ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Արտաքին քաղաքականության և դիվանագիտության բնագավառի պաշտոնյաները տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների մոտ զանազան անուններով են կոչվել: Միանման չեն եղել նաև նրանց կողմից իրականացվող ֆունկցիաները: Դիվանագիտական բնագավառի ամենահին պաշտոնյան կոչվել է սուրհանդակ: Այդպես էին կոչվում դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Եգիպտոսի փարավոնների արքունիքում հայտնված առաջին պաշտոնյաները, որոնց մասնագիտությունը և անմիջական խնդիրը Եգիպտոսի կապերը հարևան երկրների՝ Խեթական թագավորության, Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի և այլ երկրների հետ ապահովելն էր:

Արտաքին հարաբերությունների աշխուժացումը և բարդացումն անհրաժեշտ դարձրեց դիվանագիտական նոր մասնագիտության ծնունդը, որպիսին հանդիսացավ դիվանագիտական գրագիրը: Արտաքին կապերը այլևս հնարավոր չէր հուսալիորեն ապահովել սուրհանդակի և նրա կոմից փոխանցվող բանավոր տեղեկությունների միջոցով: Պահանջվում էին գրավոր հավաստիացումներ, որը ոչ միայն դիվանագիտական կապի ավելի հուսալի ձև էր, այլև հնարավորություն էր տալիս ավելի հանգամանորեն և հստակ կերպով որոշել և սահմանել պետությունների փոխհարաբերությունները: Մանավանդ, որ դիվանագիտական պրակտիկայում մուտք գործեց պայմանագիր կնքելը և սուրհանդակին գրավոր հանձնարարություններ տալը: Եգիպտոսում, Ասորեստանում, իսկ ավելի ուշ նաև Հունաստանում, Հռոմում և մյուս երկրներում հայտնվում են դիվանագիտական գրագրությունն ապահովող և իրականացնող հատուկ գրասենյակներ:

Հետագայում, մասնավորապես Հին Հունաստանում, ապա և Հին Հռոմում, հանդես են գալիս հատուկ լիազորված անձեր, որոնք ընդհանուր անունով կոչվում են դեսպաններ: Ամենայն հավանականությամբ դեսպանը այդ շրջանում, մինչև ուշ միջնադար եղել է դիվանագետի համարժեքը, թեև դարձյալ տարբեր երկրներում տարբեր անուններ է կրել: Այսպես, օրինակ, Հոմերոսյան Հունաստանում (մ.թ.ա.12-8-րդ դդ.) դեսպանը կամ արտաքին քաղաքականության բնագավառում հատուկ հանձնարարություն կատարող պաշտոնյան կոչվել է բանբեր, լրաբեր, նույնիսկ հրեշտակ՝ անգելոս, իսկ դասական Հունաստանում (մ.թ.ա. 8-4-րդ դդ.) ավագ՝ պրեսբեյս: Մանուի օրենքներում նա ամենայն հավանականությամբ կոչվել է դեսպան: Հին Հռոմը շրջանառության մեջ մտցրեց դիվանագետների նոր անվանումներ՝ լեգատ և օրատոր, որը նույն դեսպանն էր: Իսկ Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչը կրում էր նունցիա անունը:

Հայոց արքունիքում և հայ դիվանագիտության մեջ ընդունված է եղել դեսպան անվանումը: Այդ մասին վկայություններ կան հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Բյուզանդի, Փարպեցու, Եղիշեի և այլոց մոտ:

Մանուի օրենքների և ուսմունքների մեջ նշվում է, որ դեսպաններից է կախված պատերազմ կամ խաղաղություն լինելու և չլինելու հարցը, քանի որ միայն նրանք են ստեղծում դաշինքներ և գժտեցնում դաշնակիցներին, տնօրինում այն գործերը, որոնց պատճառով թագավորների միջև հաստատվում է խաղաղություն կամ սկսվում պատերազմ:

Հին Հունաստանում, և ոչ միայն այնտեղ, դեսպանների ամենաառաջնակարգ խնդիրը կայանում էր հարթել պոլիսների միջև ծագող կոնֆլիկտները և կանխել նրանց վերաճումը պատերազմի: Դրա հետ մեկտեղ նրանց իրավասության մեջ էր մտնում մյուս պետությունների հետ դաշինք կնքել և զանազան պայմանագրեր ստորագրել:

Այս ֆունկցիաները ոչ միայն անցան Հին Հռոմի դեսպաններին՝ լեգատներին և օրատորներին, այլև որոշ չափով ընդարձակվեցին: Այսպես, ընդունված կարգի համաձայն, Հռոմում դեսպանների խնդիրների մեջ էր մտնում պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, պայմանագրեր ստորագրելը, նվաճված տարածքների կազմակերպումը, միջազգային կոնֆլիկտներ հարթելը, ինչպես նաև կրոնական վեճերն ու տարաձայնությունները լուծելը:

