ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՁԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Դիվանագետի անձի և կերպարի շուրջը դարեր շարունակ տարբեր կարծիքներ են գոյություն ունեցել և պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրան տարբեր չափանիշներ առաջադրվել: Դիվանագետի անվան շուրջ առասպելներ են հյուսվել, իսկ գործունեությունը շատ հաճախ պատված է եղել խորհրդավորությամբ:

Դիվանագետի անձին մեծ տեղ է հատկացվում Մանուի օրենքներում (մ.թ.ա. I հազարամյակ): Դա բխում է կատարյալ մարդ-իմաստունի վերաբերյալ հին հնդկական փիլիսոփայական ուսմունքից: Այդ ուսմունքի տեսանկյունից էր դիտարկվում նաև մարդ-դիվանագետը, որը պետք է օժտված լիներ կատարյալի և իմաստունի հատկանիշներով: Ըստ այդմ էլ Մանուի օրենքները, որոնք ինքնին համարվում էին աստվածային ծագում ունեցող, պահանջում էին, որ դիվանագետը լինի խոհեմ, բազմակողմանիորեն կրթված և վստահություն ներշնչող անձ: Եվ քանի որ ըստ Մանուի օրենքների՝ խաղաղությունը և պատերազմը կախված էին դեսպաններից, որոնք կարող էին դաշինքներ ստեղծել կամ կործանել, ուստի և այդ օրենքները խորհուրդ էին տալիս պետության ղեկավարին լինել շրջահայաց դիվանագետի ընտրության հարցում: Նրան առաջարկվում էր դիվանագետ ընտրել այնպիսի մարդու, որն ունենա պատկառելի տարիք, լինի ներկայանալի, ազնիվ, հմուտ, իր պարտքին նվիրված, լավ հիշողության տեր, ճարտասան և այլն:

Ահա այսպես էր պատկերացնում դիվանագետին միջազգային իրավունքի և հարաբերությունների վերաբերյալ հին հնդկական ուսմունքներից մեկը, որը տարածված էր նաև Հնդկաստանից դուրս, Առաջավոր Ասիայում, Հին Հունաստանում, Հին Հռոմում և այլուր:

Դիվանագետի վերաբերյալ իրենց պատկերացումներն ունեին հին հույները: Հին Հունաստանում ընդունված էր, որ դեսպանին ընտրում էին ժողովրդական ժողովում, այսինքն համաժողովրդական քվեարկությամբ, որը նրա անձին տալիս էր հատուկ կշիռ և բարձրացնում նրա հեղինակությունը: Քանի որ դիվանագետը շատ պատասխանատու հանձնարարություններ կատարող անձ էր դիտվում, ուստի և գոյություն ունեին որոշակի, թեև չգրված, սակայն ընդունված սովորութային նորմեր. նրա տարիքը հիսունից պակաս չպետք է լիներ, նա պետք է լիներ համբերատար, դատող, պերճախոս և իր պոլիսում հեղինակություն վայելող անձնավորություն:

Դեսպանը սովորաբար հանդես էր գալիս ընդունող պոլիսի՝ քաղաք-պետության ժողովրդական ժողովում և հիմնավորում իր պետության առաջարկությունները և պահանջները: Իր առջև կանգնած խնդիրների լուծումը շատ բանով կախված էր նրանից, թե նա ինչպես կփաստարկի դրանք և ինչ տպավորություն կթողնի ժողովրդական ժողովի մասնակիցների վրա: Ուստի հին հույները շատ մեծ տեղ էին հատկացնում ճարտասանությանը և հռետորական արվեստին: Այդ պատճառով էլ նրանք հաճախ դիվանագետի պարտականությունները դնում էին նաև ոչ քաղաքական գործիչների՝ հռետորների, անգամ դերասանների վրա:

Հայտնի է, որ դեսպանի պարտականությունները փայլուն կերպով էր կատարում Հին Հունաստանի հռչակավոր դերասան և հռետոր Էսքինեսը (մ.թ.ա. 4-րդ դ.): Հին հույները դիվանագետ-դեսպանին համարում էին բարի գործին ծառայող, բարի լուր բերող և նրան պատկերացնում էին հրեշտակի տեսքով: Ահա թե ինչու դեսպանը Հին Հունաստանում կոչվում էր անգելոս:

Դիվանագետի դերը բարձր էր գնահատվում Հին Հռոմում, և այստեղ նույնպես, ինչպես Հին Հնդկաստանում և Հունաստանում, շատ մեծ նշանակություն էր տրվում նրա անձնական հատկանիշներին, խելքին, բանակցություններ վարելու արվեստին, փաստարկելու և իր զրուցակցին համոզելու ունակությանը և այլն: Այդ պատճառով էլ դեսպանի նշանակմանը Հին Հռոմում վերաբերվում էին ամենայն լրջությամբ, իսկ դեսպան նշանակելու պրոցեսն ինքնին բավական բարդ էր: Հին Հռոմում ճանաչում էր ստացել այն տեսակետը, որ դեսպանի անձը սրբազան է և այդ սկզբունքը տարածվում էր նաև թշնամի երկրի դիվանագետի վրա: Դա համարվում էր այն ժամանակվա միջազգային իրավունքի ընդունված նորմերից մեկը, որի առիթով հռոմեացի իրավաբան Պոմպոնիուսը գրում է. «Եթե որևէ մեկը վիրավորանք հասցնի թշնամական երկրի դեսպանին, ապա դա պետք է դիտվի որպես ժողովուրդների իրավունքների խախտում, քանի որ դեսպանները ճանաչվում են սրբազան անձնավորություններ»:

