«ՎԱՅՄԱՐՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Յալթայի կոնֆերանսի երեք հայրերը հետպատերազմյան Եվրոպայի քարտեզը գծելիս և ազդեցության ոլորտները բաժանելիս կմտածեի՞ն արդյոք, որ հաջորդ դարի սկզբում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական  այնպիսի ցնցումներ, որ առանց պատերազմի փոփոխվելու է Հին աշխարհամասի քաղաքական լանդշաֆտը, փլուզվելու է Եվրոպան բաժանող պատը, առաջանալու են նոր պետություններ, կազմաքանդվելու են մյուսները։ Հավանաբար չէին մտածի։

Եվրոպայում սկսված փոփոխությունների մեջ կարևորներից մեկը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից հեռանալու «Brexit»-ն էր, որի հնարավոր հետևանքները մենք դեռ այնքան էլ լավ չենք պատկերացնում։ Ասում են՝ հանգուցյալի մասին լռել կամ ասել միայն լավը։ Միացյալ Թագավորությունը աշխարհի համար մեկ կայսրությունն էր, ծովերի տիրակալը, մեծ ավանդույթների ստեղծողը, անգլոսաքսյան  արժեհամակարգի նախահայրը։ Սա հետադարձ հայցքով, իսկ այսօրվա չափանիշով Անգլիան միջուկային,  ռազմական  ու տնտեսական հզոր ներուժ ունեցող պետություն է, Անվտանգության խորհրդի անդամ։ Այնպես որ, դժվար է չափել այն վնասը, որը կկրի Եվրամիությունը նրա հեռանալուց հետո։

Ինչպես ֆիզիկայում, քաղաքականության մեջ նույնպես վակուում  չի լինում։ Եվ եվրոպական քաղաքական առաջաբեմ է դուրս գալիս Ֆրանսիայի երիտասարդ և խարիզմատիկ նախագահ Էմանուել Մակրոնը, որի գենաֆոնդում, ըստ երևույթին, խոսում է մեծ կորսիկացու և գեներալ դը Գոլի արյունը, նրանց   ամբիցիոզ պլաններն ու նկրտումները։ Չդառնա՞լ Եվրոպայի լիդեր։  Իսկ ինչո՞ւ ոչ։ Անգլիայի նման մրցակիցը հեռանում է, Անգելա Մերկելը՝ նույնպես։ Իսկ իր Ֆրանսիան ո'չ Իսպանիա է, ո'չ էլ Իտալիա։ Հզոր ռազմական պոտենցիալ ունեցող միջուկային տերություն, ՄԱԿ-ի ԱԽ հինգ անդամներից մեկը, որը երկու տարի  հետո գլխավորելու է Եվրամիությունը։

Մակրոնը հավանաբար, ծրագրում է  արգելակել  ԵՄ արտաքին քաղաքականության ճգնաժամը: Զգում է  եվրոպական պետություններում խմորվող ներքին տրամադրությունները, որոնց տակ թաքնված է  աշխարհամասը բարձրացնելու, տնտեսապես ամրապնդելու, բացառված չէ, սեփական զինված ուժեր ունենալու գայթակղությունը։ Լավ է հասկանում նաև Արևմտաեվրոպական որոշ պետությունների ձգտումները՝ հնարավոր հեռավորության վրա պահել ԱՄՆ-ին, ինչը հենց իր՝ Մակրոնի  սրտով է։ Նա մտորում է Եվրոպան գլխավորելու  հատկապես հիմա՝ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան աշխարհաքաղաքական մրցությունում։

Որպես  եվրոպական մայրցամաքում իր ծրագրերի իրագործման միջոցներից մեկը՝ Մակրոնն ընտրել է այսպես կոչված «Վայմարի եռանկյուն» ձևաչափը, որը ստեղծվել է գերմանական Վայմար քաղաքում 1991 թվականին։ Կազմակերպությունը կոչված էր ամենից առաջ   նպաստել Լեհաստանի եվրոպական ինտեգրման և ՆԱՏՕ-ում ընդգրկվելու գործընթացին։  Սակայն ժամանակին կազմակերպությունը սառեցրեց իր գործունեությունը, որի պատճառներից մեկը Լեհաստանում հակագերմանական տրամադրությունների  առկայությունն էր։ Ներկայում Մակրոնը ցանկանում է  վերակենդանացնել «Վայմարի եռանկյունին» ՝ ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության ճգնաժամի: Ըստ նրա՝  դա կլինի  Եվրոպական միության նոր ճարտարապետություն, որի շրջանակներում նրան կաջակցեն և' արևմտյան, և' արևելյան Եվրոպայի երկրները։

Սակայն «Վայմարյան եռանկյունու» կենսունակության վերաբերյալ կարծիքները տարանջատվում են։ Ենթադրվում է,  որ ունենալով Եվրոպայի բնակչության 42%-ը, մի կողմից այն  կնպաստի ԵՄ-ի վերականգնմանն ու ամրապնդմանը, բոլոր անդամ-պետությունների ներքին և արտաքին քաղաքականության զարգացմանը։ Մյուս կողմից նշվում են եռանկյան ներսում թաքնված խութեր, որոնք կարող են արգելակել  հաջող մեկնարկին և գոյությանը։ Դրանցից մեկը, ինչպես ասվեց, պատերազմի ժամանակներից Լեհաստանի կողմից  Գերմանիայի նկատմամբ թաքնված քենն է՝  հատկապես լեհ նացիոնալիստների կողմից։ Բացի այդ, Գերմանիան իր հերթին նախանձախնդիր է Մակրոնի կայսերապաշտական ձգտումների նկատմամբ։ Սակայն Մակրոնի համար ամենամեծ խոչընդոտը լեհերի՝ Ամերիկայի նկատմամբ տածած կենսաբանական պաշտամունքն է  և ռուսների նկատմամբ ունեցած նույնատիպ ատելությունը։ Լեհերի համար  Ռուսաստանը թշնամական երկիր է,   իսկ Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են հաշտություն և ընդհանուր Եվրոպայի կառուցում Մոսկվայի հետ միասին: Այդ պայմաններում եռյակի կենսունակության և հաջողության մասին խոսելը  կասկածի տեղիք է տալիս։

Իսկ այս ամենով հանդերձ ի՞նչ կարող է սպասել Հայաստանը «Վայմարյան եռանկյունուց» և ինչպիսի՞ն պետք է լինի նրա դիվանագիտությունն այդ երևույթի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության երկու անդամները Եվրոպայի առանցքային պետություններն են, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի եռանկյունու ապագան, հարկ է շարունակել ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նրանց հետ։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները կարծես թե զարգանում են վերընթաց գծով։ Անհրաժեշտ է ամեն կերպ զարկ տալ դրան և խորացնել բազմակողմ  համագործակցությունը և' Ֆրանսիայի, և' Գերմանիայի հետ։ Հենց այսօր տեղի է ունենում դրա կոնկրետ իրականացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի երկխոսության շրջանակներում։ Վատ չեն զարգանում հարաբերությունները նաև Լեհաստանի հետ։ Սակայն այստեղ կա մի անժխտելի պարագա. այն, որ այդ երկրի և մեր ռազմավարական դաշնակցի ներկայիս հարաբերությունները ծայրաստիճան լարված, անգամ  թշնամական են։ «Իմ բարեկամի թշնամին, իմ թշնամին է» ասացվածքը երբեմն հնչում է այլ կերպ՝ «Իմ բարեկամի թշնամին իմ բարեկամն է»։  

Սա ծուղակ է, որից պետք է խուսափել։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
184 reads | 14.02.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com