ՀՐԱՅՐ ԽԱԼԱԹԵԱՆ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԵՋԼԻՍԻ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻՆ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








-«Պրն. Խալաթեան, այս խոսքերը ձեր անձնական պատասխանատվությա՞մբ եք ասում...»։
-«Այո, պրն. նախագահ, իմ անձնական պատասխանատվութեամբ եմ ասում»...


...1981 թ․ ԻԻՀ Մեջլիսի նիստերից մեկի ընթացքում երբեմնի հզոր ու ազդեցիկ նախագահ Ռաֆսանջանին խորհրդարանի բարձր ամբիոնից արտասանած հայ խիզախ պատգամավոր Հրայր Խալաթեանի հետևյալ խոսքերն էր, որ փորձել  է ընդհատել..., սակայն, վերջինս մնացել է անդրդվելի:

- «Սիրելի պատգամավորներ,- դիմելով գործընկերներին, հայտարարել է Հրայր Խալաթեանը,- այս պահին իսկ, երբ մենք այստեղ նստած ժողով ենք գումարում մեր երկրի կարիքների, բարիքների եւ ապահովության համար, ճիշտ այս պահին ՆԱՏՕ-ի անդամները մեր արեւմտյան սահմաններում (Իրան-Թուրքիա սահմանամերձ շրջաններում- Դ. Մ.) ռազմափորձ են իրականացնում՝ մեր երկրի անվտանգությանն սպառնալով...»՝ միաժամանակ ակնարկելով այդ ռազմափորձում Թուրքիայի դավադիր մասնակցությունը:
Իր համարձակ հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց Հրայր Խալաթեանը ձախորդ մահափորձի է ենթարկվում..., քաղաքական մեկնաբանների կարծիքով, թուրք գործակալների կողմից...:

(Մասնակի մեջբերումները արվել են 1988թ․ օգոստոսի 18-ի «Ալիք»-ում տպագրւած՝ «Արվեստասեր, հրապարակագիր դիվանագետը» վերտառությամբ հոդվածից, գրող, թերթիս հավատավոր ու վաղեմի բարեկամ Աղասի Հովհաննիսյանի հեղինակությամբ):

Սիրելի ընթերցող, մեզ ու երեւի նաև ձեզ համար վերոգրյալ հիշարժան դրվագը համահունչ է ներկայիս ներքաղաքական ու ներհամայնքային առօրյա պահերին, երբ գտնվում ենք համապետական ու համայնքային մասշտաբներով խորհրդարանական ընտրությունների շեմին:

Հիշելով Հրայր Խալաթեան մարդուն, մտավորականին, քաղաքական-գաղափարական խիզախ հայորդուն, ակամա վերահաստատում ենք մեր այն համոզումը, որ նրա հետնորդ ու դեռ գալիք հայ պատգամավորները շարունակել ու շարունակելու են միևնույն ոգով ու սկզբունքայնությամբ ուղի հարթել Իրանի ու իրանահայ հասարակա-քաղաքական, իսկ տվյալ դեպքում՝ պառլամենտական ծանրակշիռ ու պատասխանատու ասպարեզներում։
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1174 reads | 11.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com