ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ԶՈՐՔՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՎ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Թե որքան «հաճելի» մարդիկ են պարսիկները, մանավանդ, երբ նրանք նվաճում են իրենց երկիրը, հույները պետք է տեսնեին հետո: Լյուդիայի ամենահարուստ մարդը Պյութիոսն էր: Չնայած նա հույն էր, սակայն ամեն կերպ նպաստում էր, որ պարսիկները զավթեն Հունաստանը: Մի խոսքով` դավաճան էր: Ժամանակին նա մաքուր ոսկուց պատրաստված ծառ էր նվիրել Պարսից Դարեհ արքային: Իսկ երբ նրա որդի Քսերքսեսն արշավանք է սկսել դեպի Հելլադա, Պյութիոսն այցելել է արքայից արքային և, կրկին հավաստելով իր հավատարմությունը, պատրաստակամություն է հայտնել հոգալու բանակի կարիքները: Արքան, շոյված դրանից, իր հերթին թանկարժեք ընծաներ է նվիրել հելլեն բարերարին և նրա հինգ որդիներին պարսկական բանակում կարգել բարձրաստիճան զինվորական պաշտոնների: Իսկ մի քանի օր անց, երբ տեղի է ունեցել արևի խավարում, գուշակների կանխատեսումներից վախեցած Պյութիոսը կրկին ներկայացել է Քսերքսեսին ու խնդրել գոնե իր ավագ որդուն ազատել բանակից: Արքայից արքայի զայրույթն աներևակայելի էր, որոշումը` սարսափելի: Ինչպե՛ս է իր ստրուկը (այդպես էր նա անվանում իրեն ծառայող բոլոր հելլեններին) համարձակվում նման բան խնդրել, երբ իր բոլոր որդիները, եղբայրները, կանայք, հարազատները կռիվ են գնում: Այնուհետև մի այնպիսի որոշում է ընդունել, որը ոչ միայն չի տեղավորվում բանական դատողության շրջանակներում, այլև սադիզմ որակելը խիստ մեղմ կլիներ: Արքայից արքան հրամայել է Պյութոսի ավագ որդուն մեջտեղից կիսել, մի կեսը դնել աջ, մյուսը` ձախ կողմն այն ճանապարհի, որտեղով անցնելու էր պարսից զորքը: Հրամանն անմիջապես կատարվել է հոր աչքի առաջ…

Քսերքսեսի դաժանությունն ազգություն չի ճանաչել: Նույն կերպ նա վարվել է յուրայինների նկատմամբ: Աթենքից նահանջելիս արքան փյունիկյան նավով մեկնել է Ասիա: Նավարկության ժամանակ ուժեղ հողմ է բարձրացել. նավաբեկությունը դարձել է անխուսափելի: Արքան, որին բոլորը համարում էին արիության տիպար, սարսափահար է եղել: Նավապետն ասել է, որ միակ փրկությունը նավի ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է: «Այժմ դուք կարող եք ցույց տալ ձեր սերը արքայի հանդեպ. իմ փրկությունը կախված է ձեզնից»,– դիմել է արքայից արքան իր բազմամարդ շքախմբին: Պարսիկները համբուրել են նրա ոտքերը և խումբ-խումբ նետվել ծովը: Նավը փրկվել է և ապահով տեղ հասել: Ափ դուրս գալով` Քսերքսեսը նավապետին պարգևել է ոսկե պսակ` իր կյանքը փրկելու համար, հետո հրամայել է գլխատել նրան` այդքան շատ պարսիկների խորտակելու համար:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1685 reads | 21.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com