ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈւՄ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ






Սիրիայում քաղաքացիական պատերազմում և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ ու նրա դեմ պայքարում իրենց զգալի դերն ունեն հատկապես արտաքին գործոնները:

Ճգնաժամը, որ սկսվել էր երկրում քաղաքացիական պատերազմի բռնկմամբ, իր մեջ ներառեց նաև ահաբեկչության դեմ պայքարը` այդպիսով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ ներքաշելով տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող ինչպես տարածաշրջանային տերությունների, այնպես նաև համաշխարհային գերտերությունների:

Այսպես, եթե տարածաշրջանային տերություններ Թուրքիան և Սաուդյան Արաբիան հստակորեն Ասադի իշխանության դեմ են հանդես գալիս, ապա տարածաշրջանային մյուս խոշոր տերություն Իրանի Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե պաշտպանում է նախագահ Ասադի իշխանությունը: Ընդհանրապես, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունները վերջինիս իսլամական հանրապետության հռչակումից ի վեր դաշնակցային բնույթ են կրում: Սիրիան երրորդ երկիրն էր, որ ճանաչեց ԻԻՀ-ն:

1970-ական թվականներին Սիրիան Իսրայելի դեմ դաշինքի մեջ էր Եգիպտոսի հետ, սակայն Եգիպտոսի նախագահ Սադաթի և Իսրայելի վարչապետ Բեգինի միջև կայացած հանդիպումը ԱՄՆ-ի նախագահական նստավայր Քեմփ-Դևիդում և համաձայնության կնքումը ստիպում է Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադին նոր դաշնակից փնտրել: Այն դեպքում, երբ Իրանը կրոնական պետություն է, իսկ Սիրիան` աշխարհիկ, այդուհանդերձ նրանց միջև չորս տասնամյակ շարունակվող հարաբերությունները, աշխարհաքաղաքական ընդհանուր շահերից ելնելով, սերտորեն զարգանում են:

Ոչ արաբական Իրանի հետ հարաբերությունները 20-րդ դարի 80-ական թվականներին երկու հիմնական ուղղությունն ունեին` սիրիա-իրանական համագործակցությունը Իրան-իրաքյան պատերազմում և համագործակցությունը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ընդհանուր առմամբ, Հայր Ասադի իշխանության տարիներին սիրիա-իրանական հարաբերությունները երեք հիմնական փուլից են բաղկացած`

1) 1979-1982թթ. այս փուլը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և դաշինքին: Վերջինս ձևավորվեց 1982թ. մարտին, երբ սիրիական բարձրաստիճան պատվիրակությունը արտգործնախարար Աբդ ալ-Հալիմ Խադդամի գլխավորությամբ ժամանել էր Թեհրան: Կնքվել էին մի շարք պայմանագրեր նավթի և առևտրի մասին, իսկ գլխավոր փաստաթուղթը գաղտնի ռազմական պակտն էր:

2) 1982-1988թթ. այս փուլում սիրիա-իրանական համագործակցությունը իսրայելա-լիբանանյան առաջին պատերազմի շրջանակներում էր: 1982թ. իսրայելական զորքերը ներխուժեցին Լիբանան` նպատակ ունենալով ոչնչացնել այդ երկրում գտնվող Պաղեստինի ազատագրության կազմակերպության ռազմական ճամբարները: Ի դեպ, վերջինս աջակցություն էր ստանում և՛ Սիրիայից, և՛ Իրանից, իսկ Սիրիան նույնիսկ անմիջական մասնակցություն ունեցավ հակամարտությանը` Լիբանանի տարածք մտցնելով 1 զրահատանկային դիվիզիա: Լիբանանի նորընտիր նախագահ Բաշիր Ժմայելի սպանությունից հետո (այս սպանության համար հետագայում դատապարտված Հաբիբ Շարտունին Լիբանանի սիրիական սոցիալ-նացիոնալիստական կուսակցության անդամ էր) վերջինիս եղբայր Ամին Ժմայելը հաշտության պայմանագիր է կնքում Իսրայելի հետ, սակայն մեկ տարի անց Սիրիայի ճնշման ներքո այդ պայմանագիրը խզվում է: Թեև ՊԱԿ-ի ուժերը հեռանում են Լիբանանի տարածքից, սակայն Իրանի աջակցությամբ ստեղծվում է «Հեզբոլլահ» կազմակերպությունը: 1985թ. Իսրայելը ետ է քաշում իր զորքերը, սակայն շարունակում է Լիբանանի տարածքի հրթիռակոծությունները ընդդեմ «Հեզբոլլահի» մարտիկների, իսկ վերջնականապես իսրայելական զորքերը դուրս են հանվում Լիբանանի տարածքից միայն 2000թ.:

1980-1988թթ. իրան-իրաքյան պատերազմի տարիներին տարածաշրջանի պետություններից Իրանին աջակցում էին միայն Լիբանանն ու Սիրիան: Վերջինս թեև արաբական պետություն էր, սակայն տվյալ պատերազմում Իրանին աջակցությունը պայմանավորված էր առաջին հերթին Սիրիայի և Իրաքի ղեկավարների միջև անձնական թշնամանքով, և երկու երկրների միավորված պետության գաղափարի ձախողմամբ:

3) 1991-2000թթ. հետսառըպատերազմյան հաջորդող առաջին տասնամյակում Իրանի և Սիրիայի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում աճեց: Այդ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սառը պատերազմի ավարտին աշխարհն այլևս միաբևեռ էր` ի դեմս ԱՄՆ-ի, որը տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցն էր: Այդուամենայնիվ, նոր հազարամյակի շեմին և՛ Սիրիան, և՛ Իրանը համագործակցության եզրեր էին փնտրում ԱՄՆ-ի հետ: Այսպես, պաշտոնական Դամասկոսը մասնակցեց ԱՄՆ-ի խաղաղապահ գործողությունների, իսկ Իրանի նախագահ Խաթամին փորձ էր ձեռնարկել քանդելու ԱՄՆ-ի հետ լարվածությունը, այսպես կոչված, «անվստահության պատը»: Սակայն այս փորձերը որևէ դրական զարգացում չարձանագրեցին:

Հարաբերություններն ավելի սերտ բնույթ կրեցին Հաֆեզ Ասադի որդի Բաշար ալ-Ասադի նախագահության ստանձնումով: 2006թ. հունիսի 16-ին Իրանի և Սիրիայի միջև կնքվեց «Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից եկող հիմնական սպառնալիքների դեմ ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այս առթիվ Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Նաջարը նշել էր, որ «Իրանը Սիրիայի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը և մենք համարում ենք, որ մեր պաշտպանական կարողությունները անհրաժեշտ կլինեն նաև Սիրիային»:

2011թ. Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Այս առթիվ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն ակնհայտ է: Հաստատելով Իրանի աջակցությունն Ասադի իշխանությանը` Խամենեին ասել էր. «Եթե որևէ շարժում իսլամական է, ժողովրդական, և հակաամերիկյան, մենք աջակցում ենք այն»: Իրանն, իհարկե, ուղղակիորեն չի միջամտում իրադրությանը, թեև սիրիացի զինվորականներին մարզում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, հատկապես` կորպուսի «Կոդս» հատուկ նշանակության ուժերի, հետախուզական և իրավապահ մարմինների, ցամաքային զորքերի հրահանգիչները:

Սիրիայի ազգային պաշտպանական ուժերի ստեղծման գործում զգալի դեր ունի «Կոդս» հատուկ նշանակության ուժերի ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին: Ըստ Բաղդադում ԿՀՎ նախկին գործակալ Մագուայրի` 2013թ. Սիրիայում իրավիճակի բեկում առաջացրած Լիբանանին սահմանակից Քուսայիր քաղաքի գրավումը հենց Սուլեյմանիի ղեկավարած գործողությունն էր:

Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադրության շուրջ Իրանի շահերի աստիճանի մասին վկայում են ժամանակ առ ժամանակ արաբական այդ երկրում գտնվող իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականնները, ինչի մասին վկայում են համացանցում հայտնվող լուսանկարները: Բավական է նշել «Կոդս» հատուկ նշանակության ուժերի զինվորական, բրիգադային գեներալ Հուսեյն Շաթերիի մասին, ով սպանվել էր Հալեպից Բեյրութ ճանապարհին:

Որպես Լիբանանի վերականգնման իրանական հանձնաժողովի ղեկավար ներկայացվող գեներալի սպանությունը Իրանում մեծ արձագանք գտավ: Այս սպանության մեջ, պաշտոնական Թեհրանն, իհարկե, մեղադրեց «սիոնիստական ռեժիմին», այսինքն` Իսրայելին: 2015թ. նոյեմբերին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին` իր Դամասկոսյան այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում կրկին անգամ վերահաստատել էր Իրանի աջակցությունը Սիրիային` ասելով. «Սիրիա-իրանական հարաբերությունները եղբայրական և սերտ են: Իրանի պարտքն է շարունակելու կանգնել բարեկամ պետության և նրա նախագահ Բաշար Ասադի կողքին և աջակցելու Սիրիային ամեն ինչում Արևմուտքի և մի շարք տարածաշրջանային պետությունների կողմից Սիրիային հայտարարված պատերազմի պայմաններում»:

Իրանը Սիրիային աջակցում է նաև ֆինանսապես: Ըստ «The Economist» ամսագրի` 2012թ. ԻԻՀ-ն շուրջ 9 մլրդ դոլար է տրամադրել սիրիական իշխանություններին: Ըստ Սիրիայի հարցով ՄԱԿ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միսթուրայի` Ասադի կառավարությանը Իրանի կողմից տրվող տարեկան աջակցությունը կազմում է շուրջ 6 մլրդ դոլար: Թեև ոչ պաշտոնական, այդ թվում` սիրիական ապստամբների տվյալներով` իրանական աջակցությունը կազմում է տարեկան 15 մլրդ դոլար:

