ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս չորրորդ)․ «ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է ԱՅՍ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ


ՆԱԽՈՐԴԸ՝ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ

Երբ  մեծ դանիացի Համլետը հնչեցրել  է այս դասական դարձվածքը, հավանաբար, մտքի ծայրով անգամ  չի անցկացրել, որ 400 տարի անց  իրենից շատ հեռու գտնվող փոքր մի երկրում՝ Հայաստանում, սխալներն շատ ավելի են լինելու, քան իր հայրենիքում։ Տարբեր ձևի և չափի՝ արհեստական, բնական, ձեռքբերովի։ Ամբողջության մեջ, թե  առանձին դրանք լուրջ վտանգ են ներկայացնում և կարող են կործանարար լինել երկրի ու պետականության  համար։

Ներքին վտանգներ

Հայաստանին սպառնացող վտանգներից խոսելիս հարկ է դրանք տեսնել ու  գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների շրջանակներում, մեր՝ մարդկային կամոք,  թույլ տված մեղքերի և սխալների ֆոնին։ Խորհրդային Միության փլուզումն իր հետ բերեց դարերով երազած անկախությունն ու ինքնիշխանությունը։ Իսկ որպես շնորհակալություն՝ մենք հիմնահատակ վերացրինք  20-րդ դարի չափանիշներով զարգացած արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունն ու տնտեսությունը։ Հետո երկրաշարժը և արցախյան պատերազմը, այս անգամ մեզնից անկախ, լրացուցիչ հարված հասցրին հանրապետությանը։ Սակայն ժողովուրդն ուժ գտավ իր մեջ՝ խուսափելու կործանումից, շտկելու իրավիճակը և հասնելու ներկա մակարդակին՝ լավ, թե վատ։ Այսօր, կորոնավիրուսի պայմաններում մեր վրա կախված է նոր դամոկլյան սուր, որը կախված է այլ՝ մեզնից շատ ավելի հարուստ, ապահով և ինքնաբավ երկրների վրա։

Արդ, մեզ սպառնացող  վտանգների շարքում առաջիններից մեկը էկոլոգիական՝ բնապահպանական աղետն է։ Ես նկատի չունեմ էկոլոգիական գլոբալ աղետները՝ բիոսֆերայի կործանումը, միջուկային ձմեռը, Սառուցյալ օվկիանոսի հալոցքը, թթվածնային աղետը, հրաբուխների ժայքումը և նման ահավոր երևույթները, որոնք, գրանցված չեն անգամ Դատաստանի օրվա ցանկում։ Այս ամենի առաջացման գործում Հայաստանն անմաս է։ Ես նկատի ունեմ լոկալ՝ տեղական էկոլոգիայի վտանգ, որի մեղքն ամբողջովին ընկնում է Հայաստանի նախկին և արդի ղեկավարների, օլիգարխների, գողապետական ռեժիմի  վրա։

Այդ նրանց շնորհիվ է, որ հանրապետության տարածքում այսօր բոլոր հանքերը շահագործվում են էկոլոգիապես վտանգավոր բաց եղանակով, ինչն ուղեկցվում է շրջակա միջավայրի՝ տարբեր տոքսիկ քիմիական նյութերով և ծանր մետաղների աղտոտմամբ։ Լրջագույն սպառնալիք են ներկայացնում նաև տասնամյակների ընթացքում գոյություն ունեցող 23 պոչամբարները: Իսկ Լոռու և Սյունիքի մարզերում երեխաների մազերի և արյան մեջ ծանր մետաղներ են պարունակվում։

Երևան քաղաքում իրականացվում  է բացարձակ հակաէկոլոգիական  քաղաքաշինություն: Այս ամենը լոկալ հակաէկոլոգիական օջախների միայն այսբերգն է։ Իսկ պատկերը կարող է ամբողջացնել Ամուլսարի օդում կախված խնդիրը։

