ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երկրորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ


ՍԿԻԶԲԸ՝ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ

Վարկած երրորդ
Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով   և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի  մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր  ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի  տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը  450 միլիոն է։  Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։  Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։   Անտարբերությունը իտալացիների և   իսպանացիների նկատմամբ,  և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։  

Ծնվում է  «ամեն մեկն իր համար» կարգախոսը, որը մոռացության է տալիս լիբերալիզմի, դեմոկրատիայի և մարդասիրության եվրոպական  տարրական սկզբունքները։ Հին աշխարհամասը  խորքային փոփոխությունների է ենթարկվում՝ հեռանալով  Միացյալ Նահանգներից, որի տեղը շտապում է զբաղեցնել Չինաստանը։

Եվրոպայում մինչհամաճարակային աշխարհաքաղաքական ծրագրերը և նոր աշխարհակարգի փնտրտուքները կարծես մոռացության են մատնվում։ Այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Եվրոպայում նոր ինտեգրացիոն կառույցներ ստեղծելու վերաբերյալ։ Օրինակ՝ Ֆրանսիա-Գերմանիա-Լեհաստան եռանկյունին, որի վրա, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարելի կլիներ  կառուցել Եվրոպական զինված ուժեր՝ անկախ ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ի հսկողությունից։ Երկրորդական պլան է մղվում Մակրոնի մեկ այլ մտահղացումը նույնպես՝ «մոտեցնել» Ռուսաստանը Եվրոպային՝ մեծացնելով վերջինիս սկսված որոշակի անկախությունը ԱՄՆ-ից։ Այդ ամենի փոխարեն,  բացի պանդեմիայից   Եվրոպայի վրա այսօր կախված է էմիգրացիայի վտանգը, որը բացի համաճարակային և տնտեսական ճգնաժամի խորացմումից, սպառնում է աջ-ազգայնական, նացիոնալիստական տրամադրությունների բուռն աճով՝ մուսուլմանականության վտանգի դեմ-հանդիման՝ հատկապես Գերմանիայում, որտեղ նացիզմի  հետքերը  դեռ ջնջված չեն։
Կորոնավիրուսը թուլացնում է Եվրամիությունը,  առաջին հերթին, նրա վերպետական գործառույթները՝ փոքրացնելով և իջեցնելով դրանք միջկառավարական մակարդակի իր 27 անդամների համար։ ( Ի դեպ, այս երևույթը սպառնում է նաև Եվրազեսին, որի անդամ է Հայաստանը)։
    
Թուրքիայի խաղերը  պանդեմիայի միջանցքներում

Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե մոռացած լիներ Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների դիվանագիտական «master class»-ները և արագորեն և դիպուկ  չարձագանքեր կորոնավիրուսի պանդեմիային։  

Չնայած վարակի բավական ուժեղ տարածմանն ու տնտեսական գրեթե ճգնաժամային իրավիճակին տանը, Անկարան անմիջապես լծվեց միջազգային հեղինակության մրցավազքին։ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է մարդասիրական դիվանագիտությանը՝ հսկայական օգնություն ուղարկելով Եվրոպա և Միացյալ Նահանագներ։ Անկարան բժշկական սարքավորումներ է տրամադրում 55 երկրի, այդ թվում Մեծ Բրիտանիային՝ դառնալով համաճարակի դեմ պայքարի երեք խոշոր մատակարարներից մեկը։ Սա, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ոչ միայն հպարտություն է պատճառում թուրքերին, այլև «գլխիվայր շուռ է տալիս դիվանագիտության նորմերը»։

Վարակը ծանր հարված հասցրեց Արևմուտքին։ Եվ եթե նախկինում  նա էր օգնություն ցուցաբերում, հիմա ի'նքն է այն ստանում։ Այս հանգամանքը 180 %  փոխում է իրադրությունը։ «Պետություն, (Թուրքիան Ա.Ն.) որը սպառնալիք էր ներկայացնում  Արևմուտքի հեղինակությանը և արժեքներին, այսօր հանդես է գալիս որպես փրկարար»։

 Թուրքիայի դիվանագիտական օգնությունը նկատելիորեն  ջերմացրել է  արևմտյան լիդերների վերաբերմունքը դեպի Անկարան։ Դժվարանում ես  դրան հավատալ՝ հիշելով  2019թ․ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների գերլարվածությունը։

Էրդողանն իր ամերիկյան գործընկերոջը (հավանաբար առանց կարմրելու) անվանում է «թանկագին բարեկամ», իսկ Թուրքիան ներկայացնում  որպես  «ԱՄՆ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակից»։ Այստեղ  նա մոռանում է, որ Վաշինգտոնը շարունակում է պաշտպանել սիրիական քրդերին և կամ սպառնում է Անկարային կիրառել պատժամիջոցներ ռուսական S-400-ի պատճառով։ Ի լրացում այս ամենի, Էրդողանը հույս է հայտնում բարելավել տնտեսական և առևտրական  հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ,  համագործակցել մերձավորարևելյան կոնֆլիկտների շրջանակներում։

The Times-ի կարծիքով՝ Էրդողանի սպասումների արդյունքը պարզ կլինի մի քանի ամիս հետո։ Իսկ մեզ, թերևս,  հասկանալի կլինեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումները, որոնք կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում ուժերի հարաբերակցության՝ հետևաբար Հայաստանի համար։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1034 reads | 16.05.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com