«ԲԱՐԵԿԱՐԳՉԱԿԱՆ 6-ՐԴ ՄԵՋԼԻՍԸ» ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








«....Կրոնական փոքրամասնությունների արտագաղթի պատճառներից են խտրականություն առաջացնող օրենքները, որոնք անհուսություն եւ աշխատանքային ու հասարակական բնագավառներում անապահովության զգացում են առաջացնում կրոնական փոքրամասնությունների մոտ...»:

Վերոգրյալ մեջբերումը 2003-ի  ապրիլի   16-ին իրանական պառլամենտում արտասանած ճառի մի հատվածն է Թեհրանի եւ հյուսիս. իրանահայության մեր եղերաբախտ պատգամավոր դոկտ. Լեւոն Դավթյանի, որը շատ ու շատ առաքինությունների կողքին, օժտված էր նաեւ շիտակ ու համարձակ խոսքով...:
 
Ահավասիկ, «6-րդ մեջլիս»-ում (2000-2004), որը հայտնի է որպես «Բարեկարգչականների խորհրդարան», իրանահայությունն օժտված էր նույնպես Սպահանի եւ հարաւ. շրջանի պատգամավորով, ի դեմս Ժորժիկ Աբրահամյանի:

Երկրի ներքաղաքական, այսպես ասած՝ ժամանակի վարակիչ ու թեժ խմորումները, պայմանավորված՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցություններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամավորներին, որոնք  էլ գիտակից իրենց առաքելության, մշտապես դրսեւորեցին սկզբունքայնություն, եւ հավասարակշռված կեցվածք՝ հանուն Իրանի ու հինավուրց իրանահայության շահերի, հեռու միջխմաբկցային ամբոխավարական էժանագին աճպարարություններից:

Եւ այսպես, իրանահայությունն ներկայացնող ու նրա իրավունքներն ու շահերը հետապնդող մեր զույգ պատգամավորների քառամյա եւ որ կարեւոր է, համատեղ ջանքերի շնորհյու ապահովվեցին-հաստատվեցին հետևյալ իրավունքներն ու դրանց համապատասխան օրինագծերը, որոնք դրոշմվեցին օրենսդրական ատյանի վավերագրերում: Ահա, մի քանիսը այդ իրավական ձեռքբերումներից.-

-«Դիէ»-ի (արնագին) հավասարեցում մուսուլմանի թե ոչ-մուսուլմանի,
-Պետական տարեկան բյուջեից հատկացում կրոն. փոքրամասնություններին,
-Պետական հաստատություններում (ի մասնավորի ուսումնադաստիարակչական) կրոն. փոքրամասնությունների աշխատանքի արտոնություն:


Իսկ հատկապես որպես քաղաքական ձեռքբերում, եւ դարձյալ մեր պատգամավորների համատեղ (անկախ նրանից, թե որի նախաձեռնությունն է եղել) ջանքերի արդյունքում՝ առաջին անգամը լինելով իրանական պառլամենտին է ներկայացվել մի օրինագիծ, որով առաջարկվում էր Ապրիլի 24-ը ճանաչելու որպես Հայոց Ցեղասպանության օր: Իսկ միայն այն երեւույթը, որ օրինագիծը ստորագրել են Իսլ. մեջլիսի 32 պատգամավորներ, կարելի է բնութագրել աննախադեպ:

Մի ձեռքբերում, որի հենքի վրա թե հաջորդող պատգամավորները, եւ թե առհասարակ իրանահայության ազգային համընդհանուր պահանջատիրությունը նորանոր ձեռքբերումների ուղիներ հարթեցին:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
769 reads | 17.02.2016
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com