ԻՐԱՆԻ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








Դեռևս մինչ Իսլամական հեղափոխությունը, Իրանում որպես լիարժեք ինստիտուտ կուսակցական համակարգ-մշակույթ ձևավորված չի եղել: Եղածներն էլ, լավագույն դեպքում եղել են անվանական ու գովազդել են լոկ թագավորական-իշխանական արքունիքին: Ի հակադրություն այս վերջինի, (եւ ոչ միայն), Իրանում տասնամյակներ շարունակ «ընդհատակյա» գործունեություն է ծավալել «Թուդէ» (զանգված- մասսա) կուսակցությունը, որն էլ 100 տոկոսանոց ագենտային սպասարկություն է մատուցել Խորհրդային Միության գաղափարա-քաղաքական քարոզչությունը տարածելու համար: Եվ նույն պատճառով էլ Իրանի հետհեղափոխության առաջին տարիներին վատահամբավ «Թուդէ» կուսակցությունն ու նրա տարատեսակ արբանյակները ամբողջովին կազմաքանդվեցին ու չքացան Իրանի քաղաքական երանգապնակից:

Հպանցիկ վերոգրյալ ակնարկը նետեցինք՝ փաստելու համար, որ առհասարակ իրանական  հասարակայնության (հատկապես կրոնական) մոտ մշտապես առգոյ է եղել հոգեբանական բացասական այն նստվածքը, որով կուսակցություն ու կուսակցականություն հասկացությունները լավագույն դեպքում արժեւորվել ու գնահատվել են որպես Արեւմուտքից ներմուծված մշակույթ, որն էլ իբր կոչված է եղել խարխլելու երկրի ու ժողովրդի ուրույն ավանդույթները:

Մեկ խոսքով՝ Իրանում կուսակցություններն ու կուսակցական ինստիտուտների ձեւավորման-կայացման պրոցեսը, 37-ամյա  քաղաքական ծանրակշիռ փորձառությամբ հանդերձ դեռեւս երկար ճամփա ունի կտրելիք, որը, դատելով երկրի գաղափարա-քաղաքական համընդհանուր ուղղությունից՝ Իսլ. համակարգից, երեւի պետք է արդարացված համարել:

Ահավասիկ, Իրանի անցյալ 36-ամյա պառլամենտական հոլովույթը նշանավորվում է ոչ ավել-ոչ պակաս քան ապակուսակցական միավորներով, անհատներով ու ներկայացուցչություններով ձեւավորված խորհրդարանական ընտրություններով: Անցյալ բոլոր 9-ը նստաշրջանների ընտրություններում ներգրավված են եղել լոկ խումբ-խմբակցություններ, հոսանքներ-թեւեր, դաշինք-համախմբումներ, որոնց խոշոր տոկոսը նույնիսկ խորհրդարան մուտք գործելուց հետո ենթարկվել են նորանոր կոտորակումների:

Եղել են մինչեւ իսկ խորհրդարանական այնպիսի թեժ ընտրապայքարներ, երբ, զորօրինակ բարեկարգչականների ընդհանուր ճամբարից (եւ հետաքրքիր է՝ որպես կուսակցություններ հանդես եկող) շուրջ երկու տասնյակի հասնող խմբակցություններից եւ ոչ մեկն այսօր, որպես այդպիսին թեկնածուական հայտ չի ներկայացրել առաջիկա 10-րդ խորհրդարանի ընտրություններին:
Իրավիճակը քիչ-շատ նույնն է եւ պահպանողականների ճամբարում, որտեղ չափավորը մերթ վերածվել է արմատականի կամ ծայրայեղականի եւ մերթ վերածվել, ինչքան էլ զարմանալի, բարեկարգչականի:

Եւ այսպես՝ ամիսներ ի վեր իրանական ներքաղաքական կյանքում, ու հատկապես «Մեջլիսի» մոտալուտ ընտրությունների շեմին, ակնբախ են դառնում այդ ճամբարային ու միջխմբակցային տարուբերումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում էլ «օրինաչափորեն» ձեւավորվելու է համապատասխան ճամբարային ու ապակուսակցական հերթական պառլամենտը:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
595 reads | 10.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com