ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ







Երկու տասնամյակից ավելի պատմության ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով միջնորդական առաքելություններ կատարվել են ինչպես պատերազմի սկզբում, այնպես էլ հրադադարի կնքումից մինչ այսօր: Առաջին միջնորդական առաքելությունները կատարել է Ռուսաստանի Դաշնությունը: 1991թ. սեպտեմբերի 22-ին խաղաղարար առաքելությամբ Ստեփանակերտ են ժամանել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինը և Ն. Նազարբաևը, որոնց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը: ՌԴ և Ղազախստանի նախագահների միջնորդությամբ բանակցություններ ընթացան Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների միջև` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ. ընդունվեց համատեղ կոմյունիկե: Հայտարարության մեջ կարևորվեց չեզոք խաղաղապահ ուժերի, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի «կապույտ բերետավորների» տեղակայումը հակամարտության գոտում:

Սակայն այս հայտարարությունը և Ղազախստանի հետ համատեղ Ռուսաստանի փորձը արդյունք չտվեց: Հոկտեմբերի 15-ին Բաքու ժամանած ՌԴ և Ղազախստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Մութալիբովը հայտարարեց, որ ԼՂ հարցը Ադրբեջանի խնդիրն է և ոչ ոք չպետք է խառնվի վերջինիս ներքին գործերին:

Պաշտոնական հայտարարություններում Ռուսաստանը կարևորում էր ԵԱՀԽ և ԱՊՀ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, սակայն շարունակում էր հանդես գալ նաև միջնորդական առանձին նախաձեռնություններով: Այսպես, 1993թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի ներկայացուցիչ միջնորդ Կազիմիրովը հասնում է կրակի ժամանակավոր դադարեցմանը, որը երկարաձգվում է մինչև նոյեմբեր:

Բաքվում Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևը, հանդիպելով ՌԴ նախագահ Ելցինին, հայտարարում է, որ հրաժարվում է հակամարտության լուծման ռազմական ճանապարհից: Մոսկվայում սկսվում են ադրբեջանական և ղարաբաղյան իշխանությունների միջև բանակցությունները, որոնք արդյունավետ չեն լինում, քանի որ ադրբեջանական կողմը նոյեմբերին խախտում է կրակի ժամանակավոր դադարեցման ռեժիմը:

ՌԴ միջնորդությամբ 1994թ. փետրվարի 18-ին կազմվում է իրականացման կարգի մասին համաձայնությունը, որը նախատեսում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի հետքաշում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայում:

1994թ. մայիսին կրկին Ռուսաստանի նախաձեռնությամբ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպման արդյունքում մայիսի 5-ին հակամարտության կողմերը համաձայնության եկան հրադադարի կնքման վերաբերյալ, որն էլ հաստատվեց մայիսի 12-ին: Բիշքեկյան արձանագրությունը նախատեսում էր.
• փետրվարի 18-ի արձանագրության հիման վրա կրակի դադարեցում,
• մի քանի օրվա ընթացքում հուսալի համաձայնագիր կնքում, որի համաձայն` պետք է ռազմական և թշնամական գործողությունների դադարեցման մեխանիզմ մշակվեր,
• գրավված տարածքներից զորքերի դուրս բերում և հաղորդակցման ուղիների վերականգնում,
• փախստականների վերադարձ,
• ԱՊՀ խաղաղարար ուժերի տեղակայում:


Փաստորեն, հակամարտության սկզբից Ռուսաստանը ակտիվ միջնորդական առաքելություն է կատարել: Թեև հակամարտության ռազմական գործողությունների սկսման սկզբնական շրջանում ռուսաստանյան միջնորդական փորձերն անհաջողության էին մատնվում, սակայն ի վերջո Ռուսաստանին հաջողվում է ԱՊՀ միջոցով հասնել հակամարտության ռազմական գործողությունների դադարեցմանը:

Տարածաշրջանում իր ներկայությունը ապահովելու համար Ռուսաստանը հասավ նրան, որ Բիշքեկյան արձանագրության մեջ կետ մտցվեց հակամարտության գոտում խաղարար ուժերի տեղակայման մասին: Հատկանշական է այն փաստը, որ խոսքը գնում էր ոչ թե միջազգային խաղարար ուժերի, այլ Համագործակցության ուժերի մասին, այսինքն` Ռուսաստանը ձգտում էր կանխել այլ պետությունների միջամտությունը, իսկ ԱՊՀ-ն ՌԴ ազդեցության գոտում էր:

Ռուսաստանը փորձում էր պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև` թույլ չտալով այս երկուսից որևէ մեկի առավելությունը մյուսի նկատմամբ (այս քաղաքականությունը ՌԴ շարունակում է մինչև այսօր. դրա վառ օրինակն է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, առանձին պայմանագիրը և միաժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը):

