ՉԻՆ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
Երբ մենք անդրադառնում ենք Ռուսաստանի, Արևմուտքի կամ հարևան պետությունների դիրքորոշմանը Բելառուսի դեպքերի վերաբերյալ, ենթադրություններ ենք անում, թե դրանցից ով ինչ վերաբերմունք կունենա Մինսկում ընթացող բուռն դեպքերի նկատմամբ, չգիտես ինչու անտեսում ենք մի կարևոր հանգամանք։ Իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին կամ ի՞նչ է անում հազարավոր կիլոմետրի վրա գտնվող Չինաստանը։

Չին քաղտեխնոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս կոշտ ձևով ճնշել խաղաղ ցույցերը, և Լուկաշենկոն, լսելով այդ խրատները, հավանաբար, մտաբերում է Տյանմենի հրապարակի դեպքերը։ Իսկ ինչո՞ւ նման արյան խրախճանք չսարքել Անկախության հրապարակում, որը շատ համահունչ է իր էությանը և բարոյակամային հատկանիշներին։

Այդ հիմա է, որ Բատկան նեղն ընկած լիզում է Պուտինի կոշիկները։ Իսկ, ընդհանրապես, նա չի թաքցնում իր հիացմունքը Չինաստանի նկատմամբ, անընդհատ ռևերանսներ է անում Պեկինի ղեկավարներին, նշելով, թե Չինաստանը Ռուսաստանից ավելի մեծ տերություն է, և ինքը կփոխեր նրանց տեղերն իր քաղաքականությունում։

Իսկ ի՞նչ հետաքրքրություն է ներկայացնում Բելառուսը Չինաստանի նկատմամբ։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Բելառուսն իր համար խիստ հարմար գործընկեր է արևելաեվրոպական երկրների շուկա մտնելու, հատկապես Եվրոպայի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու գործում։

Բացի այդ, Բելառուսը մաս է կազմում Չինաստանի արդի քաղաքականության կոնցեպում՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածքները ներթափանցելու և այնտեղ ամրանալու գործում։ Ռուսաստանի Հեռավոր Արևելք, Ուկրաինա, Միջին Ասիա։ Սա այդ դոկտրինայի լրիվ աշխարհագրությունը չէ։

(Ուշադրություն։ Չինաստանի հետ մեր հարաբերությունների ակտիվ զարգացման դեպքում, որը միանգամայն կարևոր է, հարկ է չինական աշխարհաքաղաքական այս միտումն անպայման նկատի ունենալ)։

Վերջերս մասմեդիայում սպրդեց ինֆորմացիա այն մասին, որ անցյալ տարի, Մոսկվայի և Պեկինի միջև կայացած փակ բանակցությունների ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն, որ Չինաստանը դադարում է «քիթը խոթել» Բելառուս, ինչի դիմաց Մոսկվան հրաժարվում է իր աշխարհաքաղաքական նկրտումներից Ղազախստանում։ Ռուսաստանը պայմանավորվածությունը հարգեց, Չինաստանը՝ ոչ։ Դեկտեմբերին չինացիները Մինսկին փոխանցեցին կես միլիարդ դոլարի անտոկոս վարկ, ընդ որում գումարը կարելի է օգտագործել ոչ միայն երկկողմ առևտրի, այլ ցանկացած այլ նպատակի համար։

Չինացիներն այստեղ դանդաղ, բայց քայլ առ քայլ նվաճում են նոր ոլորտներ։ Ժոդինո քաղաքում նրանք կառուցեցին ավտոգործարան Geely տիպի կրոսովերներ արտադրելու համար։ Այս տարի կավարտվի ևս երեք գործարանների շինարարությունը, այդ տիպի ավտոմեքենաների պահեստամասեր արտադրելու համար։ Բացի այդ, բելառուսական «Յունիսոն» կոմպանիան չինացիների հետ կառուցում է էլետրամոբիլների գործարան։

Ակտիվ զարգանում է չին-բելառուսական ռազմական համագործակցությունը։ Միասնական արտադրության արդյունք է «Պոլոնեզ» բազմակրակային հրթիռային համակարգը, որը, ի դեպ, վաճառվում է Ադրբեջանին և տեղադրված է Հայաստանի դեմ ուղղված կրակային դիրքերում։

Արման Նավասարդյան, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սկզբնաղբյուրը՝ Tert.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
125 reads | 29.08.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com