«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ. «ԼՈԿԱԼԻՏԻՍ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
 
 
 
 
 
 
Դիվանագետի արտասահմանյան գործուղման ընթացքում նոր միջավայրը, անծանոթ մարդիկ, օտար լեզուն և տարբեր սովորույթները նկատելի ազդեցություն են գործում նրա հոգեկանի վրա, հաճախ փոփոխության ենթարկում բնավորության գծերը, անգամ հոգեկերտվածքը` հաղորդելով դրանց այլ, երբեմն նոր ուղղվածություն:

Դիվանագետը սկսում է ադապտացվել, հարմարվել տեղական պայմաններին: Ժյուլ Կամբոն նշում է, որ գիտակցված ադապտացման նպատակը հայրենիքին ծառայելն է, դիվանագետի պարտականությունների հաջող կատարումը: Ադապտացվելով նոր միջավայրին, ապրելակերակերպին, տղացիների մտածելակերպին՝ դիվանագետը ձգտում է չզանազանվել իրեն շրջապատող օտար մարդկանցից, ստեղծել իր շուրջը բարեկամական մթնոլորտ և ընդունվել որպես յուրային: Սա էլ պատճառ է դառնում դիվանագետներին քամելեոն անվանելու համար, նկատում է մեծ տեսաբանը, և դատապարտում նման պիտակավորումը: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես է ընթանում ադապտացիայի գործընթացը, որտե՞ղ է այն հասնում, հոգեբանական ի՞նչ ազդեցություն է գործում դիվանագետի վրա և ի՞նչ հետևանքներ է թողնում: 

Տեղական հետաքրքրությունները, որոնք հղի են վերածվելու տեղական հայրենասիրության, լուրջ ուսումնասիրության առարկա են դարձել ամերիկյան հետազոտողների համար: Հիմք ընդունելով «localism» տեղական շահեր եզրը նրանք կառուցել են ողջ մի տեսություն` անվանելով այն «լոկալիտիս»: Համաձայն այդ տեսության, դիվանագետը երկար տարիներ աշխատելով օտար երկրում աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին բերում է լոյալության բացարձակ նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապցիան, այնքան անվերադարձ է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:

Առաջանում է այսպես կոչված լոկալիտիսի սինդրոմ, որը բացասաբար է ազդում դիվանագետի հոգեկանի վրա, վնասում է ծառայողական պարտականությունների հաջող կատարմանը: Լոկալիտիսի սինդրոմով տառապող դիվանագետը կորցնում է իր երկրի նկատմամբ անմնացորդ հավատարմության հատկանիշը: Այս երևույթը Հ. Նիկոլսոնը որակում է որպես ժամանակակից դիվանագիտության հիմնական արատներից մեկը: Այո, լոկալիտիսը վտանգավոր ախտ է դիվանագետի համար: Սակայն այն անզոր է նրանց նկատմամբ, ովքեր ունեն կայուն բնավորություն, ուժեղ բարոյակամային հատկանիշներ, գաղափարական ձևավորված սկզբունքներ և ամենագլխավորը` անանց հայրենասիրություն:

Տեսաբանները լոկալիտիսը հիմնականում պայմանավորում են գործուղման երկարատև ժամկետի հետ, իբր դիվանագետը երկար տարիներ ապրելով մի երկրում, ենթագիտակցորեն դառնում է այդ երկրի երկրպագուն, նրա արտաքին և ներքին քաղաքականության համոզված ադեպտը, ջատագովը: Վարկածն իմ կարծիքով, ընդունելի է մասամբ:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ դեսպանները տասնյակ տարիներով աշխատել ու ապրել են կոնկրետ մի երկրում և զերծ են մնացել լոկալիտիսի հարուցիչից: Պյեր Կամբոն (Ժյուլ Կամբոնի եղբայրը) 22 տարի Ֆրանսիայի դեսպանն էր Անգլիայում, նրա հայրենակից Կ. Բարերը` 28 տարի Իտալիայում, Ա. Դոբրինինը 23 տարի Մոսկվան ներկայացնում էր Վաշինգտոնում: Ցուցակը կարելի է շարունակել: Նրանք բոլորն էլ եղել են բարձրակարգ դեսպաններ, փայլուն կերպով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները և մեծ դեր են խաղացել դեսպանընկալ երկրների ու իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացմանը` մնալով ջերմ հայրենասերներ:

ՀԱՋՈՐԴԻՎ՝ «ԼՈԿԱԼԻՍՏՆԵՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1434 reads | 22.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com