ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Ահմեդ Դավութօղլուի հայացքները Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի, առաջնահերթությունների վերաբերյալ, որ արտահայտվել էին դեռևս 2001թ. հրատարակված «Ստրատեգիական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատության մեջ, սկսեցին տեղ գտնել գործնական հարթությունում 2002թ. Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց, իսկ հետագայում Դավութօղլուի՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո: Դավութօղլուի մշակած տեսություններից առավել մեծ ճանաչում և տարածում է գտել նեոօսմանիզմի գաղափարախոսությունը: Տարածված է այն կարծիքը, որ հենց Ահմեդ Դավութօղլուն է նեոօսմանիզմի գաղափարախոսության առաջամարտիկն ու ճարտարապետը, սակայն առկա փաստերը խոսում են այն մասին, որ նեոօսմանիզմի շուրջ մտորումներ, քննարկումներ եղել են նաև ավելի վաղ, իսկ Դավութօղլուն մասնագիտորեն համակարգել և մշակված տեսք է տվել դրանց: Նեոօսմանիզմի հետ ուղղակի աղերսներ ունեցող հայտարարություններ է արել ժամանակին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը` խոսելով բալկանյան մուսուլմանների մասին:

Նեոօսմանիզմը թուրքական վերնախավում գոյություն ունեցող տեսլականներից է, որը նկատի է առնում արդի Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ: Նեոօսմանիզմի էությունը հետևյալն է. Թուրքիան ձգտում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հոգևոր դերակատարում ունենալ, ավելին` լիդերի դեր ստանձնել Օսմանյան կայսրության նախկին տարածաշրջաններում, առավել կոնկրետ` Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում, միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանային կոնֆլիկտներում, յուրահատուկ օղակ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև և հետևաբար բարձրացնել Թուրքիայի հեղինակությունը թիրախային տարածաշրջանների երկրներում:

Թուրքիայի ակտիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում պարունակում է մի քանի բաղկացուցիչ. նախ` Թուրքիան փորձում է օգտվել արաբական աշխարհում ընդգծված լիդերի բացակայությունից և լրացնել այդ վակուումը, երկրորդ` Թուրքիան փորձում է առավելագույնս օգտագործել իսլամի և Արևմուտքի համար ընկալելի լինելու համադրությունը և դառնալ ակտիվ միջնորդ Արևելքի և Արևմուտքի միջև: Այս համատեքստում խիստ ուշագրավ է նաև Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում ստեղծված վիճակը. Թուրքիան մի կողմից բացահայտ և կոշտ քննադատում է Իսրայելին, սակայն մյուս կողմից լիովին չի այրում կամուրջները և պահպանում է իր կարևոր խաղաքարտը, այն է` անհրաժեշտության դեպքում կարող է ողջ իսլամական աշխարհի անունից խոսել Իսրայելի հետ: Այս ամենին զուգահեռ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել տնտեսական կապերն արաբական աշխարհի հետ: Մի շարք վերլուծաբաններ նաև նեոօսմանիզմի գաղափարախոսության հետևում տեսնում են ԱՄՆ-ին և որպես դրա ապացույց նշում այդ գերտերության ակնկալած շահերը: Մասնավորապես` Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանում ԱՄՆ-ին առավել ձեռնտու է քայլեր անել իր համար վստահելի մի գործընկերոջ միջոցով, որը միևնույն ժամանակ օտար չէ տարածաշրջանին, այլ դրա բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում:

2010-ականներին Թուրքիան սկսեց մեծ ակտիվություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արևելքում: Նեոօսմանիզմի շրջանակներում առաջին հերթին վերանայվեցին հարաբերություններն արաբական երկրների հետ՝ ձգտելով հասնել աննախադեպ վերելքի: Դրան հասնելու համար Էրդողանը պետք է աներ երկու կարևոր քայլ.
ա) ստանձներ համայն աշխարհում և առաջին հերթին Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում մուսուլմանների իրավունքների պաշտպանի դերը,
բ) վատթարացներ Իսրայելի հետ հարաբերությունները։

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ նեոօսմանիզմի առաջին բացահայտ դրսևորումը 2009թ. Դավոսի միջադեպն էր (Էրդողանի բոյկոտը), որտեղ ժամանակին Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոշտ քննադատության ենթարկեց Իսրայելին` նրա պաղեստինյան քաղաքականության համար և լքեց դահլիճը: Թուրքիայի վարկանիշն արաբական աշխարհում զգալի վերելք ապրեց 2010-ի մայիսին Միջերկրականի ջրերով դեպի Գազայի հատված հումանիտար օգնություն տանող նավախմբի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո («Մավի Մարմարայի» միջադեպ), որի հետեւանքով մահացան թուրք ակտիվիստներ: Այս դեպքին հետևեցին թուրք բարձրաստիճան ղեկավարների ծայրահեղ կոշտ հայտարարությունները և թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը: Հենց այդ դեպքերից հետո էր, որ արաբական աշխարհում կտրուկ բարձրացավ Թուրքիայի հեղինակությունը, հատկապես հասարակական շրջանակներում. բավական է նշել, որ արաբական մի շարք երկրներում այդ օրերին տեղի ունեցող հակաիսրայելական բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ ծածանում էին թուրքական դրոշը, արաբական ԶԼՄ-ի անցկացրած հարցումների արդյունքում Էրդողանը հայտարարվում է տարվա մարդ: Թուրքիայի արտաքին քաղաքականության հասցեին գովեստի խոսքեր են հնչում Պաղեստինում, Դավութօղլուին համարում են նորօրյա Հենրի Քիսինջեր, իսկ պաղեստինյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը համարում են Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման բանալի:

Արաբական աշխարհում տեղի ունեցող դեպքերը (թունիսյան, եգիպտական, լիբիական) լրացուցիչ առիթ ընձեռեցին Թուրքիային՝ միջամտելու մերձավորարևելյան գործընթացներին: 2011թ. կարելի է ասել, որ Թուրքիան «Արաբական գարնան» շնորհիվ հայտնվեց ավելի շահեկան դիրքերում, նրա ազդեցությունն ավելի ամրապնդվեց մասնավորապես Եգիպտոսում ու Լիբիայում։ Էրդողանը մեծ ընդունելության արժանացավ Եգիպտոսում, կնքեց մի շարք պայմանագրեր, մինչդեռ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ամենևին չէր սիրում Թուրքիային` նրան դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում: Էրդողանը Լիբիայում նույնպես ջերմ ընդունելության արժանացավ. Քադաֆիի տապալումից հետո Լիբիայի տարածքի մեծ մասը վերահսկող Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդ ալ-Ջալիլը նրա լիբիական այցը որակեց պատմական իրադարձություն:

Թուրքիայի հաջողությունն «Արաբական գարուն» վերապրած Եգիպտոսում ավելի ակնառու դարձավ 2012թ., երբ Եգիպտոսի նախագահ ընտրվեց իսլամիստ Մոհամմեդ Մուրսին, որ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր Էրդողանի հետ, սակայն 2013թ. հուլիսին զինվորականները հեղաշրջում իրականացրին, որի կազմակերպիչ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ: Էրդողանը դատապարտեց Եգիպտոսում կատարված ռազմական հեղաշրջումը, ինչը հանգեցրեց երկկողմ հարաբերությունների վատթարացմանը և Եգիպտոսում Թուրքիայի դիրքերի թուլացմանը։ «Արաբական գարնան» հետևանքով կտրուկ վատթարացան նաև թուրք-սիրիական (Էրդողան-Ասադ) հարաբերությունները, խզվեցին դիվանագիտական հարաբերությունները։
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
147 reads | 08.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com