ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ






Միջազգային ահաբեկչության տարածման պայմաններում մեր տարածաշրջանին հարող Հյուսիսային Կովկասը մահմեդականների մեծաքանակության պարագայում իսլամիստ ծայրահեղականների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է:

Հյուսիսային Կովկասի էթնիկ կազմը և դեմոգրաֆիական վիճակը. Տարածաշրջանում բնակվող ազգությունները հանդիսանում են ինչպես բնիկ, այնպես և եկվոր ժողովուրդներ: Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կովկասի բնակչությունը կազմում են 4 տարբեր լեզվաընտանիքների (հնդեվրոպական, աֆրո-ասիական, ալթայական, կովկասյան) պատկանող տարբեր ազգություններ: Ռուսաստանի Դաշնությունում անցկացված վերջին մարդահամարի (2010թ.) տվյալներով Հյուսիսային Կովկասի էթնիկ կազմը հետևյալն է.
  1. ռուսներ - 2 854 040
  2. չեչեններ - 1 335 183
  3. ավարներ - 863 884
  4. դարգինցիներ - 539 686
  5. կաբարդինցիներ - 498 446
  6. օսեր - 479 947
  7. կումիկներ - 460 049
  8. ինգուշներ - 415 169
  9. լեզգիներ 393 140
  10. կարաչայեվցիներ - 209 922
  11. հայեր - 190 295
  12. լակցեր - 161 276
  13. ադրբեջանցիներ - 150 782
  14. տաբասարանցիներ - 127 455
  15. բալկարներ - 108 577
  16. նոգայցիներ - 81 571
  17. չերքեզներ - 58 941
  18. ուկրաինցիներ - 40 414
  19. աբազիններ - 36 919
  20. ցիգաններ - 33 753
  21. հույներ - 33 573
  22. թուրքեր - 29 251
  23. ագուլցիներ - 28 054
  24. ռութուլցիներ - 27 849
  25. վրացիներ - 16 621
  26. թաթարներ - 15 636

ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հարավային Կովկասի երեք հանրապետությունները անկախացան, որի հետևանքով Հյուսիսային Կովկասը վերածվեց Ռուսաստանի հարավային սահմանի: Բնական աճի ցուցանիշների առումով՝ տարածաշրջանը բաժանվել էր երկու անհավասար գոտիների՝ «կղզյակներ» և «ճգնաժամային»: Առաջին գոտու մեջ էին մտնում Դաղստանը, Ինգուշետիան և Կաբարդինո-Բալկարիան, որտեղ իրավիճակը բարվոք էր: Երկրորդ գոտին ներառում էր ռուսալեզու երկրամասերը, ինչպես նաև Հյուսիսային Օսիան, Ադիգեյան և Կարաչայեվո-Չերքեսիան:

Մինչդեռ ներկայումս իրավիճակը կտրուկ փոխվել է: ՌԴ կառավարության հրապարակած «Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի զարգացման ռազմավարություն» փաստաթղթում տեղ գտած Հյուսիսային Կովկասի բնակչությունը աճում է ավելի արագ, քան Դաշնության մյուս շրջաններում:

Վերջին տասնամյակում օկրուգի բնակչությունը աճել է 1.68 մլն-ով՝ 2010թ. դրությամբ կազմելով 13 մլն 437 հազար մարդ: 2009թ. տվյալներով՝ բնական աճը կազմում է 75.6 հազար մարդ, ընդ որում, բնակչության մեծ մասը աշխատունակ տարիքից ցածր է: Այս աճը ապահովվել է հիմնականում ի հաշիվ Չեչենական Հանրապետության, որտեղ երիտասարդների թիվը կազմում է 32.9 %, Ինգուշետիայի Հանրապետությունում այդ թիվը 28.9 % է, իսկ Դաղստանի Հանրապետությունում` 25.4 %: Մահացության ցուցանիշը ամենացածրն է համեմատ ՌԴ մյուս շրջանների՝ 1000-ից 8.7 մարդ, այն դեպքում, երբ ՌԴ միջին ցուցանիշը կազմում է 14.6 մարդ: Հյուսիսային Կովկասում գյուղացիական բնակչությունը 51.1 % է (Դաղստանում, Կարաչայեվո-Չերքեսիայում և Ինգուշետիայում 56-57 %, Չեչնիայում 64.7 %):

