ԴԱԷՇ-Ի ԿՆՔԱՀԱՅՐԸ՝ ՀԱԿԱԱՀԱԲԵԿԻ՞Չ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ





Իրան-Եվրոպա մերձեցման վերսկսված գործընթացը որակական նոր փուլ թեւակոխելու իրական ու մոտալուտ հեռանկար է պարզում, եւ որ նույն մերձեցումը ըստ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ «.... Նպաստելու է տարածաշրջանի անվտանգության բարելավմանը»:
 
Մոգերինին, որ ըստ իրեն, խոսում էր Եվրոպական բոլոր երկրների անունից, ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հետ մամլո համատեղ ասուլիսում նաեւ ընդգծել է. «Պարսից ծոցին եւ աշխարհին ուղղված իմ պատգամն այն է, որ միջուկային համաձայնությունը կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգության բարելավմանը»:
 
Պարզ է ու հստակ, որ թէ նույն Պարսից ծոցի, եւ թէ նույն աշխարհի որոշակի երկրներ, ինչպէս՝ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, միջուկային պատմական համաձայնության կապակցությամբ մինչեւ իսկ անթաքույց վերապահություն դրսեւորեցին, քանզի քաջ գիտակցում էին՝ համաձայնության արդյունքում, հատկապես տարածաշրջանի մակարդակով, իրենց դիրքերը ի հաշիվ Իրանի, մի քանի աստիճանով նահանջ է արձանագրելու: Իսկ արդեն փաստ է, որ միեւնույն դիրքերը տարածաշրջանի անվտանգությունը ինչպիսի աղետալի կացության են մատնել այսօր իսկ, երբ այդպիսով գերազանցապես ջուր են լցնում միջուկային համաձայնության ամենաոխերիմ հակառակորդ Իսրայելի ջրաղացին: Այլապես, Իրաքի, Սիրիայի, Եմենի եւ քրդաբնակ շրջանները քարուքանդ անող եւ ԴԱԷՇ-ի կնքահայրեր համարվող սաուդա-թուրքական պետական տեռորիզմը եթե ոչ Իսրայելի, ապա ո՞ւմ օգտին է շղթայազերծվել...:
 
Համընդհանուր այս խորապատկերի ներքո, ահա, ներքաղաքական ճգնաժամ ապրող Թուրքիան, կրկին անգամ «հակաահաբեկչական» պատմուճան հագնելով, ու մինչ երէկ «Քրդական հարցը լուծած» պսակավորի դափնիներով հղփացած, այսօր հակա-ԴԱԷՇ իմիտացիաներ է բեմականացնում՝ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կանաչ լույսն ու օրհնանքը չարաշահելով:
 
Թուրքիայի եւ աւելի ճիշտ՝ հեղինակազուրկ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցության նպատակը պարզ է ու մեկին՝ հակաքրդական նոր արշաւով՝

ա) սիրաշահել մրցակից ազգայնականների կուսակցութեանը՝ հաւանական կոալիցիա կառավարություն կազմելու համար, եւ
բ)  խորհրդարանական արտահերթ ընտրություններում թուլացնել քրդամէտ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության վարկանիշը, որի օգտին աննախադեպ քվեներն իսկ ձախողել էր Էրդողան-Դավութօղլու-ի կուսակցութեանը՝ միահեծան կառավարություն ձևավորելու համար:

Իսկ հանուն սրանց՝ Թուրքիան ինչպես միշտ, արհամարհել ու արհամարհելու է երեկվա բարեկամի, հարեւան երկրի եւ ընդհուպ՝ ողջ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու բարձրաստիճան եվրոհանձնակատարի ընդգծած անվտանգությունը:
 
Չէ՞ որ դա օկուպանտ «հանրապետության» (Թուրքիա) եւ ինչո՞ւ ոչ, բռնագրավող երկրի (Իսրայել) գոյատեւման երաշխիքն իսկ է...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
834 reads | 30.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com