«ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-Ռուսական Համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ



Տավուշյան մինի պատերազմից հետո  միջազգային քաղաքագետների  և ռազմա-քաղաքական վերլուծաբանների կարծիքը բաժանվեց երկու մասի. որոշ վերլուծաբաններ գտան, որ կատարվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև երեսուն տարի մխացող պատերազմական կրակի հերթական բորբոքում է, 2106 թվականի պատերազմի վերարտադրությունը։ Այլ վերլուծաբաններն այն միտքն հայտնեցին, որ թուրք-ադրբեջանական կլիկը փորձում է ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխել անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ունենալով հեռուն գնացող աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական ծրագրեր։
Ես կիսում եմ այս վերջին կարծիքը՝ ավելացնելով այն միտքը, որ Թուրքիան Արցախյան հիմնահարցում Ադրբեջանին նեցուկ կանգնելուց զատ, փորձում է իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո իրեն հանգիստ չտվող սևեռուն, ըստ էության, ագրեսիվ միտքը, այն է՝ ամեն գնով մտնել Հարավային Կովկաս՝ որպես կարևոր և առանցքային քաղաքական ֆիգուրանտ։

Ընդ որում, Անկարայի աշխարհառազմավարական ծրագրերն այստեղ բազմաշերտ են։ Ամենից առաջ Թուրքիան ձգտում է ամեն կերպ ստանձնել Մինսկի խմբի համանախագահի կամ գոնե այդ խմբի որոշիչ անդամի գործառույթները։ Ցանկություն, որը  նա ցուցաբերում է անցած երեսուն տարիների ընթացքում, քանի գոյություն ունի Արցախի հիմնախնդիրը։ Չհասնելով իր  նպատակին՝ Էրդողանն այժմ  փորձում է  գոնե հեռացնել Հարավային Կովկասից  Մինսկի երկու մյուս համանախագահներին՝  ԱՄՆ-ին  և Ֆրանսիային և մնալ Ռուսաստանի հետ որպես տարածաշրջանի գերտերությունների և «տետ ա տետ»  «առևտուր անել» Մոսկվայի հետ միջազգային հարցերի շուրջ։

Մյուս կարևոր նպատակը Էրդողանի համար  Մոսկվայի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի  արգելակի  կամ գոնե նվազեցնի նրա ավանդական օգնությունն ու աջակցությունը քրդական շարժմանը Թուրքիայում։

Թուրքիայի պլանների մեջ կարևոր տեղ է գրավում Հարավային Կովկասում խաղարկել լիբիական և սիրիական խաղաքարտը՝ բացառված չէ հայկական ուղղությամբ ճնշում գործադրելու ճանապարհով։

Բացի այդ, ստեղծված իրավիճակում, Էրդողանը համառ կերպով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ անգամ աչքի առաջ ունենալով այն վտանգը, որ Երևանը պատերազմի դեպքում կարող է շարքից հանել հիմնական էներգետիկ հաղորդակցությունը՝ գազատարը և նավթատարը, ինչպես նաև երկաթուղային մագիստրալը, որը Վրաստանի տարածքով միացնում է Ադրբեջանը Թուրքիային՝ շրջանցելով Ռուսաստանը։

Հետաքրքիր է նաև  նշել, որ Թուրքիայում կարծիք կա, թե Կրեմլն իրենից վրեժ է լուծում այն բանի համար, որ նա խիստ կրճատել է ռուսական գազի ներմուծումը, ի հաշիվ ադրբեջանական գազի։ Այստեղից Էրդողանը եզրակացնում է, թե Ռուսաստանը օգտագործում է իր դաշնակից Հայաստանին, որպեսզի ճնշի Անկարայի վրա միջազգային հարաբերություններում գերակայություն ձեռք բերելու համար։  

Այս ամենի արդյունքում Հարավային Կովկասում  նկատելիորեն սրվեցին թուրք-ռուսական հարաբերություները, որի արտահայտություններից մեկը ռուսական  ռազմախաղերն էին , որոնք սառը ցնցուղ եղան  Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հետո այդ եղբայրական պետությունները  հանդես եկան իրենց զորախաղերով, որոնք մասնագետների կարծիքով՝ արվեցին զուտ Էրոդանի «դեմքը պահելու» համար։

Արդ, Տավուշից հետո հաստատված  հարաբերական, փուխր զինադադարը մեր առաջ դնում է աշխարհաքաղաքական նշանակության և տարողության հարց։ Կարո՞ղ է քարտեզի վրա հայտնվել նոր պատերազմական արեալ, որը  կհանգեցի ն Մոսկվայի և Անկարայի զինված ուժերի  բախման։

Իմ կարծիքով, բոլոր դեպքերում մեծ պատերազմ չի լինի, քանի որ այն ամենևին պետք չէ ո'չ Ռուսաստանին, ո'չ Թուրքիային։ Հետո չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար կարևոր է, թե ինչպիսին կլինի այդ միության և առաջին հերթին Միացյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցում։ Վաշինգտոնի ազդանշաններն  այս ուղղությամբ իրարամերժ են։ Մի կողմից՝ Թրամփի վարչակազմը պաշտպանում է Էրդողանին, օրինակ,   զսպելով Եգիպտոսին լիբիական հարցում հանդես գալ թուրքերի դեմ։ Հետո, Սպիտակ տունը բացառապես զբաղված է նոյեմբերի նախագահական ընտրություններով և խուսափում է ռազմական գործողություններից հատկապես Մերձավոր Արևելքում։ Բոլոր դեպքերում լիովին բացառել պատերազմը տարածաշրջանում, սխալ կլիներ։

Այդուհանդերձ,  մենք գործ ունենք մի շատ կարևոր, աշխարհաքաղաքական, վտանգաշատ միտման հետ։ Ներկայումս ձևավորվում է «լարվածության աղեղ», որն ընդգրկում է ողջ Մեծ Մերձավոր Արևելքը՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս։ Եթե նայելու լինենք, այդ աղեղը հիմնականում կազմված է երկու բլոկից։  Դրանք են Ռուսաստանն ու Թուրքիան։  Մի կողմից թուրք-կատարյան բլոկն է իր դաշնակիցներով, որոնց մեջ են Տրիպոլիի Սառաջի կառավարությունից՝  մինչև Ադրբեջանը։ Մոսկվայի բլոկում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։  Հնարավոր է՝ մոսկովյան բլոկին Հունաստանի և Կիպրոսի հարելը։ Հիշենք, որ Հայաստանը այս կամ այն կերպ մտնում է այդ բլոկի մեջ։

Այսպիսով կազմավորվում է տարբեր պետությունների իրար դեմ լարված հսկայական տարածք, որը մեծացնում է ռազմական բախման և բոլորովին նոր մակարդակի, մեծ պատերազմի հնարավորությունները։

Իսկ գալով մեր անմիջական հարևաններ Թուրքիային և Ադրբեջանին, չմոռանանք, որ բացի ամեն ինչից, նրանց   վերջնական նպատակը տարածաշրջանում Հայաստանի պետականության վերացումն է, ինչը նրանց համար թյուրքական աշխարհի միավորման պարտադիր պայմաններից է։

Հայաստանի և ողջ հայության համար սա պետք է լինի ներքին և արտաքին քաղաքականության դոմինանտը, այդ հրեշային պլանների խափանումը, ժամանակի և տարածության մեջ։ Ի տարբերություն անցյալ դարի 20-ական թվականների սկզբների ողբերգության, Հայաստանն այսօր ի զորու է իր օգտին լուծելու  այս դարավոր խնդիրը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1028 reads | 10.08.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com