ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








1- Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին անցյալ շաբաթ (հունվարի 18-ին) լոնդոնյան այցի ընթացքում դիմավորեցին նախ անգլիացի գործընկեր Կամերոնը, ապա լոնդոնաբնակ քուրդ ցուցարարները, որոնք մեկ անգամ եւս հիշեցրին թուրքական իշխանությունների ցեղասպանական ոճիրների մասին:
 
Քուրդ ցուցարարների բողոքին չառերեսվելու համար, սակայն, նեոօսմանիզմի գաղափարախօսը ստիպված Դաունինգ Սթրիթ 10-ի «բրիտանական Բաբը Ալի»-ի (Բարձրագույն դուռ, իշխանական պալատ) հետնամուտքի «ստորին դուռից» է հեռացել:

2- Նույնիսկ հեռակա կարգով Թուրքիայի իշխանավորներին դիպչելուց խուսափող ԱՄՆ պետայրերի «պրոտոկոլը» խախտելու համարձակ քայլի է դիմել նախօրէին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջօ Բայդենը: Վերջինս, հենց Անկարայում Դավութօղլուի հետ մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում մարդկային իրավանց (համալսարանական տասնյակ դասախոսների ձերբակալումը) եւ մամուլի ու ինտերնետի սահմանափակումները, ընդգծելով, որ.- «Նման կեցվածքներով Թուրքիան չի կարող համարվել օրինակելի՝ այդ կարգի ազատությունների համար»:

.... Որտեղից որտեղ, բայց Բայդենի այդ հայտարարություններից հետո էր, որ նախագահ Էրդողանը հայտարարեց.- «Ջո Բայդենի հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթույլատրելիության մասին...: - Մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնվի,- հոխորտացել է Էրդողանը:

3- Ամերիկացի տեսաբան-քաղաքագետ Նուամ Չամսկին, որը ավելի քան հազար մտավորականների հետ ստորագրահավաքով քննադատել ու բողոքել էր Թուրքիայի իշխանությունների կողմից քրդաբնակ շրջանների դեմ  շարունակվող բռնությունները, «արժանացել է» Էրդողանի հակահարվածին: Թուրք նախագահը ստորագրողներին անվանել է «տգէտ, դավաճան, մի բուռ այսպես ասած մտավորականներ եւ ... խավարամիտ»:

Չամսկին եւս պարտավորվել է կրկին անգամ բնութագրել թուրքական քաղաքականությունը «Ալ Ջազիրա» լրատվացանցին տված զրույցի ընթացքում: Հարցին, թե ինչպես եք բնութագրում Թուրքիայի քաղաքականությունը, Չամսկին ընդգծել է. «Դա կատարյալ ոճրագործություն է..., Թուրքիան մի կայացած բռնատիրություն է ու այժմ մտադրված է վերականգնել նախորդ դարի իր ահավոր քաղաքականությունը»:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1280 reads | 25.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com