Սիրիայում Ասադի իշխանության պահպանման հարցում որոշակիորեն համընկնում են Իրանի և Ռուսաստանի շահերը: Սիրիական գործոնի շնորհիվ է, որ ակտիվացան ռուս-իրանական կապերը. 2015թ. նոյեմբերին վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Թեհրան: Այս տարվա փետրվարի 21-ին արդեն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով մեկնել էր Իրան: Ռազմական ոլորտում համագործակցությանն, իհարկե, նպաստել է նաև Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը, որի շուրջ ընթացող բանակցություններում, ըստ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի, զգալի դեր ունի Ռուսաստանը: Այդուամենայնիվ, երկու երկրների իրական շահերը տարբեր են` եթե Իրանը վերոնշյալ հանգամանքներից ելնելով է սատարում Ասադի իշխանությանը, ապա Ռուսաստանի Դաշնության շահերը Սիրիայում առաջին հերթին կապված են Տարտուսում ռուսական բազայի առկայությամբ: Սիրիական ներկայիս իշխանության պահպանման տեսանկյունից` Ռուսաստանի` որպես մեծ խաղացողի ներկայությունը տարածաշրջանում ինչպես բարենպաստ է Իրանի համար, քանի որ Սիրիայում Իրանը բախվում է նաև ԱՄՆ-ի շահերին, ուստի դաշինքը եվրասիական գերտերության հետ անհրաժեշտություն է, այնպես էլ ԻԻՀ-ին չի կարող գոհացնել Ռուսաստանի ազդեցության աճը Սիրիայում: Այս առումով հատկանշական է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մարտի 6-ի հայտարարությունը, որում նա նշել էր, որ Ռուսաստանի և Իրանի վերջնական նպատակը Սիրիայում պատերազմի դադարեցումն ու խաղաղության հաստատումն է: Ըստ նրա` երկու պետությունների միջև հարաբերությունները լավ մակարդակի վրա են, առկա է համագործակցություն, թեև դա չի նշանակում, որ Իրանը համաձայն է Ռուսաստանի բոլոր քայլերին:

Իրանն այդպես ամուր կառչել է Ասադի իշխանությունից հետևյալ պատճառներով`
1. Ասադը Սիրիայում փոքրամասնություն կազմող շիաների Ալավիտական ճյուղի ներկայացուցիչն է, այն դեպքում, երբ ապստամբները իսլամի սունի ուղղության հետևորդներ են: Վերջիններս թշնամաբար են տրամադրված Իրանի դեմ, ուստի նրանց կողմից իշխանության զավթումը Իրանի համար նշանակում է տարածաշրջանում կարևոր դաշնակցի կորուստ:
2. Արաբական գարնան հեղափոխություններից պարզ է դառնում, որ արաբական որևէ երկրում ցնցումները այսպես թե այնպես շղթայաբար ազդում են հարևան պետությունների վրա: Այդպիսով, Սիրիայում Ասադի անկումը կարող է բերել իրավիճակի սրման Իրաքում և Լիբանանում: Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Լիբանանի հետ կապը երկու երկրների միջև ապահովում է Սիրիայի միջոցով: Ապստամբների կողմից իշխանության զավթման հետևանքով լուրջ հարված է հասցվելու ԻԻՀ աշխարհաքաղաքական շահերին տարածաշրջանում:
3. Սիրիայում և Լիբանանում դաշնակից իշխանությունների անկումը սպառնալիք է Իրանի ունեցած ազդեցությանը արաբական աշխարհում` մասնավորապես, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում` ընդհանուր առմամբ: Այդ է պատճառը, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Թայեբը Բասիջի համալսարանում ելույթին հայտարարել էր, որ «Սիրիան 35-րդ նահանգն է և մեր համար ռազմավարական նահանգ է: Եթե թշնամին հարձակվում է մեզ վրա կամ ձգտում է նվաճել Սիրիան կամ (իրանական) Խուզեստանը, ապա առաջնահերթ է դառնում պահել Սիրիան, քանի որ պահելով Սիրիան` մենք կարող ենք վերադարձնել Խուզեստանը: Այդուհանդերձ, եթե մենք կորցնենք Սիրիան, չենք կարողանալու պահել Թեհրանը»:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Իրանի և Սիրիայի միջև ռազմավարական դաշինքը, որ ուրույն դեր ուներ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ուժերի հարաբերություններում, Սիրիայում ծագած ճգնաժամի հետևանքով էլ ավելի ամրապնդվեց, թեև այդպիսով Իրանը ներքաշվեց ոչ միայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի, այլև Սաուդյան Արաբիայի հետ կոնֆլիկտի մեջ:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
813 reads | 29.03.2016
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com