ԿԼԻՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ՈՉ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների և միջազգային լարվածության  կապակցությամբ առաջին հարցը, որը ծագում է մարդկանց մոտ՝ մեկն է,  կլինի՞ պատերազմ, թե ոչ։ Պատասխանը, զուտ լավատեսական դրդապատճառներով,   լինում է մեկը,  ոչ ՝ չի լինի։ Սակայն պետք է բացատրել, թե ինչու չի լինի։ Հարցը հռետորական է,  իսկ պատասխանը՝ պարզունակ, դիլետանտիզմի մակարդակով։

Մինչդեռ,  առաջին քաղաքակրթությունից՝ Շումերներից սկսած  պատերազմները, նվաճումներն ու բռնությունները պատմության անքակտելի մաս են կազմել։ Անցած յոթ ու կես հազար տարիների ընթացքում ընդամենը 360 տարի է խաղաղություն տիրել երկրագնդի վրա։ Այսօր էլ աշխարհի տարբեր ծագերում կռվում, կրակում և սպանում են։

Այդուհանդերձ,  մենք այսօր ապրում ենք պատմության ամենախաղաղ շրջանում։ Եթե հին աշխարհի պատերազմներում   զոհվել է  մարդկության 15% -ը, իսկ  XX  դարում՝  5% -ը,  ապա  այսօր բռնի ուժով մահանում է  նրա ընդամենը 1%-ը։

Բայց 2008 թվականի  համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատճառ դարձավ ռազմական մրցավազքի աշխուժացման։ Պետությունների ռազմական ծախսերը խիստ աճեցին, և մարդիկ՝ հիշելով 1914 թվականին Ավստրիայի էրցհերցոգի սպանության առիթով ծագած Առաջին համաշխարհային պատերազմը,   սկսեցին վախ ապրել. Սիրիայում ընթացող պատերազմն արդյո՞ք  ավելի լուրջ առիթ չի հանդիսանա համաշխարհային  գլոբալ կոնֆլիկտի համար։

Սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում է, որ 1914 թվականի և  արդի աշխարհի միջև տարբերությունն աներևակայելի մեծ է։ 1914-ին պետությունների լիդերների համար պատերազմը  հանդիսացել է տարածքների ընդարձակման և հզորացման աղբյուր։ Իսկ մեր օրերում  բարեհաջող և շահավետ  պատերազմ գոյություն չունի։ Երբ ԱՄՆ-ը մոռացավ այս պարզ ճշմարտությունը, միլիարդներ  ու կյանքեր զոհեց Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում` ոչինչ  չստանալով դրա դիմաց։ Նույնը կատարվեց   ԽՍՀՄ-ի հետ աֆղանական պատերազմի պատճառով։ Մեծագույն հաղթանակը, որը տարավ Միացյալ Նահանգները Խորհրդային Միության  տապալումն էր առանց իսկ մի փամփուշտ ծախսելու։ Չինաստանը տնտեսական ծաղկում  (20 միլիարդ ՀՆԱ) և աշխարհաքաղաքական բարձր հեղինակություն վաստակեց խաղաղ ճանապարհով։ Այնպես որ, հիմա հաղթում են առանց կռվի և կոտորածների։

XXI-րդ դարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ամենամեծ հաղթանակի արդյունքը կարող է չնչին լինել, քանի որ  տնտեսական ակտիվները ոչ թե նավթի և գազի պաշարներն են, ոսկու հանքերը կամ էլ ցորենի ամբարները, այլ ինստիտուտները, տեխնիկական գիտելիքները և բարձր տեխնոլոգիաները։ Apple, Facebook, Google միլիարդներ արժեն, սակայն այդ հարստությանն անհնար է  տիրապետել զենքի ուժով։ Իրանը երկարատև և արյունալի պատերազմից հետո Իրաքի հետ, հրաժարվեց ուրիշի տարածքում կռվելուց և գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ռազմատենչ հայտարարություններից այն կողմ չգնաց։ Նա  պարզապես  անցավ Հզբոլահհի և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի միջոցով  պրոքսի ռազմական գործողություններ իրագործելուն Իրաքում, Սիրիայում, Եմենում և Լիբանանում՝ հեռու մնալով պատերազմելուց  այս կամ այն պետության հետ։

