ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐԶ ՈՒ ԱՆԿԵՂԾ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉՔԵՐՈՎ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ







Իրանահայ ընթերցողին արդեն պարզ դարձավ, որ Սպահանի և հարավային իրանահայության երեք անընդմեջ նստաշրջանների պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը 12-ամյա պառլամենտական գործունեությունը ինքնակամորեն դադարեցնում ու այդ հույժ պատասխանատու հանգամանքը ստանձնելու ազնիվ առիթ է ընձեռում մյուս թեկնածուների համար:
 
Որպես լրատվամիջոց ու օրաթերթ՝ Թեհրանի «Ալիք»-ը բազմաթիվ պահեր ու առիթներ է ունեցել հաղորդելու Բեգլարյանի լրատվական-մեկնաբանական, թղթակցային-ասուլիսային, հարցազրույցների եւ դասախոսական ելոյթները: Եվ խոստովանենք, որ տպավորությունը, մեր, որպես մամուլի, եղել է միանշանակ դրական՝ բանիմացության և միևնույն ժամանակ ազնվության, համեստության յուրօրինակ բաղադրիչների լիցքով: Վստահ ենք, որ նման նկարագրից ելնելով՝ մեր թանկագին հայորդին չէր ցանկանա «մամուլի այսպիսի կոմպլիմենտներ», բայցեւայնպես համոզված ենք, որ իրերը պետք է հենց իրենց անվամբ կոչել:
 
12-ամյա պառլամենտական բարձր ինստիտուտում կուտակած վիթխարի փորձառությունը, ինչ խոսք, ամուր պատվանդան է հանդիսանալու Ռոբերտ Բեգլարյանի համար, որպեսզի իր հանրօգուտ ու ազգանվեր ծառայություններն ու անմնացորդ ներդրումները բազմապատկելու հնարավորությունն ունենա, հօգուտ թե իր փայփայած հինավուրց իրանահայ համայնքի եւ թե ավելի ընդգրկուն՝ Հայաստան-Իրան բարեկամական փոխհարաբերություններին առավել դինամիկ ընթացք հաղորդելու համար:
 
Իսկ վերոնշյալ բնագավառներում պարոն Բեգլարյանը թե որպես պատգամավոր եւ թե որպես քաղաքացիական ու համայնքային միավոր, լիարժեքորեն համագործակցության կամք է դրսեւորել ինչպես իրեն պատկանած շրջանի ազգային, համայնքային, հասարակական-պետական մարմինների, այնպէս էլ մայրաքաղաք Թեհրանի նույնանման կառույցների ու միավորների հետ: Եվ չենք կարող, սակայն, չընդգծել Ռոբերտ Բեգլարյանի հայրենասիրական եւ մասնավորաբար ազգի արդարագույն դատի ու պահանջատիրության  մղումների առկայծումները, սկսախ ԻԻՀ խորհրդարանի բարձր ամբիոնից հնչեցրած ելույթներից, ընդհուպ մինչև ոչ հայ գործընկեր պատգամավորներին հայոց արդար պայքարի մարդկային, պատմական ու քաղաքական հիմնադրույթներին առնչակից դարձնելը, որոնք կատարվում էին թե կենդանի շփումների եւ թե, ասենք, «ՀՈՒՍԿ» հաստատության ու հատկապես «Պայման» պարբերականի հետ գործակցելու արդյունքում:
 
Թող հարգարժան Ռոբերտին այսպես ասած «հրաժեշտի խոսքեր» բնավ չբնութագրվեն այս սյունակի գրառումները:
 
Բնութագիրը լոկ վարձքդ ի կատար մաղթանքն է ու ապագայի հաշվին նրա ու մեր համայնքի համար նորանոր նվաճումների անկեղծ փափագը, քանզի քաջ գիտակցում ենք, որ Ռոբերտ Բեգլարյանը վիթխարի փորձառությամբ, նոր ավյունով ու խրախուսիչ պաշարով ի զորու է կրկնապատկել-բազմապատկել իր ազնիվ, համեստ և որ կարևոր է, արգասաբեր ծառայութիւնը սեփական համայնքին ու ժողովրդին:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1057 reads | 01.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com