիսոփայությունը, և ընդգծեց, որ պահպանողականության հենքը ավանդական արժեքներն են, սակայն պարտադիր դեպի զարգացումը միտված տարրերով: Այս մտքերը նա երկու շաբաթ անց զարգացրեց «Վալդայ» վիճաբանական ակումբում և ՌԴ դաշնային ժողովին ուղղված դեկտեմբերյան ուղերձում: Ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Արևմուտքում ազատականությունը ամրապնդվեց պահպանողականության դեմ պայքարով, իսկ Ռուսաստանում ճիշտ հակառակն է:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
161 reads | 11.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com