ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՑ՝ ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆ. ՊՈԼՍԱՀԱՅ ՄԵՐՕՐՅԱ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐԸ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






Հունվարի 19-ին լրանում է պոլսահայ խիզախ մտավորական, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նահատակության 9-րդ տարին:
 
Ցեղասպանների ժառանգորդները արդեն 9 տարի եղերաբախտ հայորդու հիշատակը պղծում են, իրենց իսկ յատուկ «դատա-իրավական» իմիտացիաներով՝ ինչպես միշտ համոզված լինելով, որ ժամանակի սահանքը քողարկելու եւ մոռացության է տալու իրենց անբարո կենսագրությանը մշտապես ուղեկից խարանը...
 
Ցեղասպանը այնուհետեւ «պատահական գնդակի» զոհասեղանին գամեց պոլսահայ երիտասարդ զինծառայող Սեւակ Բալըքչիին, կիրառելով միևնույն «արդարադատական» հնարքներն ու երիցս ապացուցելով հայատյաց պետական իր նկարագիրը:
 
Իսկ նույն համատեքստում պետք է դիտարկել նաև պոլսահայ գրականագետ Սևան Նշանյանի սադրիչ դատապարտումն ու բանտախուցերում նրա ազգային պատկանելությունը նվաստացնելու և մարդկային ամենատարրական իրավունքները ոտնահարելու նեո-օսմանցիների ջղաձգությունը:
 
Հայատեացության խարանը իբր շրջանցելու դավութօղլուական հնարքը՝ պոլսահայ Մահչուբյանին խորհրդական կարգելու խնդրում, սաղմում իսկ տապալվում է, երբ նույնինքն վարչապետի հայ խորհրդականը ամենադույզն ակնարկն է նետում հայ եւ թուրք պատմական ցավոտ անցյալին.... ու անմիջապես ազատվում խորհրդականի պաշտոնից:
 
Ահավասիկ, ցեղասպանը մեծագույն «հանդուրժողությամբ» իր «մեջլիսից» ներս է ընդունում հայ պատգամավորների ու «ըմբռնումով» մոտենում նույնիսկ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի մեջլիսի ամբիոնից աննախադեպ հայերէն «բարեւ ձեզ» դիմումին...
 
Ցեղասպանը, սակայն, շատ շուտ բացահայտեց իր «հանդուրժողական» լարախաղացությունը, երբ հենց օրերս «մեջլիսի» խիզախ հայորդու հաջորդական ելույթներում հնչած քրդամետ ու հատկապես հայամետ հայտարարություններին որպես հակադարձություն, գործի լծեց ազգայնամոլների  հայատյաց ու քրդատյաց ողջ զինանոցը՝ պատմական թե արդիական ողջ իրականությունները նենգափոխելու արդեն բոլորին ծանոթ հերյուրանքներով:
 
Կարո Փայլանի քրդամետ կուսակցապետ Դեմիրթաշին արդեն ցեղասպանների ժառանգորդները հասցրել են դավաճանի պիտակով ճնշումների ենթարկել: Հետևաբար, բացառված էլ չէ, որ «չափերն անցած» հայ պատգամավորի (մեղմ ասած) լիազորությունները վար առնելու հայատյացների սադրանքների ականատեսը լինենք հաջորդիվ:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1967 reads | 19.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com