ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






Իրանի նախագահ Ռոհանիի նախընտրական կարելի է ասել գլխավոր ու առանցքային խոստում-ծրագիրը՝ ապաշրջափակված ու ապամեկուսացված Իրանը 2016թ. հունվարի 17-ին լիարժեք իրականություն դարձավ:
 
ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության ու ԱՄՆ-ի  սանկցիաների եզրագիծն հատած Զարիֆ - Մոգերինի հայտարարության օրը՝ 2016 թ հունւարի 17-ը, իրավամբ բնութագրելի է որպես պատմական:
 
Միջուկային խաղաղասիրական Իրանի համբերատար, բայց հարատեւ դիվանագիտության հաղթանակը, անշուշտ վիթխարի ճիգ ու ջանք և ծանրագույն գին պահանջեց թէ ներքին, եւ թէ հատկապես արտաքին քաղաքական բեմահարթակում: Իսկ այդ բոլորին դիմագրավելու եւ հաղթականորեն հանգուցալուծելու գրավականը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական համընդհանուր մտածողության ու դրա հիմքում  ամրագրված՝  2500-ամյա պետականության անկասելիորեն պահպանման երաշխիքը:
 
Երաշխիք, որի առջեւ ներքին անցողիկ իշխանական, խմբակցային, աջակողմյան թե ձախակողմյան, բարեկարգչական, թե պահպանողական հոսանքների մտամարզանքերն ու մրցակցությունները մշտապես զիջել ու նահանջել են:
 
Միևնույն օրինաչափությամբ արտաքին ճակատում, 37-ամյա իշխանական նոր համակարգ նվաճած Իրանին մեկուսացնելու միտող տարածաշրջանի նավթային, թե ռազմա-քաղաքական ու տնտեսական արհեստականորեն ուռճացված գաճաճ ու խրտվիլակ երկրների դերակատարությունները սասանվելու մեծ ռիսկեր են պարունակում: Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի  վերադարձով:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
700 reads | 17.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com