Կորոնավիրուսն իր հետևանքներով անպայմանորեն ծանր հետևանքներ կարող է  է ունենալ ոչ միայն էկոլոգիայի, այլև հանրապետության կյանքի բոլոր ոլորտների վրա։ Մեր հիմնական առևտրական գործընկեր երկրների հետ հաղորդակցության անկանոնությունը կամ խախտումը լուրջ խնդիրներ կարող են առաջացնել կյանքի բնականոն ընթացքի վրա և ստեղծել 90-ական թվականների «մութ և ցուրտ» տարիների մոտ իրավիճակ։ Արդեն հիմա Հայաստանի  արտագնա աշխատողների մասսայական վերադարձը հայրենիք կանխատեսում է հարյուրավոր ընտանիքների կյանքի պայմանների վատթարացում։ Իսկ եթե կորոնավիրուսի համաճարակն ունենա երկրորդ կամ երրորդ ալիքը, ինչպես նախատեսում են մի շարք երկրների, մասնավորապես, բրիտանացի գիտնականները,  և կառավարությունն ստիպված երկարաձգի ինքնամեկուսացման ժամկետները, երկրում կարող է ստեղծվել սոցիալ-տնտեսական  ծանր ճգնաժամային դրություն։

Ի տարբերություն Սպիտակի երկրաշարժի տարիների, հիմա սպասել օգնություն դրսից ռեալ չէ, թեկուզ արդեն վերը նշված «ամեն մեկն իր համար» պարադիգմայի պատճառով։ Իսկ եթե լինի Միջազգային պարենային կազմակերպության կանխատեսած  «պարենային  աղետը», ես ձեռնպահ կմնայի Հայաստանի վիճակը գուշակելուց։

Սակայն մեր դրությունը բարդանում է ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներով և դրանց հնարավոր հետևանքներով։ Ներկայումս հանրապետությունում հասունանում է ներքաղաքական, պայթունավտանգ իրավիճակ, որի շարունակությունը կարող է հանգեցնել ծանր և անգուշակելի հետևանքների Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։
Հետպատերազմյան շրջանում Հայաստանում տեղի ունեցած իր տեսակի մեջ միակ անարյուն և խաղաղ ճանապարհով իշխանությունը գրաված հեղափոխությունը, որը ողջունվեց և ծափահարվեց ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, այսօր ճգնաժամի մեջ է։ «Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով անելու» նրա կազմակերպիչների ազնիվ (ինչ-որ մի տեղ նաիվ) ցանկությունները և ջանքերը, դժբախտաբար, չհասան իրենց նպատակին։ Նախկին կոռումպացված և ժողովրդի կողմից մերժված գողապետական-կրիմինալ ռեժիմի ողնաշարը կոտրելուց հետո՝  հեղափոխությունն սկսեց դոփել տեղում։ Մի շարք օբյեկտիվ պատճառների կողքին թույլ տրվեց  մեկ, ընդամենը մեկ, բայց ճակատագրական վրիպում։

Հեղափոխությունը դանդաղեց և գործի չդրեց այն գործիքակազմը, որով նա պարտավոր էր ապահովել և պաշտպանել նվաճածը։ ոգորված Ռոմանտիզմով տոգորված հեղափոխականները չօգտվեցին  լեգիտիմ վարչակազմին տրված ուժ գործադրելու մենաշնորհից,  ինչը  հետևանք է  անփորձության, պատմությունը չիմանալուն կամ Մաքս Վեբերի տեսությանն ու դասերին անտեղյակ լինելուն։

Նման «մեծահոգությունը», սիրո և համերաշխության պոստուլատներին աներկբա հավատ ընծայելը չի ներվում, և գործի է անցնում «5-րդ» շարասյունն ու  ռևանշիստական ողջ մեխանիզմը, հետ բերելու համար տարիներով կեղեքած հարստությունից և երկնային մանանայի տեսքով իրենց ընծայած իշխանությունը։