Միջնադարը դեսպանների ֆունկցիաների մեջ ըստ էության սկզբունքային փոփոխություն չմտցրեց:

Պետությունների միջև հարաբերությունների խորացումն ու ընդարձակումը թելադրում էր դիվանագետների հարցում միասնական աստիճանակարգի սահմանում, նրանց ֆունկցիաների ճշգրտում և այդ ֆունկցիաների իրագործման մեխանիզմի ստեղծում: Այդ պահանջն իր մարմնավորումն ստացավ 1815թ. Վիեննայի կոնգրեսում: Այն գումարվել էր 1814թ. հոկտեմբերին և նրա նպատակն էր հանրագումարի բերել Նապոլեոն Բոնապարտի դեմ տարած ռազմական հաղթանակները, դրանք վերածել քաղաքական հաղթանակի և հաստատել ուժերի նոր հաշվեկշիռ հետնապոլեոնյան Եվրոպայում: Կոնգրեսն ընդունեց եզրափակիչ ակտ և մի շարք հավելվածներ: Վիեննական ռեգլամենտը 1815թ. մարտի 19-ին ստորագրեցին Անգլիան, Ավստրիան, Իսպանիան, Պորտուգալիան, Պրուսիան, Շվեդիան, Ռուսաստանը և Ֆրանսիան: Այդ ռեգլամենտով դիվանագիտության պատմության մեջ առաջին անգամ սահմանվեց դիվանագետների դասակարգման սկզբունքը: Այդ պահից սկսվեց կիրառվել միասնական համակարգ դիվանագիտական պաշտոնյաների աստիճանակարգում:

Վիեննայի ռեգլամենտը սահմանեց դիվանագիտական ներկայացուցչության երեք կարգ՝
1. դեսպաններ և աստիճանակարգով նրանց հավասար լեգատներ և նունցիաներ
2. դեսպանորդներ և դրանց համազոր այլ պաշտոնյաներ
3. գործերի հավատարմատար

1818թ. նոյեմբերի 21-ին Աախենի միջազգային կոնգրեսը մտցրեց մինիստր-ռեզիդենտի կարգ և որոշեց նրա տեղը դիվանագետների համակարգում: Այդ հարցի վերաբերյալ ընդունված արձանագրությունում, որը ստորագրեցին Անգլիան, Ավստրիան, Պրուսիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, մինիստր-ռեզիդենտի տեղը սահմանվում էր երկրորդ աստիճանի մինիստրների՝ դեսպանորդների և գործերի հավատարմատարի միջև:

Այս չորս աստիճանի դիվանագետները կազմում են դիվանագիտական ամենաբարձր կարգը: Սակայն նրանց ներսում նույնպես կա շերտավորում: Առաջին կարգի դիվանագիտական ներկայացուցիչ համարվում է դեսպանը (լեգատ, նունցիա), երկրորդ կարգի՝ դեսպանորդը, ապա գալիս են մինիստր-ռեիդենտը և գործերի մշտական հավատարմատարը:

Դրանից հետո գալիս են միջին կարգի դիվանագիտական պաշտոնյաները՝ խորհրդականները և քարտուղարները (առաջին, երկրորդ և երրորդ): Դիվանագիտական պաշտոնեության յուրօրինակ շքերթը եզրափակում են կցորդները՝ մշակույթի, մամուլի և այլ հարցերի գծով:Կարգավիճակի տեսակետից այս կցորդների հետ չպետք է շփոթել ռազմական, ռամաօդային և ռազմածովային կցորդներին: Նրանք գրավում են յուրատեսակ, անհամեմատ բարձր տեղ դիվանագիտական համակարգում:

Այս բոլորից հետո կարելի է եզրակացնել, որ դիվանագետը արտաքին հարաբերությունների մարմիններում և մշտական դիվանագիտական ներկայացուցչություններում զբաղված պետական պաշտոնյա է, որը գրագրության, բանակցությունների և այլ խաղաղ միջոցներով իրականացնում է տվյալ պետության արտաքին քաղաքականությունը, ընդհանրապես, և արտաքին կապերը օտարերկրյա պետությունների հետ, մասնավորապես:

Բոլոր այն անձինք, որոնք բաղված չեն վերոհիշյալ դիվանագիտական մարմիններում, թեկուզ և առնչություն ունեն արտաքին հարաբերությունների հետ, չեն համարվում դիվանագետներ:

Վիեննայի ռեգլամենտով հաստատված սկզբունքները ընդհանուր գծերով ուժի մեջ են նաև մեր օրերում:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
216 reads | 01.02.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com