Հին Հռոմում ընդունված էր հարգանքով վերաբերվել այլ երկրների դիվանագետներին, նրանց զանազան պատիվներ մատուցել, մեծարել նրանց անձը, ընդհուպ մինչև այն, որ երբեմն արժանավոր օտարերկրյա դեսպանների արձանն էին կանգնեցնում Հռոմում, Կապիտոլիումի առջև:

Դիվանագետի կերպարի անբաժանելի մասն էր կազմում նրա բարեկիրթ լինելը, նուրբ շարժուձևերին տիրապետելը, հարգալից վերաբերմունքը զրուցակցի նկատմամբ, ուշադիր լսելու ունակությունը, զրուցակցին անտեղի չընդհատելը և այլն: Եվ շատ դիվանագետներ փայլուն ունակություններ են դրսևորել այդ բնագավառում:

Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալը, որը թագավորել է մ.թ.ա. 668-626թթ., դեսպանություն է ուղարկում Էլամի թագավոր Ինդաբիգասի մոտ և պահանջում իրեն հանձնել Էլամում ապաստան գտած Ասորեստանի հակառակորդներին: Այդ պահանջը, որ ասորեստանյան դեսպանը հանձնեց թագավորին, աչքի էր ընկնում իր խիստ տոնով և լի էր սպառնալիքներով: Ահա այն. «Եթե դու ինձ չհանձնես այդ մարդկանց, ապա ես քո վրա կգամ պատերազմով, կավերեմ քո քաղաքները և նրա բնակիչներին գերի կտանեմ, իսկ քեզ գահից կգցեմ և քո տեղը ուրիշին կնստեցնեմ: Ես կճզմեմ քեզ»: Ինդաբիգասը մերժեց բավարարել Ասորեստանի ահեղ թագավորի պահանջը և սպանվեց ոչ առանց Ասորեստանի մասնակցության:

Իրեն վերին աստիճանի անհարգալից պահեց հռոմեական լեգատ Պոպիլիուս Լենատուսը սիրիական թագավոր Անտիոքոս IV-ի նկատմամբ: Մ.թ.ա. 168թ., երբ Անտիոքոսը իր զորքերի գլուխն անցած արշավում էր Եգիպտոսի վրա, նրա մայրաքաղաքում Ալեքսանդրիայի մոտ նա հանդիպեց հռոմեական դեսպանությանը: Թագավորը մի պահ վարանեց և ապա որպես ողջույնի նշան իր աջը մեկնեց դեսպանությունը գլխավորող լեգատ Լենատուսին: Վերջինս անպատասխան թողեց արքայի ողջույնը և նրան մեկնեց Հռոմի Սենատի որոշումը Անտիոքոսի Եգիպտոսից շտապ հեռանալու պահանջով: Այլայլված թագավորը ժամանակ խնդրեց հարցը իր խորհրդականների հետ քննարկելու համար: Սակայն հռոմեական լեգատը կոպտորեն մերժեց այդ խնդրանքը և ձեռքի գավազանով գետնի վրա գծեց շրջանագիծ, ասելով. «նախքան այս շրջանից դուրս գալը տուր հստակ պատասխան, որպեսզի ես կարողանամ հաղորդել Սենատին»:  Ստորացված Անտիոքոս IV-ը, հաշվի առնելով Հռոմի հետ ռազմական բախման ծանր հետևանքները, հարկադրված էր նահանջել: Նա հեռացավ Եգիպտոսից, ասելով. «Ես կկատարեմ ամեն բան, որ կպահանջի սենատը»:

Դիվանագիտությունը դիտվում է նաև որպես «խաբելու արվեստ», իսկ դիվանագետը՝ նրա մարմնավորողը և իրականացնողը: Եվ այդ բոլորը քողարկվում էր և արդարացվում «պետական շահի» առաջնային լինելու և այդ շահի պաշտպանության կամայականորեն մեկնաբանվող և ըստ էության կեղծ գաղափարով: Փոխվեց կերպարը և պետք է փոխվեր այդ կերպարը մարմնավորող անձն ու նրան ընտրելու մոտեցումը: Այդ պահից դիվանագիտական ասպարեզ են ոտք դնում նրանք, ովքեր կարող էին խաբեբա դիվանագետի պատկերի մեջ մտնել և կյանքում իրականացնել այդ առաքելությունը: Եվ պատահական չէ, որ միջնադարյան եվրոպական արքունիքները վխտում էին նման բախտախնդիրներով:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
113 reads | 10.02.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com