ՍՐԲԱԶԱՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ և ՊԱՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գարիկ Հարությունյան
Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ





Այն, ինչը այսօրվա պատմաբանները անվանում են ուժերի հավասարակշռության եվրոպական համակարգ, ծնվել է 17-րդ դարում համաշխարհային կարգուկանոնի ունիվերսալության միջնադարյան գաղափարի արդյունքում, որոնք հանդիսանում են Հռոմեական կայսրության և կաթոլիկ եկեղեցու ավանդույթ: Այնպես, ինչպես Աստված կառավարում է երկնքում, կայսրը կառավարում էր աշխարհիկ կյանքում, իսկ պապը՝ ունիվերսալ եկեղեցին: Այս առումով Գերմանիայի և Հյուսիսային Իտալիայի ֆեոդալական պետությունները միավորվել էին Սրբազան Հռոեմական կայսրության կայսեր իշխանության ներքո:

Այս կայսրությունը Եվրոպան կառավարելու մեծ պոտենցիալ ուներ: Ըստ Քիսինջերի՝ եթե Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը կարողանար հաստատել կենտրոնական իշխանություն իր տարածքներում, որոնք ձևականորեն գտնվում էին նրա տիրապետության տակ, Ֆրանսիան կհամեմատվեր Վիետնամի կամ Կորեայի, իսկ Մեծ Բրիտանիան Ճապոնիայի հետ: Սակայն, գրեթե ամբողջ միջնադարի ընթացքում Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը երբեք չհասավ կենտրոնական իշխանության այդպիսի մակարդակի:

Պատճառներից մեկը տրանսպորտի ադեկվատ տեսակի բացակայությունն է այդքան հսկայական տարածքներում: Սակայն ավելի կարևոր պատճառներից էր այն, որ Սրբազան Հռոմեական կայսրությունում եկեղեցու կառավարումն առանձնացած էր: Ի տարբերություն փառավոնների կամ հռոմեական կայսրի՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը չուներ աստվածային հատկանիշներ: Ամենուր, Արևմտյան Եվրոպայի սահմաններից դուրս, նույնիսկ շրջաններում, որոնք գտնվում էին արևելյան եկեղեցու ազդեցության տակ, կրոնն ու պետության կառավարումը միավորված էին, այն իմաստով, որ գլխավոր պաշտոնների նշանակումը և այստեղ, և այնտեղ կենտրոնական իշխանության հրամանով էր կատարվում. կրոնական իշխանությունները չունեին հնարավորություն և հեղինակություն իրենց դիրքի ինքնիշխանությունը հաստատելու համար, իսկ արևմտյան քրիստոնեությունը հենց սա էր պահանջում:

Արևմտյան Եվրոպայում պոտենցիալ, ժամանակ առ ժամանակ ռեալ կոնֆլիկտ էր առաջանում պապի և կայսեր միջև, որը պայմանավորում էր հնարավոր կոնստիտուցիոնալիզմը և իշխանությունների բաժանումը, որը հանդիսանում է ժամանակակից դեմոկրատիայի հիմքը: Դա թույլ էր տալիս տարբեր ֆեոդալական կառավարիչների ամրացնել իրենց իշխանությունը՝ պահանջելով մասնաբաժին երկու մրցակից ֆրակցիաներից: Չնայած թեորապես բոլոր ֆեոդալական կառավարիչները հավատարիմ էին կայսրին, սակայն, իրականում, նրանք անում էին այն, ինչ ցանկանում էին: Կայսերական գահին հավակնում էին տարբեր դինաստիաներ և կենտրոնական իշխանություն գրեթե գոյություն չուներ:

Կայսրերը պահպանում էին իրենց ունիվերսալ կառավարման քաղաքականությունը, սակայն հնարավորություն չունեին այն իրագործել գործնականում: Եվրոպայի ծայրում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում չէին ընդունում Սրբազան Հռոմեական կայսրության իշխանությունը՝ չնայած շարունակում էին մնալ ունիվերսալ եկեղեցու մի մասը: Եվ միայն այն ժամանակ, երբ 15-րդ դարում Հաբսբուրգների դինաստիան սկսեց գրեթե միշտ հավակնություններ ներկայացնել կայսերական գահին և կանխամտածված ամուսնությունների շնորհիվ ձեռք բերեց իսպանական գահը և այս երկրի լայն ռեսուրսները, Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը սկսեց հույսը դնել իր ունիվերսալիստական բնույթի հավակնությունների քաղաքական համակարգի մեջ դնելու վրա:

Օտտոն I-ի կողմից ստեղծված կայսրությունը Կարոլինգյան շրջանի ժառանգությունն էր: 800թ.-ին Կառլոս Մեծի թագադրությունը Սուրբ ծնունդի օրը համաշխարհային-պատմական նշանակություն ուներ: Սակայն արդեն 843թ.-ին Կառլոս Մեծի երեք որդիները բաժանեցին այն: Կայսրության արևելյան մասը՝ Արևելյան Ֆրանկյան թագավորությունը, ապագա Գերմանիան, դարձավ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի քաղաքական և ռազմական ամենահզոր տերություններից մեկը: Օտտոն I Մեծը (936-973թթ.) որոշեց շարունակել Կառլոս Մեծի քաղաքականությունը, տիրացավ Իտալական թագավորությանը, իսկ մեկ տասնամյակ անց հասավ այն բանին, որ պապը թագադրեց նրան Հռոմում կայսերական թագով:

