ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ. ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ







Իրանի Իսլամական խորհրդարանի 7-րդ եւ 8-րդ շրջաններում որպես իրանահայության պատգամավորներ ժողովրդի վստահության քվեին արժանացան ճարտարագետ Գեորգ Վարդանն ու տնտեսագետ Ռոբերտ Բեգլարյանը:
 
Իրանահայ ընտրազանգվածները իրենց վստահության քվեն ուղղեցին միանգամայն Երիտասարդական շնչով ու ավյունով լիցքավորված մեր երկու հայորդիներին եւ իրավամբ պետք է ընդգծել, որ այդ վստահությունը արդարացվեց երկուստեք թե ընտրողների եւ թե ընտրյալների կողմից:
 
Ինչպես մինչ այդ աշխատող փորձառու պատգամավորները, 7-րդ եւ 8-րդ շրջանի մեր երիտասարդ պատգամավորները իրենց վստահված ժողովրդական մանդատը ծառայեցրին նույն ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը եւ խոշոր տոկոսով դրանք իրականացրին միասնական, համախորհուրդ ու համատեղ ջանքերի շնորհիվ:
 
Միջանկյալ պետք է այստեղ արձանագրենք, որ ավելի քան մեկ տասնյակ հիմնական ձեռքբերումների կողքին, մեր երիտասարդ պատգամավորները ողջ իրանահայության հետ միասին ապրեցին երկու աննախադեպ ցավագին աղետներից բխող պահեր, կապված Արեւմտահայաստան ճամփորդած իրանահայ զբոսաշրջիկների ավտովթարի եւ Թեհրան-Երեւան չվերթի ողբերգական պատահարների հետեւանքով ավելի քան վեց տասնյակ իրանահայերի դառնաղետ կորուստներին..., ներառյալ նախորդող 6-րդ շրջանի պառլամենտի պատգամավոր եղերամահ դոկտոր Լեւոն Դավթյանի:
 
Ինչեւէ, թվարկենք նաեւ պատգամավորներ Գեորգ Վարդանի եւ Ռոբերտ Բեգլարյանի թե առանձին եւ թե համատեղ գործունեության արդյունքում իրանահայ համայնքի օգտին գրանցված հասարակական, ազգային, իրավա-քաղաքական ու կրթա-մշակութային հիմնական ձեռքբերումները, որոնք, ինչ խոսք մշտապես ուղեկցվելու են երախտագիտության զգացումներով.-
 
Ահավասիկ՝
-Հայոց դպրոցների նյութական հատկացումը,
-«Արարատ» մարզավանի նկատմամբ «Ասթանէ Ղոդս» վերպետական հիմնարկի հավակնությունների փարատումը,
-«Սիփան» միության շինարարական աշխատանքներում պետական մարմինների ներգրավումը,
-Ապահարզանի եւ ընտանեկան հարցերի ուղղությամբ մեր ազգային ու համայնքային սեփական դատա-իրավական նորմերի կիրառումը,
-«Արարատ» ֆուտբոլային խմբի օգտին համապատասխան մարմինների նյութական օժանդակության ապահովումը,
-Կրոնական եւ ազգային մեր կառույցների կոմունալ վճարումների չեղարկումը,
-«Րաֆֆի» համալիրի վարձակալման պայմանագրի վերագործարկումն ու ֆուտբոլի դաշտի կանաչապատումը,
-Տրանսպորտի նախարարի հարցապնդումն ու այդ գծով ռուսական «Տոպոլով» օդանավերի իրանական թռիչուղիներից բացառումը,
-Եւ արդեն քաղաքական ավանդույթ դարձած Հայոց համազգային պահանջատիրության ուղղությամբ դրական ու հայամետ կեցվածքների ապահովումը. զորօրինակ՝ Ռաշտ քաղաքի պատգամավորի (հոգեւորական) մեջլիսի ամբիոնից Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ողջ հայությանը ցավակցելը:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
748 reads | 24.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com