ԻՐԱՆԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽՈՅԺ ՄԵԿՆԱՐԿԸ. ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է 10 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






Արդէն Իրանի Ներքին գործերի նախարարութիւնը պաշտօնապէս յայտարարել է ինչպէս Բանիմացների ժողովի (Խոբրեգան), այնպէս էլ խորհրդարանի ընտրութիւնների համար թեկնածուական յայտ ներկայացրածների քանակական թւի աճի մասին: Նոյն պաշտօնական յայտարարութեան համաձայն՝ Բանիմացների ժողովի համար աւելի քան 800, իսկ խորհրդարանական 10-րդ նստաշրջանի համար աւելի քան 12.000 թեկնածուներ են արձանագրւել:
 
Անկախ նրանից, թէ հիմնական օրէնքի Պահապան խորհրդի ֆիլտրից յայտագրւածներից քանիսն են մրցակցութեան փուլ թեւակոխելու, ուշագրաւ հանգամանք է նախորդող երկու շրջանների համեմատ մեկնարկային մասնակցութեան ակտիւութիւնը, որն, ասենք, ակներեւ է եղել 6-րդ խորհրդարանի նախօրեակներին: Սա, անշուշտ, ուղղակիօրէն պայմանաւորւած է եղել ժամանակի ընտրախաւերի տրամադրութիւններով, որոնք կողմնորոշւեցին բարենորոգչական կառավարութեանը գործադիրին համահունչ խորհրդարանի ձեւաւորման օգտին:
 
Երեւի նոյն օրինաչափութիւնը գործելու է նաեւ այս շրջանի ընտրութիւններում, երբ ընտրողը փորձելու է նախորդ տասնամեակի պահպանողական-արմատական խորհրդարանը փոխարինել չափաւոր պահպանողական-բարեկարգչական խորհրդարանով, ուղեկցելու համար նոյնընթաց կառավարութեանը նախագահ Ռոհանիի գլխաւորութեամբ, որն մեծ հաւանականութեամբ 2017-ի ընտրութիւններում վերընտրւելու հեռանկար ունի:
 
Եւ անկախ առաջիկայ ընտրութիւններում մասնակցութեան բարձր ցուցանիշից, չափաւորական ու պահպանողական ճամբարների միջեւ բնական թէ արհեստական մրցակցութիւններից, Իրանի ժողովուրդը, ասել է թէ՝ նոյնինքն ընտրողը մշտապէս օժտւած է եղել այն գիտակցութեամբ, որով ցուցադրել է իր կամարտայայտութիւնը՝ Երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակներից ելնելով, ու դրանցից առաւել՝ համընդհանուր պետական ու ազգային շահերի համատեքստում: Իսկ ներկայիս, տւեալ շահերը թելադրում են, որ երկիրը իր բոլոր ներուժերով առաւել քան երբեւէ բացւի եւ ինտեգրւի համաշխարհային ընտանիքին, որի հակառակ ուղղութիւնը, յատկապէս նախորդող տասնամեակում, միեւնոյն տնտեսա-քաղաքական ոլորտներում ինչպէսեւ՝ շրջանային թէ միջազգային ասպարէզներում յետընթաց էր արձանագրել երկրի ու ժողովրդի հաշւին...
 
Ինչեւէ, համապետական ընտրութիւնների փուլ թեւակոխելու եւ մասնակցութեան ու ներկայութեան իր նոր փորձառութիւնն ի սպաս դնելու պարտաւորութեան առջեւ է կանգնած ինչպէս երբեւէ, իրանահայ հինաւուրց համայնքը: Եւ ընդհանուր ընտրական աշխուժութիւնից ելած ու դարձեալ նախորդող շրջանների համեմատ, այս շրջանում իրանահայ համայնքից (հարաւային եւ հիւսիսային) մօտ 10 թեկնածուներ են յայտագրւել խոհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար: Դա ինքնին ապացոյցն է այն համընդհանուր գիտակցութեան, որով իրանահայ քաղաքացին եւս համերկրացի միւս իրանցիների հետ չի խորշում երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած ամէն կարգի մարտահրաւէրներին ընդառաջ գնալու եւ իր սեփական բաժին-կարողականութիւնն ներդնելու պատասխանատու հանգամանքից:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
892 reads | 27.12.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com