ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՎՏԱՆԳԻ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՅԹԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






Հերթական անգամ Թուրքիայի սահմանապահների թողտվությամբ Սիրիայի քրդաբնակ շրջաններ ներխուժած ԴԱԵՇ-ականները անցնող մի քանի օրերի ընթացքում ջախջախիչ հակահարվածներ են կրել սիրիական և մասնավորապէս քրդական զինյալ ջոկատների կողմից:

Ներքին ճգնաժամ ապրող թուրքական իշխանությունները ներքաղաքական անկայուն իրավիճակը ուզում են փոխարինել «արտաքին վտանգիե քողածածկույթով:

Գործի են դրվել Էրդողան-Դավութօղլու հռետորաբանութիւնը՝ «Սիրիան Ասադից ազատելու» և «ահաբեկիչներին սաստելու» ցինիզմով:

Երկրից ներս քաղաքական կոալիցիա կազմելուց հուսալքված՝ թուրքական կառավարությունը բանակին հրահանգել է զինուժերը բարձր պատրաստվածության բերելու և սիրիական տարածքներ ներխուժելու համար: Բարձրաստիճան բանակայինները, սակայն, մերժել են նոր պատերազմ հրահրելու տկարացած կառավարության առաջադրանքը, զգուշացնելով, որ Սիրիա ներխուժումն ու հակաքրդական պատերազմի շղթայազերծումը հետադարձ ազդեցութեամբ տարածվելու և փոխադրվելու է նաև թուրքական սահմաններ, առաւել եւս՝ քրդաբնակ շրջաններ:

Քրդերի հակադարձը ևս, ինչպես և սպասելի էր, չուշացավ: ՔԲԿ-ի (Քրդական Բանվորական կուսակցութիւն) 2-րդ ղեկավար Ջեմիլ Բայըքը Թուրքիայի «Պատերազմի կառավարության» արկածախնդրություններին հակազդեց՝ «ինքնապաշտպանական դիմադրութեամբ»:

Ծանրակշիռ էին նաև արտաքին արձագանգները:

Ռուսաստանը, որտեղ էր գտնվում Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը, հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին, դատապարտելով դրանց անվտանգությանը սպառնացող նոր սպառնալիքներն ու սադրանքները:

Իրանը, հանձին Անկարայում իր դեսպանի, Սիրիա ներխուժումը միջազգային օրենքի կոպիտ խախտում բնութագրելով, ուղղակիորէն Թուրքիայի ղեկավարությանը հորդորեց զերծ մնալ տարածաշրջանը նոր արհավիրքների մատնելու ռազմատենչությունից:

Ինչքանո՞վ են ականջալուր լինելու Թուրքիայի իշխանավորները ներքին թե արտաքին զսպիչ ազդանշաններին, ցույց կտա մոտ ապագան:

Այլապես, ինչպես քաղաքական  փորձագետներն են կանխատեսել, Էրդողան- Դավութօղլու ներքին և հատկապես արտաքին ցնորամիտ քաղաքականության տրամաբանական ավարտը լինելու է Իրաքի ու Սիրիայի օրինակով՝ Թուրքիայի տրոհումն ու անկայուն վիճակի շարունակականությունը՝ ծանր ու անկանխատեսելի հետևանքներով:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
1242 reads | 04.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com