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը. Ռազմական գործողություններին միաժամանակ 1993թ. հակամարտության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդունվեցին 4 բանաձևեր: Դրանք մինչ օրս էլ շահարկվում են Ադրբեջանի հայտարարություններում, սակայն 822-րդ, 853-րդ, 874-րդ և 884-րդ բանաձևերը որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Մինչդեռ բանաձևերը հաստատում էին ՄԱԿ Անվտանգության խորհրդի աջակցությունը հիմնախնդիրը ԵԱՀԽ շրջանակներում լուծելու: Դեռ 1992թ. մարտին Հելսինկիում հրավիրված ԵԱՀԽ Նախարարների խորհրդի նիստին որոշում ընդունվեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Մինսկում հրավիրել կոնֆերանս: Կոնֆերանսի նախագահ նշանակվեց իտալացի Մարիո Ռաֆայելին, իսկ անդամ-պետություններն էին` Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Բելոռուս, Չեխոսլավակիա, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա:

Այդուամենայնիվ, այս ընթացքում ՌԴ փորձում էր հակամարտության կարգավորումը պահել ԱՊՀ շրջանակներում, ինչի մասին փաստում է Բիշքեկյան արձանագրության մեջ ԱՊՀ խաղաղապահ ուժերի մասին կետի առկայությունը: Տվյալ կետը, բնականաբար, հավանության չարժանացավ ԵԱՀԽ անդամ-պետությունների կողմից, որոնք առաջարկեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայել բազմազգ խաղաղապահ ուժեր:

1995թ. հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը, որը ստանձնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Եռանախագահության առաջին քայլերից էր հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագիրը», որը բաղկացած էր երկու մասից` Փուլային և Փաթեթային տարբերակներից: Փուլային տարբերակը ենթադրում էր ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում, զինված ուժերի դուրս բերում (ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման կետի ներառմամբ), բուֆերային բաժանարար գոտիների ստեղծում: Այս տարբերակի վերաբերյալ Հայաստանը ներկայացնում է իր դիրքորոշումը, որով որոշ վերապահումներով հավանություն է տալիս հակամարտության կարգավորման փաթեթային մոտեցմանը: Նման դիրքորոշում հետագայում ևս Հայաստանը հայտնել է հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր առաջարկներին և հայտարարություններին: Փաթեթային տարբերակը ներառում էր երկու` Զինված հակամարտության դադարեցման մասին և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին համաձայնագրեր:

Առաջարկությունների նոր փաթեթով համանախագահները հանդես եկան 2007թ. նոյեմբերի 29-ին` առաջ քաշելով հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: Այս սկզբունքները թարմացված տարբերակով ներկայացվեցին Մեծ ութնյակի գագաթնաժողովին Լ’Աքվիլայում (2010թ.)`
• Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
• Ներքին տեղահանված եւ փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
• Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։


Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Մեդվեդևի կողմից նախաձեռնած հերթական եռակողմ հանդիպումից հետո նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մերձեցվել են: Սակայն բանակցություններում առաջընթաց փաստացի չգրանցվեց: Թեև Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից թե´ առանձին, թե´ համատեղ ջանքերով բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռ. Քոչարյանի և Հ. Ալիևի, Ռ. Քոչարյանի և Ի. Ալիևի, Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի միջև, սակայն այս հանդիպումները ավարտվել են միայն կողմերի` բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին հայտարարություններով:

Իրադրությունը փոխվեց 2014թ. հուլիս-օգոստոսյան սահմանային լարվածությունից հետո: Հայկական կողմը այդուհետ հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով, կոչ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց հայտարարություններում հստակ մատնանշել սահմանային լարվածություն հրահրող Ադրբեջանին: Այսպես, վերջին սեպտեմբերյան լարվածության ժամանակ ՀՀ ՊՆ հայտարարեց, որ «հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:

Սրան հաջորդեց ՀՀ Նախագահի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում, որում հատուկ ուշադրության էր արժանի հետևյալ միտքը. «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է»:

Պաշտպանության նախարարության հայտարարությունը ըստ երևույթին նշանակում էր հրադադարի ռեժիմի վերացում: Նախագահի ելույթը ենթադրում է Հայաստանի պատրաստակամությունը ստատուս-քվոյի փոփոխության հարցում: Փաստորեն, հակամարտության կարգավորման գործընթացը, որ բավականին ժամանակ տեղից չէր շարժվում, թևակոխում է նոր փուլ: Եթե հրադադարի կնքումից ի վեր հակամարտությունը գտնվում էր «և´ պատերազմ, և´ խաղաղություն» կարգավիճակում, Հայաստանը վարում էր զուսպ քաղաքականություն` փորձելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդական առաքելության դերը չնվազեցնել, ապա այժմ Հայաստանը, ելնելով համանախագահների կողմից շարունակվող անհասցե հայտարարություններից և Ադրբեջանի սադրիչ գործողություններից, մտադիր է վերջինիս պարտադրել կա´մ պատերազմ, կա´մ խաղաղություն:
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
1367 reads | 04.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com