ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ
 

Բարեկիրթ միջավայրում խուսափում են արտասանել «մարմնավաճառություն» բառը և վայելչության համար այն անվանում են առաջին` ամենահին արհեստ: Իսկ ո՞րերորդ մասնագիտությունն է դիվանագիտությունը: Կասկած չկա, որ այն նույնպես ամենահներից է` մարմնավաճառությունից առաջ կամ հետո, կամ` միաժամանակ: Միգուցե այդ մերձավորությունն է պատճառը, որ ոմանք` առանց գիտակցելու, ոմանք էլ չարամտորեն նույնացնում են այդ արհեստն ու դիվանագիտական արվեստը` դիվանագետներին մեղադրելովխաբեության, կեղծիքի, ստախոսության և հազար ու մի այլ երկրային ու երկնային արատների համար: Սա թողնենք այդպես մտածողների խղճին` հակադարձելով, որ դիվանագիտությունն իրականում ազնվագույն և անձնուրաց մասնագիտություններից է, բոլոր ժամանակների ընտրյալների մենաշնորհը: Անկախ այս ամենից` դիվանագիտությունը, իրոք, հին  մասնագիտություն է: Այն մարդ արարածի հասակակիցն է: Նրանք երկվորյակներ են: Առնչվել են, հաղորդակցվել և գործակցել են միմյանց հետ մարդկության կյանքի արշալույսից: Եվ առաջին կարևորագույն քայլը, որ արել են մեր նախահայրերը դիվանագիտության կայացման ճանապարհին, անձի անձեռնմխելիության (իմունիտետ) հայտնագործումն է: Դիվանագիտության պատմությունը, իրականում, սկսվել է այն պահից, երբ ինչ-որ մի ցեղապետ որոշել է լսել իր մոտ եկած բանբերին` նախքան նրան ուտելու ազդանշան տալը: Եթե չլիներ այդ դարակազմիկ դադարը՝ «know-how»-ն, մարդկային հանրույթներն ի վիճակի չէին լինելու զինադադար հայտարարելու` վիրավորներին հավաքելու և սպանվածներին թաղելու համար, չէին կարողանալու բաժանել որսատեղերը, չէին ունենալու միջցեղային տնտեսական, ամուսնական ու ազգակցական կապեր:

 Այսինքն` եթե չլիներ այդ անձեռնմխելիություն կոչեցյալը, նրանք նույն եռանդով շարունակելու էին հոշոտել այլ ցեղերի բանագնացներին: Այդ դեպքում դժվար է ասել` մենք հասած կլինեի՞նք այս հանգրվանին, թե՞ ոչ: Դիվանագիտությունը` որպես գիտություն և արվեստ, սկզբնավորվել է Հին Հունաստանում: Հույներն են անձեռնմխելիությունը հռչակել որպես միջազգային հարաբերությունների նորմ ու պարտադիր օրենք: Եվ ոչ միայն դա: Հույները շատ բան են արել դիվանագիտական տեխնիկայի և միջազգային իրավունքի զարգացման ուղղությամբ: Ստեղծել են միջպետական հարաբերությունների և դիվանագիտական ծառայության այնպիսի մեխանիզմ, որը մեկնակետ է դարձել հին հռոմեական, միջին դարերի, հետագայում` նոր դիվանագիտության ձևավորման ու զարգացման համար: Դիվանագիտությունը Հելլադայում զարգացել է դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնի դոգմաների պայմաններում ու թելադրանքով: Միստիկան և բնության անբացատրելի երևույթները մարդկանց ստիպել են դեսպաններին համարել աստվածների հրեշտակ-սուրհանդակներ: Առասպելը` առասպել, բայց աթենացիներն իրական առանձնահատկություններ են սահմանել դիվանագիտության բոլոր ուղղությունների համար` ռազմաքաղաքական և առևտրատնտեսական միություններ ու դաշինքներ, բանակցային, կոնֆերենսային, մաքոքային դիվանագիտություն, գագաթնաժողովներ, իրավա-պայմանագրային փաստաթղթեր, պաշտոնական գրագրություն, արխիվային գործ, սուրհանդակային կապ: Որքան էլ զարմանալի թվա, այս ամենը Հին Հունաստանում գոյություն է ունեցել դեռևս Ք. ա. V դարում: Վաղնջական այդ ժամանակներում դիվանագիտության կողքին ծնվել և ձևավորվել է արտաքին հետախուզությունը: Դիվանագիտությունը և հետախուզությունը կազմել են մեկ ամբողջություն, որոնք նկատելիորեն զարգացել են հույն-պարսկական պատերազմների ընթացքում:  Դիվանագիտական զրույցը և հռետորական արվեստը բարձր մակարդակի են հասել Հելլադայում: Սոկրատեսը, Պերիկլեսը, Դեմոսթենեսը և շատ ու շատ ուրիշներ անգերազանցելի վարպետներ էին. կարող էին դասավանդել որպես պրոֆեսորներ ժամանակակից դիվանագիտական ուսումնական հաստատություններում...

 

Հապա դիվանագիտական կադրային քաղաքականությո՞ւնը: Այդ հարցում կհասնե՞նք մենք արդյոք հելլեններին: Ցանկալի է, բայց կասկածելի: Հին Հունաստանում դեսպաններին նշանակում էր Ժողովրդական ժողովը` ուղիղ և բաց քվեարկությամբ` վեց հազար աթենացիների ներկայությամբ:  Դեսպանները հասուն` 50 տարեկանից ոչ երիտասարդ և հասարակության մեջ հեղինակություն վայելող քաղաքացիներ էին: Նրանք աչքը կուշտ, նյութապես ապահովված մարդիկ պետք է լինեին, որպեսզի չմտնեին պետության գրպանը: Դիվանագետի աշխատանքը պատվավոր պետական ծառայություն էր, վարձատրությունը` խորհրդանշական, փողով չէր չափվում: Դեսպանների գործունեության թափանցիկությանը և վերահսկողությանը պարզապես կարելի է նախանձել: Վերադառնալով գործուղումից` նրանք քաղաքական հաշվետվություն էին ներկայացնում Ժողովրդական ժողովին, իսկ ֆինանսական գործերն ստուգում էր հասարակական ֆինանսների ծախսերը վերահսկող կոմիտեն: Նույնը կարելի է ասել Հին Հռոմի մասին, որտեղ դեսպանների արած-չարածը քննում էր Սենատը: (Մենք կարո՞ղ ենք արդյոք թեկուզ երազում տեսնել մեր դիվանագետների հաշվետվությունները Ազգային ժողովում): Եվ եթե այդ կառույցները հայտնաբերում էին ծառայողական զանցառության կամ, Աստված մի արասցե, կոռուպցիայի դեպք, դիվանագետի երգը երգված էր: Պարսից արքա Արտաքսերքսեսը, օրինակ, բանակցությունների ժամանակ թանկարժեք ընծաներ էր տվել Աթենքի դեսպան Թիմագորոսին: Ձեռքի հետ էլ հավաքագրել: Վերջինիս մեղադրեցին պետական դավաճանության համար և գլխատեցին: Պատմությունը դեսպանների մահապատիժների ուրիշ դեպքեր էլ է արձանագրել Հին աշխարհի դիվանագիտական պրակտիկայում:

Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան

 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2879 reads | 17.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com