Ռուսաստանը նույնպես  իր աշխարհաքաղաքական խնդիրները, օրինակ, Լիբիայում լուծում է ոչ թե  կանոնավոր բանակի, այլ «Վագներ» կոչվող մասնավոր ռազմական կազմակերպության միջոցով, իսկ ներկա սիրիա-թուրքական բախումների առակայության պայմաններում աշխատում է չմտնել ռազմական գործողությունների մեջ թուրքերի հետ։ «Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմել»,- ասել է Պուտինը  և ավելացրել հետևյալ բազիմաստ նախադասությունը։ «... և ստեղծում է այնպիսի մի վիճակ, որ ոչ-ոքի մտքով անգամ չի անցնի պատերազմել մեզ հետ»։ Լայնամասշտաբ պատերազմերից խուսափելու դասական օրինակ է ցուցաբերում Իսրայելը։ 1967 թ. Վեցօրյա պատերազմից հետո, ապրեց տնտեսական և ռազմական մեծ վերելեք, ոչ թե հաղթանակների, այլ ռազմական գործողություններից զերծ մնալու շնորհիվ։ Ցանկության դեպքում Իսրայելի պաշտպանական բանակը մեկ օրում կարող էր գրավել Դամասկոսը, Գազայի բարձունքը և ոչնչացնել Համասը։ Սակայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի և մյուս պետությունների օրինակով Իսրայելը հասկացել է, որ պատերազմը ոչինչ չի տա։  

XXI դարի լավագույն ռազմավարությունը սպասողական դիրքորոշում ընդունելն է և այլոց՝  քո շահերի համար  պայքարելու հնարավորություն ընձեռնելը։

Նորագույն պատմության ընթացքում պատերազմները դեռ բերել  են տնտեսական օգուտ հաղթողներին, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիային՝ Նապոլեոնին հաղթելուց, կամ ԱՄՆ-ին ՝ հիտլերյան Գերմանիային   ջախջախելուց հետո։ Սակայն ռազմական տեխնոլոգիաների զարգացումը բարդացնում է նման սցենարի կրկնությունը։ Ատոմային ռումբի շնորհիվ պատերազմը դարձել է կոլեկտիվ ինքնասպանության հոմանիշ ։ Պատահական չէ, որ  Հերոսիմայից  և Նագասակիից հետո գերտերություններն ուղղակիորեն չեն պատերազմել մեկմեկու հետ, այլ մասնակցել են համեմատաբար անվտանգ կոնֆլիկտների։

Պատերազմի հնարավորությունը և արդյունավետությունը ավելի է փոքրանում կիբերպատերազմերի երևան գալուց հետո։ Եթե այսօր, օրինակ, ԱՄՆ-ը հարձակվի մի  պետության վրա, որն ունի կիբեռպատերազմ վարելու միջին կարողություններ, ապա վայրկյաններ անց պատերազմը կարող է փոխանցվել նահանգներին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը և լոգիստիկ ռումբերը կարող են պարալիզացնել ամերիկյան ավիաթռիչքները, իրար բախել գնացքները, անջատել էլեկտրաէներգիան և այլն։

Ելնելով այս ամենից, կարելի՞ է բացառել համաշխարհային պատերազմի հավանականությունն ընդհանրապես,  և մեծ ու փոքր պատերազմներինը՝ մասնավորապես։  Նման մտածելակերպը վտանգավոր միամտություն կլիներ։ Չինգիզխանը,  Լենկ Թեմուրը և Նապոլեոնը ապրել և կռվել են անցյալում, բայց ագրեսիվ մոլագարությունը ժամկետներ չունի։

Մեր ժամանակակից Ռեջեփ Թայիբ Էրդողանը դրա կենդանի վկայությունն է։ Պետության լիդեր, որի ուղեղը մթագնած  է Օսմանյան կայսրության վերակենդանացման սին գաղափարով։ Այդ հողի վրա նա պատերազմ է հայտարարել բոլորին՝ փաստելով «Զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ», բանաձևը։ Իսկ հարևանները ուշ թե շուտ ստիպված են լինելու միավորվել նրան սանձելու և խելքի բերելու համար։ Նորելուկ սուլթանի  վարած բազմավեկտոր ագրեսիվ վարքագիծը նման է քամու դեմ միզելուն։

Այդուհանդերձ, Սիրիայում Էրդողանի ավանտյուրան կհանգեցնի՞ ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմի։ Ոչ, չի հանգեցնի։ Սակայն այստեղ բացառված չեն լոկալ, կետային կամ միջնորդված, պրոքսի բախումները։

Այդ դեպքում մենք պետք է կարողանանք ճիշտ հաշվարկել դեպքերի զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակադրվող կողմերից մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուսը, մեղմ ասած, մեր վաղեմի թշնամին։ Չմոռանալով, որ պանթյուքիզմի դոկտրինան և ադրբեջանական միլիտարիզմը ներառում են  Հայաստանը և Արցախը։ Հիշելով անցյալում  մեր ստացած դառը դասերը։

Այսօր, բարեբախտաբար,     15-թվական չէ, ոչ էլ անցյալ դարի վերջերը։ Հայաստանը ի զորու է հաղթահարել արդի միջազգային կատակլիզմները և շրջանցել քաղաքական որոգայթները։ Դրա համար նա ունի համապատասախան ներուժ։  Առկա են նաև բարենապաստ հնարավորություններն ու   օբեկտիվ նախադրյալները։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2169 reads | 05.03.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com