ԳԵՏԱՆՑԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-Ռուսական Համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ





Երկրների ներքաղաքական իրավիճակի սրացումը, որն սկսում է փոխակերպվել  ինստիտուցիոնալ ճգնաժամի, պայմանավորված է նաև կորոնավիրուսի համաճարակով։ Զանգվածային անկարգություններ ԱՄՆ-ում` համակարգային ռասիստական խորը ճգնաժամի ձևով,  Ռուսաստանում բարձրացող բողոքի ալիք, Վրաստանում իշխանության հնարավոր հրաժարական, Ադրբեջանի սաստկացող ճնշումներ ընդդիմության վրա։ Ճգնաժամն ամենուրեք է, և' մեծ, և' փոքր տերություններում։ Համլետի խոսքերով. «Ժամանակը շառավղից դուրս է սայթաքել»։

Եվ այս քաոսային իրավիճակում, եթե Հայաստանում իշխանություններն ու  նրանց ղեկավարները մաշվել են, ապա պետք է  փոխվեն, քանի որ, ի տարբերություն ժողովրդի, հավերժական շարժիչ չեն։  Կառավարություն ցրելը և նորը կազմելը արտակարգ երևույթ չէ, մինչդեռ լիդերի օտարումը լուրջ խնդիր է, քանզի կարող է խորը հետք  թողնել  երկրի արտաքին և ներքին քաղաքականության  վրա,  ինչը  ներկա համաճարակային պայմաններում հղի է անկանխատեսելի հետևանքներով։  Առաջին նախագահի խոսքով․ «ով որ այս շրջանում կառավարության դեմ է, պետության դեմ է»։ Նման գնահատականի կտրուկ տոնը, ըստ իս,  ներառում է նաև Հայաստանի կիսապատերազմական կարգավիճակը։

Հետո, եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռանալուն, անմիջապես հարց է ծագում, իսկ ո՞վ է լինելու հաջորդը։ Ճիշտ է, ազգի արգանդը, բարեբախտաբար, չի չորացել և «սուրբ տեղը դատարկ չի մնա»։ Ավելորդ է ասել, որ «հեղափոխությունից քշվածների» վարդագույն երազանքը՝ կրկին տեսնել   այդ սուրբ տեղերում Քոչարյանին  կամ Սարգսյանին ֆանտասմագորիայի՝ ցնորամտության ժանրից է։ Չմոռանալով այս աքսիոմատիկ ճշմարտությունը՝ հարկ է չմոռանալ նաև ժողովրդական իմաստությունը այն մասին, որ «գետանցին ձիերին չեն փոխում», մանավանդ մե'ր գետանցին, որի կամուրջը խարխուլ է, երերուն։

Այնպես որ, Ծառուկյանը և մյուս պետական այրերը Փաշինյանի հեռանալու առաջարկի փոխարեն, լավ կանեին խորհեին, թե ինչպես   օգնել իշխանություններին նրանց վրիպումներն ու  սխալները (իսկ դրանք շատ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ) շտկելու և Հայրենիքը փրկելու համար՝ նշանաբան ունենալով մեծն Չարենցի մարգարեական խոսքերը ազգի միասնակության վերաբերյալ։

Իսկ եթե խոսելու լինենք պետականությունից և մեր վարչակարգից, իմ խորին համոզմամբ, թույլ է տրվել կոպիտ քաղաքական  սխալ՝ անցնել պառլամենտական համակարգի։  Սխալ, որը խարսխված է մի անձնավորության եսակենտրոն նկրտումների վրա՝ մնալ բուրգի վերևում forever.

Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Սակայն, երբեք ուշ չէ։ Իշխանափոխությունը, եթե այն տեղի է ունենալու, պահը ամենահարմարն է նախագահական կառավարմանը վերադառնալու համար։ Թե ինչպես, ինչ ձևով և ինչ միջոցներով, ավելի մանրամասն քննարկման հարց է, անշուշտ, հանրության հետ  և մասնակցությամբ։

Մի կողմից, նախագահական վարչակարգը համահունչ է մեր պատմությանը, ավանդույթներին, հոգեբանությանը, մյուս կողմից՝ բխում է տարածաշրջանային քաղաքական ռեալիայից  և  մեր ռազմաքաղաքական շահերից։ Եվ ամենակարևորը՝ հետկորոնավիրուսային աշխարհաքաղաքական  մոդելավորման տարբերակների մեջ առաջին տեղում դիտվում է էտատիզմի՝ այսինքն ամուր, ավտորիտար թեքումով պետության ստեղծման գաղափարը, սա առաջին։

Մյուս չափանիշները, որոնք կարող են տեղ գտնել միջազգային հարաբերություններում,  դրանք են՝ երկրորդը՝ աշխարհի միլիտարզացիայի՝  ռազմականացման խորացումը, երրորդը՝ մարդկանց և դեպքերի վրա  հսկողության հաստատումը,  և վերջինը՝ չորրորդը, ապագլոբալիզացիայի գերակայությունը։ (Ի դեպ, ապագլոբալիզացիան կհաղթի ոչ թե անտիգլոբալիստների պայքարի շնորհիվ, որն ընթանում է   երկար ժամանակ, այլ այն պարզ պատճառով, որ հաղորդակցությունը կնվազի,  որի հետևանքով կուժեղանա միջազգային անջատողականության և ազգային պրոտեկցիոնիզմի՝ հովանավորության տրամաբանությունը)։

Ինչպես տեսնում ենք, ապագայի վերոնշյալ չորս վարկածները գալիս են փաստելու, որ մեր ընտրությունը՝ պառլամենտարիզմ,  սխալ է,  քանի որ նոր աշխարհում այսօրվա հայաստանյան համակարգերն ու ինստիտուտներն անկատար են,  թերի։

Արդ, Հայաստանի ներկայի և ապագա համար, մենք առաջարկում ենք,  նախագահական կառավարման համակարգ, որը գալիք  բարդ աշխարհակարգում առավելագույնս կհամապատասխանի  հանրապետության պետականության և ազգային շահերին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
17533 reads | 08.06.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com