ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ

ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, ԱՐՑԱԽ






Տարածված կարծիք է, որ, կապված փախստականների անդադար ներհոսքի հետ, Եվրոպայի դեմոգրաֆիական քարտեզը զգալիորեն փոխվել է, և որ «Հին Աշխարհի» հիմքերն այսօր խարխլված են: Երբեմն միակ հարցը, որ մնում է տալ, հետևյալն է՝ արդյո՞ք մենք կունենանք իսլամիզացված Եվրոպա, թե՞ եվրոպականացված իսլամ: Քրիստոնեության և մահմեդականության միջև կրոնական մրցակցությունը թևակոխել է մի նոր փուլ: Մահմեդականությունն այսօր ընդլայնվող կրոն է, մինչդեռ քրիստոնեությունը, գոնե թե Եվրոպայում, նահանջ է ապրում: Բնավ զարմանալի չէ, որ Եվրոպայում եկեղեցիներն այսօր դատարկ են, իսկ մզկիթները՝ բազմամարդ: Հետաքրքրական է այն փաստը, որ անգամ քրիստոնեական արևմուտքի սրտում` Հռոմում և Աթենքում, կան մզկիթներ, մինչդեռ ոչ մի եկեղեցի չկա, օրինակ, Սաուդյան Արաբիայում:

Այսօրվա Եվրոպան ավելի շատ դիտվում է որպես խնդիրների աղբյուր, այլ ոչ թե դրանց լուծում: Անշուշտ, այն շարունակում է մնալ որպես յուրահատուկ, որոշ դեպքերում նաև միանման քաղաքական և սոցիալական մշակույթ կրող երկրների միություն: Սակայն դա չի խանգարում, որ այդ երկրներից յուրաքանչյուրը շարունակի առաջ տանել իր ազգային շահը: Միգուցե դրանով է բացատրվում միասնական քաղաքական մեխանիզմների բացակայությունը ԵՄ-ում` կապված փախստականներին ընդունելու և նրանց` ԵՄ գոտում արդյունավետ բաշխման հետ: Արդյունքում, ԵՄ որոշ երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, Շվեդիան ու Ավստրիան, իրենց վրա վերցրին փախստականներին ապաստանելու ողջ բեռը, մինչդեռ «քրիստոնեական ակումբի» մյուս անդամներն առանձնակի քայլեր չձեռնարկեցին:

Այդուհանդերձ, Հին աշխարհի երկրները մի հարցում խիստ միասնական են. նրանց բոլորին էլ միավորում է միևնույն անհանգստությունը` վախը: Ահաբեկչությունը Եվրոպայում արդեն իսկ ներքին սպառնալիք է: Փարիզյան վերջին դեպքերը վերջնականապես ապացուցեցին, որ թշնամին այլևս արտաքին չէ, այլ ներքին, քանի որ սպառնալիքը գալիս է հենց իրենց իսկ երկրների քաղաքացիներից: Թերևս, սրա մասին էին երազում իսլամիստ ծայրահեղականները` հարյուր հազարավոր փախստականների արտահոսքն ուղորդելով դեպի Եվրոպա, և այդ կերպ ստեղծելով մարդկային «ռումբեր»:

Մյուս կողմից, կրակի վրա նավթ են լցնում մահմեդական փախստականներին ընդունելու դեմ հանդես եկող քաղաքական գործիչներն ու լայն հասարակական կարծիք ձևավորող լրատվամիջոցները` կարծելով թե այդկերպ պաշտպանում են իրենց երկրների անվտանգությունը: Որոշ ամսագրեր, ինչպես օրինակ «Չառլի Հեբդոն», հասել է ցածրաստիճան ցինիզմի իր տպագրություններում` ծաղրի ու երգիծանքի առարկա դարձնելով այլոց մշակույթը, կրոնն ու հոգևոր արժեքները: Մինչդեռ, դրանով միմիայն ներքին ագրեսիայի ալիք է բարձրացվում Եվրոպայի` մահմեդական բնակչության շրջանում:

Անշուշտ, այս քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով, քանի որ այն լրացուցիչ գաղափարական սնունդ է հանդիսանում առանց այն էլ դժգոհ զանգվածների համար: Արդյունքում, ԻԼԻՊ-ին կամ այլ ահաբեկչական խմբավորումներին պետք չէ ներթափանցել ԵՄ սահմաններ իրենց սև գործն անելու համար, քանի որ նրանք արդեն այնտեղ են:

Այս գործընթացներն ընթանում են ԵՄ-ում մահմեդական բնակչության ինքնության շուրջ առկա քաղաքական ու սոցիալական խնդիրներին զուգահեռ: Քաղաքականապես, ԵՄ-ում մահմեդականներին կասկածամտորեն են վերաբերվում իրենց կրոնի ու մշակույթի պատճառով: Սոցիալական առումով, նրանք առերեսվում են խոչընդոտների, հատկապես աշխատանք գտնելու հարցում: Գործազրկության մակարդակով ԵՄ մահմեդական բնակիչները իրենց թվով երեք անգամ գերակշռում են ոչ մահմեդականներին: Առանձին թաղամասերում կենտրոնացված ապրելը, հյուրընկալող երկրներում բարեկեցիկ ապագա կերտելու հնարավորությունից զրկված լինելն էլ ավելի են խորացնում ինքնության ճգնաժամի մեջ ընկած ու հասարակությունից մեկուսացված ներգաղթյալների խնդիրները` ուղղորդելով նրանց դեպի ռադիկալ իսլամի գաղափարախոսություն:

Միանգամայն սխալ կլինի այն պնդումը, թե իսլամը խիստ միատարր է ու սպառնալիք է իրենից ներկայացնում: Անշուշտ, Պակիստանն այսօր աշխարհի ամենապայթյունավտանգ երկրներից է ոչ միայն այն պատճառով, որ տիրապետում է ատոմային զենքի, այլ որ քաղաքականապես անկայուն է ու կարող է հեշտությամբ դառնալ ԻԼԻՊ-ի դաշնակից: Իսլամն այսօր իրենից ներկայացնում է քաղաքական, ազգային ու կրոնական տարբեր տարրերի մի ամբողջություն: Այնտեղ չկա միասնություն և բոլորը բաժանված են շիաների ու սունիների, արաբների ու ոչ արաբների, ասիացիների ու մերձավոր արևելքցիների, աֆրիկացիների ու եվրոպացիների, ռադիակալների, կրոնավորների ու աշխարհիկների: Եվ թյուր կլինի այն ըմբռնումը, թե ահաբեկչություն իրագործողները մահմեդականներն են, իսկ զոհերը այլոք, քանի որ իսլամական ահաբեկչության զոհերն այսօր նաև Մերձավոր Արևելքի մահմեդականներն են:

Միայն 2015թ գրեթե մեկ միլիոն փախստական ու ներքին տեղահանվածներ են հայտնվել Եվրոպայում, մեծամասամբ Սիրիայից ու Իրաքից: Սիրիայում հինգ տարի անընդմեջ շարունակվող պատերազմն այսօր վերածվել է անվտանգության խոշոր ճգնաժամի, որը հիմնովին քանդել է սիրիական պետության տարածքային ամբողջականությունը: Բռնության, վտանգի ու անարդարության տարիները փոխել են Մերձավոր Արևելքի քաղաքական խաղատախտակի դասավորվածությունը: Կարելի է մի պահ խորհել, թե ինչ էր իրենից ներկայացնում Մերձավոր Արևելքը երեկ, և ինչ է այն դարձել այսօր: Այժմ այն կարելի է որակել որպես անկայունության աշխարհագրական գոտի:

Իսրայելա-պաղեստինյան անվերջ հակամարտությունը պարարտ հող է ստեղծել ահաբեկչության զարգացման համար` տարածաշրջանը մշտապես պահելով գլոբալ աշխարհաքաղաքականության կիզակետում: Իսլամական Ջիհադ, Համաս և այլ պաղեստինյան խմբավորումները մշտական ահաբեկչական սպառնալիքի տակ են պահում Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ բնակչությանը: Որոշ երկրներում, ինչպես օրինակ Լիբանանում, Իրանի օգնությամբ «Հեզբոլահը» դարձել է «պետություն պետության» ներսում: Իսկ Իրաքի և Սիրիայի տարածքներում ձևավորվել է «Իսլամական պետություն» հորջորջվող մի նոր գլոբալ աղետ, որը նպատակ ունի վերականգնելու և ընդլայնելու խալիֆայության երբեմնի փառքը: Սրան գումարվում է Արաբական թերակղզու միապետական ռեժիմների բացահայտ առճակատումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ` վերածելով տարածաշրջանը նոր հակամարտությունների թատերաբեմի:

Տարածաշրջանային թոհուբոհից անմասն չի մնում Թուրքիան: Վերջինս սերտորեն համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ, դաժանորեն ճնշում քրդական ինքնապաշտպանական շարժումը, բացահայտ քաղաքական առճակատում հրահրում Ասադի իշխանությանը աջակցող ՌԴ-ի նկատմամբ:

Այսօր Եվրոպական միության վախի գլխավոր պատճառներից մեկը հանդիսանում է իր հարևան Թուրքիան, որը մշտապես ցանկացել է անդամակցել ԵՄ-ին: Բարեբախտաբար, ԵՄ-ում այսօր շատ են Թուրքիայի անդամակցությանն ընդդիմացողները: Չէ՞ որ այդ քայլով, բացի եվրոպական արժեքներին չհամապատասխանող Թուրքիայից, ԵՄ-ն ձեռք կբերի երկու անմիջական անկայուն հարևան` հանձին Սիրիայի ու Իրաքի:

Գիտակցելով իր ավելորդությունը եվրոպական երկրների «քրիստոնեական խմբակում»` Թուրքիան այսօր այլընտրանքներ է փնտրում Օսմանյան կայսրության փառքը վերականգնելու համար` նեոօսմանիզմի գաղափարախոսության միջոցով: Բացի ԻԼԻՊ-ի նավթի հիմնական գնորդը լինելուց, այն հանդիսանում է միջանկյալ գոտի Սիրիայի ու Իրաքի փախստականների` դեպի Եվրոպա ներհոսքի համար: Թուրքիան իր ճամբարներում այսօր պահում է գրեթե երկու միլիոն երեք հարյուր հազար փախստականի` դրանով իր ձեռքում պահելով Եվրոպան հեղեղելու ծորակը:

ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
624 reads | 15.01.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com