Կայսեր իշխանությունն ուներ ունիվերսալ բնույթ, որը նպատակ ուներ համաշխարհային իշխանության: Սակայն իրականում Սրբազան Հռոմեկան կայսրության կայսրերը տիրում էին միայն Գերմանիան, Իտալիայի և Բուրգունդիայի մի մասը:

Հռոմեական կայսերական գաղափարի հիմքում ընկած էին քաղաքակրթությանը բնորոշ տարրեր: Կայսրության ընդարձակումը, ըստ հռոմեական պատկերացումների, նշանակում էր առաջին հերթին հռոեմական մշակույթի տարածում: Հռոմեական կայսրությունում բոլոր ժողովուրդներին միավորելու գաղափարից ծնվեց ամբողջ մարդկությանը քրիստոնեական կայսրությունում միավորելու գաղափարը: Եթե Հռոեմական կայսրության ներկայացուցիչներն իրենց խնդիրն էին համարում տարածել հռոեմական մշակույթն ու իշխանությունը և պաշտպանել այն արտաքին բարբարոսներից, ապա այժմ նրանք իրենց առջև նպատակ էին դրել տարածել քրիստոնեությունը և այն պաշտպանել հեթանոսներից և անհավատներից:

Ունիվերսալիզմի գաղափարը հանգում է հելլենիզմին: Հույն փիլիսոփաները, հատկապես ստոյիկները, շեշտը դնում էին մարդկային ընդհանրության գաղափարի վրա: Ըստ ստոյիցիզմի և նրա ունիվերսալ համակարգի մասին ուսմունքի՝ մարդկանց միջև եղած երկրորդական տարբերությունները նշանակություն չունեն: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ազդեցությամբ ստոյիկները շեշտում էին հունական մշակույթի համաշխարհային առաքելությունը, որը, ըստ նրանց պատկերացմամբ հանդիսանում էր համաշխարհային քաղաքակրթության մարմնավորում, որը զբաղեցնում էր աշխարհի քաղաքակրության տարածքը, որի սահամններից դուրս տիրում էր բարբարոսություն:

Եթե Օտտոն I-ի կայսերականության գաղափարն իր մեջ ներառում է հռոմեական և ոչ հռոմեական բաղադրիչներ՝ զարգացման երկու տենդենցներ, ապա նրա հաջորդների օրոք հռոմեականության գաղափարը սկսեց գերիշխել: Սրբազան Հռոմեական կայսրությանը ծնունդ է տվել Սաքսոնյան կամ Օտտոնյան դինաստիան, և առաջին հերթին Օտտոն I-ը, որը դեռևս կենդանության օրոք անվանվել է Մեծ: Օտտոնի կողմից ստեղծված կայսրությունը ներառում էր Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Շվեցարիայի, Նիդերլանդների մի մասը և արևմտյան սլավոնական տիրույթների մի մասը:

Սա բազմազգ տերությունն էր: Քանի որ այս տերության բնակչության մեծամասնությունը կազմում էին գերմանացիները, այն անվանվեց Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն: Կայսերական իշխանությունն հենց այնպես չէր տրվում գերմանական կայսրերին: Նրանցից յուրաքանչյուրը Իտալիա էր գնում թագ ստանալու մեծ զորքով: Օտտոն I-ը ինը տարի անցկացրեց Իտալիայում իր իշխանությունը հաստատելու համար: Սրբազան Հռոմեական կայսրությունում երկու հեղինակություններ կային՝ կայսրն ու պապը: Նրանք մշտապես պայքարում էին իշխանության համար: Օտտոն I-ը պաշտպանում էր եկեղեցու շահերը, սակայն միաժամանակ իրեն հպատակեցրեց պապին և նրա իշխանությունը ծառայեցրեց կայսրության շահերին:

Սրբազան Հռոմեական կայսրության ամբողջ պատմությունը անվերջ ներքին պայքարի պատմություն է` կայսրերի և իրենց անկախությունը պահպանել ցանկացող ֆեոդալների, աշխարհիկ և եկեղեցական իշխանության, իսկ հետագայում կաթոլիկների և բողոաքականների միջև: Սակայն բազմադարյա քաղաքական միությունը չէր կարող չհանգեցնել նաև բնակչության մշակութային սերտ առնչությանը: Կայսրության միջուկը միշտ կազմում էին գերմանական հողերը: Դրանց բնակիչները, որոնք խոսում էին ազգակից լեզուներով, շատ նման էին կենցաղով և ավանդույթներով, որոնք միավորված էին ոչ միայն կայսերական իշխանավորների վարչական իշխանությամբ այլև քրիստոնեական կայսրության հոգևոր գաղափարներով հետզհետե սկսեցին գիտակցել, որ իրենք միասնական գերմանական ազգ են:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
334 reads | 25.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com