«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՔԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ». ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԿՐԱԿՈՑԻՆ ԱԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ
«Սա ավելի շատ դեպքերի արձանագրում է, քան գնահատական և ուժեղ հակահարված, որը պետք է լիներ նաև ավելի բարձր պետական մակարդակով»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2020թ. մարտի 11-ին Նախիջևանի կողմից մահացու կրակոցի առթիվ ԱԳՆ տարածած հայտարարությանն, ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ երեկվա միջադեպն այն դեպքն է, որին պետք է արձագանքի ամբողջ հանրապետությունը, քանի որ լուրջ ազդանշան է: «Իհարկե, չեմ կարծում, որ էստեղ ռազմական գործողություններ կարող են լինել, բայց սա փորձաքարի նման մի բան էր և կարող է ունենալ շարունակություն»,-զգուշացրեց նա:

Հիշեցնենք, որ տևական դադարից հետո Նախիջան-Հայաստան սահմանին դիպուկարահի կրակոցից ՀՀ զինծառայող է սպանվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից մահացած պայմանագրային 26-ամյա Զոհրաբ Սիանոսյանը զոհվել է ՀՀ սահմանին՝ Արարատի մարզում՝ Երասխավանի սահմանի վրա: Ուշագրավ է, որ կրակոցները Հայաստանի վրա հնչել են Նախիջևանից, որտեղ Ադրբեջանը վերջին տարիներին դիրքերի փոփոխություն էր կատարում:

Դեպքի առթիվ ՀՀ միակ արձագանքը ԱԳՆ-ից էր, որում դեպքի դատապարտում չկար: «Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում»,-հայտարարել էր ԱԳՆ-ն՝ շարունակելով. «Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները  վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջ մղման համար»:

«Այն, ինչ ես կարդացի, միգուցե դիվանագիական տեսանկյունից նորմալ էր, բայց այնտեղ ավելի շատ նկարագրություն էր, քան դատապարտում»,-մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց դիվանագետը:

Նրա խոսքով՝ եթե չենք կարողանալու ՀԱՊԿ-ին ներքաշել այս խնդրի մեջ և պահանջել՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, «ՀԱՊԿ-ին անդամությունը դառնում է լրիվ անիմաստ»:

«Ժամանակին, երբ նման բաներ էին լինում, նախկին կառավարությունն ասում էր՝ մենք ինքներս կլուծենք այդ հարցը: Բա էլ ՀԱՊԿ-ն ինչի՞ համար է»,- հարց ուղղեց Նավասարդյանը՝ հավելելով. «Միգուցե ոչ պաշտոնական դա արվում է, բայց դա քիչ է: Անպայմանորեն պետք է դրան տրվի քաղաքական հնչեղություն՝ բոլոր մակարդակներում: Բոլոր այն կառույցներից, որոնց անդամ է Հայաստանը, պետք է պահանջվի ակտիվ գործողություններ և միջոցներ ձեռք առնել՝ նման միջադեպերը և ագրեսիան արգելափակելու համար»:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, վտանգավոր է, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը կարող են փորձեր անել Սիրիայում լարվածությունը տեղափոխելու Կովկաս՝ Հայաստանի ուղղությամբ: «Եթե սրա առաջը չառնվի, սա կարող է ունենալ իր շարունակությունը»,-շեշտեց դիվանագետը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի է ունեցել, տրամաբանական շարունակությունն է իրավիճակի, որը հիմա կա Մերձավոր Արևելքում, և որը պրոեկտվում է նաև մեր տարածաշրջանի վրա: «Հիշենք, որ Էրդողանը վերջերս Բաքվում հայտարարեց, թե Արցախի խնդիրը նաև Թուրքիայի հարցն է, ոչ մենակ Ադրբեջանի, իսկ վերջերս Չավուշողլու կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունումը նույնպես նման արտահայտություն էր»,-նշեց դիվանագետը:
Ուստի, ըստ նրա՝ Նախիջևանի հարցը շատ լուրջ է:

«Նախիջևանն այսօր ավելի թուրքական մարզ է, քան ադրբեջանական: Այնտեղ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տեղի է ունենում միլիտարիզացիա, որը մի նպատակ ունի՝ հնարավորության դեպքում ագրեսիա կազմակերպել Հայաստանի դեմ: Սա նրանք նաև համարում են խաղաթուղթ՝ ազդելու Ռուսաստանի վրա: Կարող են լինել և՛ պրովոկացիաներ, և՛ ավելի լայնամասշտաբ գործողություններ»:

Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը, որն Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից էր, մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից, ինչից կարելի է ենթադրել, որ կրակողը դիպուկահար է եղել: Նա առաջին անգամ էր բարձրացել դիրքեր:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
118 reads | 12.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com