Արդյունքում, հայ հասարակությունը  բաժանված է հակոտնյա, թշնամական ատելությամբ լցված անհաշտ պայքարի ելած  երկու ճամբարի։ Պայքար, որը  փոխակերպվում է իսկական հիբրիդային պատերազմի իրեն բնորոշ  բոլոր միջոցներով՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային, տեղեկատվական՝ ունենալով դրսի ուժերի աջակցությունն ու օգնությունը։ Սա այն պատերազմն է, երբ երկրի անվտանգությունը չորս անգամ ավելի խոցելի է, քան նրա դեմ տաք պատերազմի դեպքում։ Չմոռանանք, որ 21-րդ դարի  բարձր տեխնոլոգիաների պայմաններում,  առանց մի կրակոցի,  փլուզվում են ոչ միայն փոքր պետությունները, այլև կայսրությունները, եթե նրանց ներսում տիրում է անհանդուրժողականության, թշնամանքի և երկպառության մթնոլորտ։ Այն, ինչ կատարվում Հայաստանում, ոչ միայն վտանգում է թավշյա հեղափոխությանը։ Այն կարող է կործանել հայկական պետականությունը։ Հիշե'նք պոետի մարգարեական խոսքերը ազգի միասնականության մասին և սթափվենք։

Արտաքին վտանգներ

Հայաստանի և նրա պետականության  զարգացման ներկա փուլում որպես դոմինանտ հանդես է գալիս Արցախի հիմնահարցը։ Նրա՝ Հայաստանին միանալու կամ  միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու հարցը երաշխավորում է հայ ժողովրդի այդ հատվածի գոյությունը, և ոչ միայն։ Հայաստանի անվտանգությունը և հետագա զարգացումը պայմանավորված է Արցախի անկախությամբ և ինքնորոշմամբ։ Հայաստանի արտաքին քաղաքականության խճանկարը դիտարկելիս հարկ է ելնել այն իրողությունից, որ 4 հարևաններից միայն մեկի՝ Իրանի  հետ մենք ունենք բնականոն և նորմալ հարաբերություններ։ Վրաստանի հետ առերևույթ-պաշտոնական   զարգանում են բարեկամական հարաբերություններ, որոնք պարունակում են մի շարք աներևույթ և վտանգավոր խութեր։ Ադրբեջանի հետ մենք գտնվում ենք պրոքսի, կիսապատերազմական վիճակում, որն ամեն վայրկյան կարող է վերածվել տաք պատերազմի։ Իսկ նրա ավագ եղբայր Թուրքիան, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և բաց սահմաններ,  մեղմ ասած, մեր հնամենի, դասական թշնամին է։ Էրդողանի Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական լեյտմոտիվը Օսմանյան կայսրությունը վերակենդանացման ձգտումն է։ Անկարայի ագրեսիան Սիրիայում և Լիբիայում, Միջերկրականի հարավ-արևելյան ավազանում նպատակ են հետապնդում կյանքի կոչել երիտթուրքերի 1920 թվականին մեջլիսում ընդունած Ազգային ուխտը՝ կայսրության տարածքների և սահմանների վերադարձի վերաբերյալ։ Էրդողանին հանգիստ չեն տալիս պանթյուրքիստական հեռահար պլանները, որոնք ընդգրկում են Հարավային Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Կովկասը, Ռուսաստանի մուսուլմանական շրջանները, Միջին Ասիան, մինչև չինական պարիսպները։ Այս ենթատեքստում Հայաստանի ներկա և ապագա ՀՀ և Արցախի ֆիզիկական վերացումը, որպես մուսուլմանական աշխարիի միավորման խոչընդոտի։ Մնում է կարծել և պատրաստ լինել, որ հետկորոնավիրուսային աշխարհը հազիվ թե փոխի Անկարա-Բաքու տանդեմի  հակահայկական ուղղվածությունը և ըստ այդմ ծրագրավորել արտաքին քաղաքական և դիվանագիտական գործառույթները։

