ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ



մաս 4-րդ




1979 թվականից հետո, Իսլամական հեղափոխության արդյունքում երկրի մակարդակով համակարգային փոփոխությունները՝ պետական թե քաղաքական ինստիտուտների վերաձևումներով պայմանավորվեցին:
 
Իսլամական խորհրդարանը հանդիսացավ այն ինստիտուտը, որի ձեւավորման ու առհասարակ ընտրական հոլովույթում աշխուժորեն ներգրավվեց հասարակայնությունը:
 
Իրանահայ հասարակական տարբեր խավերը ևս ակտիվորեն ներգավվեցին քաղաքական նոր համակարգին ինտեգրվելու բարդ գործընթացներին, իրենց տեղն ու դիրքը նոր համակարգում գտնելու առումով: Այդ ճամփին, սակայն, որպես քրիստոնեական ամենախոշոր համայնք ու միավոր, հայկական ազգային-եկեղեցական, հասարակական ու քաղաքական կառույցների կողքին մեծ ճիգ ու ջանք ներդրեցին իրանահայ պատգամավորները Իսլամական խորհրդարանում:
 
Անցնող 37 տարիների ընթացքում իրանահայության զույգ հատվածներ՝ Թեհրանի եւ հյուսիսային ու Սպահանի եւ հարավային շրջաններից, Մեջլիսում ծանրակշիռ ու պատասխանատու դերակատարություն ստանձնեցին իրանահայ 9-ը պատգամավորներ, հետևյալ հերթականությամբ.-
 
Թեհրանի և հյուսիսային շրջանից՝ Հրայր Խալաթեան, Վարդան Վարդանեան (4 նստաշրջան), դոկտ. Լեւոն Դավթեան, Գեորգ Վարդան (2 նստաշրջան) եւ դոկտ. Կարեն Խանլարեան:
 
Իսկ Սպահանի եւ հարավային շրջանից՝ դոկտ. Հրաչ Խաչատրեան, Արտավազդ Բաղումեան (4 նստաշրջան), Ժորժիկ Աբրահամեան եւ Ռոբերտ Բեգլարեան (3 նստաշրջան):
 
1980-ական թվականներից մինչ օրս, ահա, մեր պատգամավորները, յուրաքանչյուրը դիմագրավելով երկրում բնական թե արհեստական պայմանների բերումով առաջացած հասարակա-քաղաքական իրավիճակում հարափոփոխ դժվարություններ,  փորձել են բարձր պահել ու պատվարժանորեն առաջ տանել իրանահայ հինավուրց համայնքի 100-ամյակների ընթացքում վաստակած հարգանքն ու հեղինակությունը:
 
Ավելի քան 3,5 տասնամյակի ընթացքում մեր  պատվարժան պատգամավորների դիմագրաված խնդիրների լոկ վերնագրային թվարկումը ինքնին վկայելու է այն մասին, թե ինչ ծանրակշիռ հանգամանք են իրացրել նրանք՝ հանուն սեփական համայնքի ողջ անդամների ու տարատեսակ միավորների իրավունքների պաշտպանմանն ու ձեռքբերմանը (հատկապես առաջին տասնամյակում, երբ ողջ երկիրը գտնվում էր պատերազմական աննախանձելի իրավիճակում...):
 
.... Եվ հենց սկզբից հիշենք՝ հայոց դպրոցների, կրոնի ու հայոց լեզվի դասավանդման հարցերի հետ կապված կնճռոտ խնդիրները, որոնք հայ հասարակայնության լայն զանգվածների մոտ խոր մտահոգությունների տեղիք տվեցին, իսկ դրանցից բխող՝ մինչեւ իսկ քաղաքական հետապնդումներն ու սահմանափակումները փարատելու մեր պատգամավորների ջանքերը անպակաս եղան...:
 
Կամ հիշենք երկարուձիգ տարիների ընթացքում ազգային ու կրոնական փոքրամասնություններին հատուկ՝ ավանդույթների, հավաքների, ծեսերի, իրավական ու դատական- ժառանգական բազմապիսի իրավունքների օրենսդրական պատշաճեցումների գծով վիթխարի ժամ ու էներգիա սպառած՝ մեր պատգամավորների ներդրումները, որոնց արդյունքում քայլ առ քայլ  հաղթահարվել կամ նվազագույնի են իջեցվել թվարկած դժվարությունները:
 
Հայ Դատի իրողություններին գործընկեր պատգամավորներին առնչակից դարձնելն ու Իրան-Հայաստան կապերի զարգացման խրախուսումը, ահա, եղել է մնայուն պարտավորություն մեր պատգամավորների մոտ:
 
Վերջին տարիներին, սակայն, ի համեմատ երկրի հասարակա-քաղաքական զարգացման տեմպերի, մեր պատգամավորները ոչ միայն որպես  կրոնական համայնքի ներկայացուցիչներ, այլեւ իբրեւ քաղաքացիական հասարակայնության ուրույն միավորի շահերի ու իրավունքների պաշտպան են հանդես գալիս, այդ ճամփին թե օրենսդիր, եւ թե համապատասխան մյուս ատյանների շրջանակներում առաջ մղելով մեր ուրույն համայնքի տնտեսա-ֆինանսական կարողականության բարձրացման հանգամանքը:
 
Իսկ սա, երևի կենսագործելու առավել դրական հեռանկարով է կարող ուրվագծվել, հաշվի առնելով Իրանի հետպատժամիջոցային պայմաններից բխող նպաստավոր տեղաշարժերը, որոնց համատեքստում էլ սպասելի է աշխույժ գործունեության ծավալումը՝ ապագայի մեր զույգ պատգամավորների կողմից:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
923 reads | 08.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com