ԻՐԱՔ-ԻՐԱՆ 8-ԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ







Դեռեւս Իսլամական հեղափոխությանը հաջորդող տարվան՝ 1980 թվականից սկսած՝ Իրանի դեմ սադդամական պարտադրյալ պատերազմի առաջին քառամյան համընկել էր Իսլամական մեջլիսի Ա նստաշրջանի 80-84 թթ.-ին: Խորհրդարանի հայ պատգամավորներ Հրայր Խալաթյանն ու դոկտ. Հրաչ Խաչատրյանը, բնականաբար, Իսլ. հեղափոխության ամենեւին նոր կարգուսարքին իբր արդյունք՝ կրթական-դպրոցական ոլորտներում առաջացած դժվարությունները (հատկապես Թեհրանի ու հյուսիսային շրջանի մասշտաբով) հաղթահարելուն զուգընթաց, աստիճանաբար դեմ-հանդիման էին կանգնում ինչպես ողջ երկրի, այնպես էլ իրանահայությանը ներազդող պատերազմական անխուսափելի պայմաններին:

Պատերազմական հենց առաջին ամիսներին իրանահայությունը պարտավորվեց ծանրակշիռ գին վճարել՝ պատերազմի կիզակէտում գտնվող Խուզիստանի ամենահարավային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների՝ Ահվազի ու Աբադանի հայության գրեթե ամբողջական պարպմանը..., դեպի կենտրոնական՝ Սպահանի, Թեհրանի եւ հյուս. շրջաններ փախստականների հոսքով:

8-ամյա պատերազմական երկրորդ քառամյա, սակայն, իրանահայության համար նշանավորվեց նաեւ ու մանավանդ մարդկային կորուստներով, որոնք հանուն Իրանի ինքնիշխանության ու հողային ամբողջականության՝ նահատակների մի հսկա փաղանգ ժառանգեցին սեփական համայնքին ու երկրին, որոնցով իրանահայությունը բազմապատկեց Իրանի թե պետական, եւ թե հասարակական լայն խավերի մոտ մինչ այդ վաստակած հարգանքն ու արժանապատվությունը...:

Իրանական հողը պաշտպանող հարյուրավոր հայ զինվորագրյալների նահատակության, հաշմանդամ-վիրավոր-առեւանգվածների ու անհետ կորածների կողքին, սակայն, իրանահայությունը նվիրաբերեց իր արհեստա-արդյունաբերական մտքի ու բազկի ամբողջական կարելիությունները, որոնց արհեստագիտական ու մեքենաշինական (ընդ որում ռազմատեխնիկական) հմտությունների ու հնարամտության շնորհիվ, երկրի զինուժերը հնարավորություն ունեցան պատերազմը հաղթական ավարտի հասցնել:

Իսկ մինչ օրս երախտավոր Իրանի ժողովրդի ու հատկապես պետական ու քաղաքական շրջանակների մոտ իրանահայության օգտին դրական վարկանիշի ապահովման գործում իրենց անհերքելի ու անմնացորդ ներդրումն են ունեցել մեր հաջորդական պատգամավորներ ճրգտ. Վարդան Վարդանյանը (հյուս. շրջ.) եւ Արտավազդ Բաղումյանը (հարաւ. շրջ.), որոնք 4 անընդմեջ նստաշրջանների համար վաստակելով իրանահայության լիարժեք վստահությունը՝ օրենսդիր ամենաբարձր ատյանի հնարավորություններն ի սպաս են դրել իրանահայության իրավունքների պաշտպանմանը՝ ինչպես ազգային, կրթական, իրավական ու քաղաքական օրախնդիր բազմապիսի ոլորտներում, այնպես էլ պարտադրյալ պատերազմի ծանրագույն տարիներին, երբ մշտապես ուղեկցել են պարբերաբար պատերազմական ճակատ շտապող մեր ազնյու արհեստավորների պատվիրախմբերին:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1167 reads | 15.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com