Հետհեղափոխական Հայաստանի դիվանագիտության հիմնական վեկտորներից մեկը մնում է հայ-ռուսական հարաբերությունները։ Հայկական կողմը մեծ ջանքեր է գործադրում փոխելու համար նախկին իշխանությունների օրոք ձևավորված ասիմետրիկ հարաբերությունները Մոսկվայի հետ, որը հիշեցնում էր «վասալ-սյուզերեն» հարաբերություններ, հատկապես, տնտեսական կապերի շրջանակներում։ Ռուսաստանը զգուշությամբ ընդունեց նոր իշխանությունների հայտնվելն այն պետության ղեկին, որը Հարավային Կովկասում ավանդաբար եղել և պաշտոնապես մնում է իր միակ ռազմավարական դաշնակիցը։ Մոսկվան չէր կարող  անտարբեր մնալ այն փաստի դեմ-հանդիման, որ հետհեղափոխական վարչակարգի առանցքային պաշտոնները կամ դրանց մեծ մասը վստահվեց դրսում, բայց ոչ Ռուսաստանում, կրթված ու ուսում ստացած երիտասարդների։ Մոսկվայում սկսվեց ձևավորվել այն կարծիքը, որ Հայաստանը հեռանում է իրենց  և «թեքվում» դեպի Արևմուտք։ Այդ գործընթացում մեծ դեր խաղացին նախկին իշխանությունները, որոնք ակտիվորեն մանիպուլացրեցին ադրբեջանա-թրքական հետաքրքրությունների ադեպտ հանդիսացող ռուսական-քաղաքական և տնտեսական իսթեբլիշմենտի այն խավերին, որոնք հետաքրքրված չեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության պահպանմամբ և զարգացմամբ։   Արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում այսօր ստեղծվել են լարված հարաբերություններ, անգամ ինստիտուցիոնալ մակարդակով։ Սա, մեր կարծիքով, վտանգում  է  Հայաստանի ազգային անվտանգությանը  և աշխարհառազմավարական շահերին։ Նման վտանգ ակնհայտորեն սպառնում է նաև Ռուսաստանի հարավկովկասյան աշխարհառազմավարական դոկտրինային, ելնելով այն ապացուցված իրողությունից, որ Մոսկվան՝ Երևանի դեմ-հանդիման պարզապես այլընտրանք չունի։  

Հայաստանը կարիք ունի ավելի ակտիվ դիֆերենցացնելու  արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, ոչ միայն երկկողմ հարաբերությունների մակարդակով, այլև հանդիսանալու համար կամուրջ, կապող օղակ տարբեր վարչակարգ ունեցող պետությունների միջև։ Բացի իր բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքից, Հայաստանը ներառում է եվրոպական և արևելյան մշակույթային արժեքներ, ունի հզոր սփյուռք։ Այնպես որ նա «դատապարտված է» աշխուժացնելու կապերը եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի հետ։ Թերևս, կորոնավիրուսի համաճարակն է պատճառը, որ նշված ուղղություններով առանջընթաց չի նկատվում և համագործակցությունն առկախված է։ Հուսանք, որ դրությունը կփոխվի։

Արտաքին քաղաքականության հաջողությունը պայմանավորված է նրա գործիքակազմի՝ արտաքին գործերի նախարարության ակտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի հետ։ Մինչդեռ հեղափոխության հռչակած թեզերը չմտան ԱԳՆ, կամ շրջանցեցին նրա առանցքային դեսպանությունները և հյուպատոսությունները, որտեղ շարունակում են աշխատել, դեռևս նախկինից նշանակված ոչ պրոֆեսիոնալ կադրեր, ինչը չի կարող համատասխան մակարդակ ապահովել երկրի առաջ դրված խնդիրների բարձրորակ իրականացմանը։

ՎԵՐՋԻՆ ՄԱՍԸ՝ ԱՅՍՏԵՂ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1266 reads | 19.05.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com