Կոնֆլիկտային տարածաշրջան.
Ռուս-շվեդական պատերազմից հետո, երբ Պետրոս Մեծից սկսած ռուսները սկսեցին արշավել նաև դեպի հարավ, Հյուսիսային Կովկասում գտնվող Ինգուշետիան 1770թ. մտցվեց Ռուսական կայսրության կազմի մեջ: Իսկ մնացած ամբողջ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանը գրավեց 19-րդ դարում, թեև դեռևս Իվան Ահեղի ժամանակներից սկսած հյուսիսկովկասյան իշխանները գտնվում էին Ռուսական կայսրության հովանու ներքո:

Խորհրդային Միության փլուզումից հետո 15 հանրապետությունների անկախացման օրինակին փորձեց հետևել Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը, որի արդյունքում բռնկվեց ռուս-չեչենական առաջին պատերազմը (1994-1996թթ.): Եթե չեչենները այս պատերազմը վարում էին անկախության համար, ապա ռուսական իշխանությունները, խուսափելով «պատերազմ» եզրույթից, այն համարում էին սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ: Առաջին պատերազմն ավարտվեց նրանով, որ ռուսական զորքերը դուրս եկան Չեչնիայից. փաստորեն Չեչնիան դե ֆակտո անկախություն ձեռք բերեց, սակայն այն երկարատև չեղավ:

1999թ. բռնկվեց երկրորդ ռուս-չեչենական պատերազմը, որին ևս ռուսական կողմը նախընտրեց տալ այլ անվանում՝ այս անգամ այն կոչվեց «հակաահաբեկչական գործողություն»: Թեև պատերազմը, որպես այդպիսին, տևեց ընդամենը մեկ տարի՝ մինչև 2000թ., սակայն հակաահաբեկչական գործողության ռեժիմը վերացվեց միայն 2009թ. ապրիլի 16-ին:

Չնայած հանգամանքին, որ Չեչնիայում Կադիրով հոր, ապա որդու իշխանության գալուց հետո իրավիճակն այնտեղ կարծես թե հանդարտվել է, սակայն գրոհայինները շարունակում են պայթունավտանգ վիճակում պահել Հյուսիսային Կովկասը, օրինակ՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելով Դաղստանում:

Այնուհանդերձ, ռուս-չեչենական երկու պատերազմները չներգրավեցին ողջ Հյուսիսային Կովկասը (թեև պատերազմների ժամանակ, ինչպես և դրանցից հետո չեչեն գրոհայինները ազատորեն տեղաշարժվում էին ողջ Հյուսիսային Կովկասով, նույնիսկ թաքնվում էին Վրաստանի տարածքում), սակայն այդ պատերազմների հետևանքով մինչ այսօր տարածաշրջանը մնում է պայթունավտանգ՝ պայմանավորված նաև արտաքին մի շարք գործոններով՝ հանձին Թուրքիայի և ԱՄՆ-ի:

Աշխարհաքաղաքական իրավիճակը.
Հյուսիսային Կովկասը ունի կարևորագույն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն: Նախևառաջ ռազմական-ռազմավարական տեսանկյունից այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի համար, որի համար այն բարենպաստ աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում ՌԴ ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերի, հարավային սահմաններում քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունություն ապահովելու, ավելի լայն տարածաշրջանում, որը ընդգրկում է ողջ Կովկասը, Մերձավոր և Միջին Արևելքը, Կենտրոնական Ասիան, իր ազդեցությունը պահպանելու տեսանկյունից:
Չնայած այն հանգամանքին, որ Հյուսիսային Կովկասը ունի բավականաչափ ռեսուրսներ տնտեսապես զարգացած լինելու, սակայն այն դեռ շարունակում է մնալ Ռուսաստանի հետամնաց շրջաններից մեկը:

Միևնույն ժամանակ Հյուսիսային Կովկասը հանդիսանում է կոնֆլիկտագեն տարածաշրջան: Ռուսական որոշակի շրջանակներում կարծիք կա նաև, որ այս տարածաշրջանը ներկայումս փորձադաշտ է՝ ստուգելու ռուսական պետության հիմքերի ամրությունը:
Ռուս հեղինակների մեծամասնությունը, կարելի է ասել, մեղադրում է Արևմուտքին Հյուսիսային Կովկասի խնդրին միջամտելու մեջ: Այս հարցում ռուսները իրավացի են այն առումով, որ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կովկասը պայթունավտանգ տարածաշրջան է և նրա անկայունությունը անհանգիստ իրավիճակ կարող է ստեղծել ամբողջ Ռուսաստանում, ապա ստացվում է, որ Ռուսաստանը, ունենալով ներքին գործող խնդիրներ, զրկված է լինելու արտաքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ ամուր հիմքերից:

Տարածաշրջանի էթնոքաղաքական կայունության վրա բացասական իմաստով մեծ ազդեցություն է թողել Խորհրդային Միության ազգային քաղաքականությունը, հատկապես՝ դրա կիրառման հետևյալ մեխանիզմը Հյուսիսային Կովկասում.
• էթնոտարածքային միավորումների ստեղծում ոչ արյունակից էթնոսների համար, և, ընդհակառակը՝ էթնիկ առումով արյունակից ժողովուրդների բաժանում տարբեր հանրապետությունների մեջ,
• սահմանների կամայական փոփոխություն՝ առանց հաշվի առնելու տեղի ժողովուրդների պատմականորեն հաստատված շահերը, ինչպես նաև սահմանների փոփոխություն վարչա-տարածքային միավորումների միջև,
ժողովուրդների արտաքսում:

Չեչենական պատերազմներից հետո Հյուսիսային Կովկասը վերածվեց ահաբեկիչների համաշխարհային կենտրոնի: Տարածաշրջան ներթափանցեց արմատական մահմեդականությունը, այդ թվում ՝ վահաբիզմը: Այս ամենում մեծ դերակատարություն է ունեցել նաև Թուրքիան, որը, գաղտնիք չէ, հավակնոտ վերաբերմունք ունի ամբողջ Կովկասի նկատմամբ:

Արմատական մահմեդականության տարածմանը նպաստում էր միջազգային իսլամական տարբեր կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսական օգնությունը, երիտասարդներին արտասահմանյան իսլամիստական համալսարաններ ուղարկելը և մահմեդական քարոզիչների գործունեությունը տարածաշրջանում: Այս ամենի արդյունքում ստեղծվում էին, այսպես կոչված, «վահաբիստական անկլավներ», որոնք, ի դեպ, գոյատևում էին ի հաշիվ հովանավորների գումարների:

Ինչպես հայտնի է, Հանդինգտոնը և նրա «Քաղաքակրթությունների բախումը» հայեցակարգի կողմնակիցները գտնում են, որ նոր աշխարհակարգի հիմնական խնդիրը լինելու է քաղաքակրթությունների փոխգործակցությունը:

Այս տեսանկյունից Հյուսիսային Կովկասը դիտվում է որպես «անկայունության մետատարածաշրջանի» բաղկացուցիչ մաս, Ռուսաստանը՝ որպես ուղղափառ քաղաքակրթության առանցքային պետություն (core state), իսկ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները՝ որպես ռուսական պետության բախում էթնիկ խմբերի հետ, որոնք պատկանում են այլ քաղաքակրթության: Այլ կերպ ասած՝ Հյուսիսային Կովկասում տիրող իրադրությունը տեղական բնույթի միջքաղաքակրթական կոնֆլիկտ է, որն ի հայտ է եկել ուղղափառ և մահմեդական քաղաքակրթությունների սահմանին:

Այնուամենայնիվ, Հյուսիսային Կովկասում պահպանվում է հարաբերական կայունություն, որը, սակայն, ունի ոչ հստակ և հակադարձելի բնույթ՝ պահպանվում է կոնֆլիկտայնության բարձր հավանականությունը: Հյուսիսային Կովկասի պետությունների թույլ փոխգործակցությունը միմյանց միջև, ռուսական պետության շրջանակներում համատեղ ինտեգրացիոն միավորումների բացակայությունը (թեև այս առումով 2010թ. ստեղծված Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգը նպատակ ունի լրացնելու այդ բացը) տարածաշրջանը դարձնում է խոցելի:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
811 reads | 22.02.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com