ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԴԱԼԱՐ ՄԱՅՐԻՆԵՐԻ ՏԱԿ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Կրկին, արդեն որերորդ անգամ, Լիբանանի գլխին կուտակվում են սև-մութ ամպեր։ Փյունիկեցիների ժառանգների և այդ երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց, որոնց թվին  պատկանում  է նաև տողերիս հեղինակը,  հիշողության մեջ հառնում են ոչ հեռու անցյալի անցքերի մղձավանջային պատկերները՝ 1975 թ. երկրում ծայր առած 15-ամյա քաղաքացիական սպանդը՝ տասնյակ հազարավոր զոհերով, հարյուր հազարավոր գաղթականներով և նյութական անհաշիվ վնասներով։ Իսկ երբ 1976-ին Լիբանան մուտք գործեցին տասնյակ հազարավոր սիրիական  զորքերը, դրությունն ավելի սաստկացավ։ Հետո երկու անգամ երկիր ներխուժեցին իսրայելական զորքերը (1978-ին և 1982-ին)։ Այդ ամենի հետևանքով  իշխանությունն ընկավ հոգեվարքի մեջ, ավերվեցին ենթակառույցները, ծայր առավ չդադարող արտագաղթը։

Լիբանանցին սկսեց մոռանալ «Լիբանանը  երկրորդ Շվեյցարիա է», «Բեյրութը փոքր Փարիզը է» գովեստական համեմատականները։  Իսկ այսօր երկիրն անդամալույծ է ամեն առումներով։ Անցյալ տարվա հոկտեմբերից  այն տառապում է ֆինանսական արգելափակման և պատժամիջոցների հետևանքով։ Սառեցված են դրամական գործողություններն արտերկրի հետ, շաբաթվա ընթացքում ավանդատուներին առձեռն տրվում է 100 դոլար։ Մարդկանց աչքերի առջև փլուզվում է միջազգային առումով  լավագույն բանկային համակարգերից  մեկը։ Էլեկտրաէներգիայի  մատակարարումը հիշեցնում է 90-ականների Հայաստանը։ Գների աճը և  ապրանքների բացակայությունը՝ նույնպես։

Հակաիշխանական  մասսայական ցույցերի և բողոքների ֆոնին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, որը չհանդարտեցրեց հասարակության լայն խավերի, հատկապես երիտասարդության ընդվզումը։ Ինչպես լինում է նման իրադրությունում,  տնտեսական բողոքները և հուզումները ընդունեցին  քաղաքական բնույթ։ Մարդիկ պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել կոռումպացված նախարարներին, գանձագողերին  և կաշառակերներին՝ հատկապես արտգործնախարար, նախագահ Աունի փեսա Բասիլին։ Երեքամսյա անիշխանությունից հետո Լիբանանում կազմվեց կառավարություն Դիյաբի գլխավորութամբ, ինչն ամենևին չլիցքաթափեց լարված իրադրությունը։ Բողոքի ալիքը չի հանդարտվում, իսկ նախագահը պահանջում է ոստիկանությունից և զինված ուժերից կարգ ու կանոն հաստատել երկրում, գործի են դրվում ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Հիվանդանոց ընկածների թիվը հազարի է հասնում։

Իսկ ինչպե՞ս են նայում այդ ամենին օտար պետությունները։ Ռուսաստանը կոչ է անում խաղաղություն հաստատել երկրում, իսկ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հրաժարվում  են նեցուկ կանգնել նորաստեղծ կառավարությանը երկու պատճառով.  ժողովուրդը չի ընդունում նորաստեղծ կառավարությանը, պահաջում է մաքրել երկիրը ճգնաժամի հասցրած պաշտոնյաներից և զեղծարարներից։ Մյուս պատճառն ավելի ծանրակշիռ է։ Հատկապես  Վաշինգտոնը կտրուկ առարկություններ ունի այն կապակցությամբ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական ջոկատ լիբանանյան Հըզբոլլահը իշխանության կողքին է։ Այդ իսկ պատճառով, ինչպես հայտարարեց պետքարտուղար Պոմպեոն, Միացյալ Նահանգները հրաժարվում են Բեյրութին տրամադրել նախատեսնված 4 միլիարդը, որն «օդ ու ջրի պես պետք է» նրան։ Հարկ է նշել, որ Ամերիկան միշտ էլ անհաշտ դիրքորոշում ունի Հըզբոլլահի նկատմամբ և մտցրել է այն ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ։ Իրանաամերիկյան հարաբերությունների ներկա պայմաններում Վաշինգտոնի հակահզբոլլահական գիծն էլ ավելի է խստացել։ Իսկ այդ կազմակերպության լիդեր Նասրալահի վերջերս արած հայտարարությունը, թե պայքարելու են ամերիկացիների  դեմ, մինչև նրանց հեռանալը տարածաշրջանից «ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական դիրքով», կարծես թե մեկնաբանության կարիք չկա։

Ընդհանրապես, ներկա քաղաքական իրավիճակում Հըզբոլլահի նման քաղաքականությունը հղի է վտանգավոր հետևանքներով, քանի որ բացառված չէ հակաամերիկյան պրոքսի, լոկալ պատերազմի հավանակությունը իրանական ռեզերվներ ունեցող մերձավորարևելյան երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, որն այդ հողի վրա արդեն պատերազմել  է Իսրայելի հետ 2006 թվականին։ Եթե նկատի առնենք արդի միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային տուրբուլենտային բնույթը, ինչպես նաև Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը, ապա պատերազմն այդ երկրի համար կարող է լինել կործանարար։  

Նույնը վերաբերում է  հայ համայնքին, որը ժամանակին կոչվում  էր երկրորդ Հայաստան,  իսկ այսօր այն քառորդ միլիոնից իջել է 40-50 հազարի և տարբեր գործոնների ներքո ժամանակի և տարածության մեջ դատապարտված է ուծացման։

Ի՞նչ անել։ Անել այն, ինչը չարվեց, կամ համարյա չարվեց սիրիական պատերազմի ժամանակ։ Կազմակերպել ներգաղթ Լիբանանից, գոնե փոքր մասշտաբներով։ Վերջին հաշվով, դա կլինի ներկա իշխանությունների հայտարարած  ծրագրի կոնկրետ արտահայտություններից մեկը։ Լիբանանահայերց շատերը պատրաստ են ներգաղթել մայր հայրենիք, եթե Հայաստանի իշխանությունները գնան ընդառաջ և  ստեղծեն համապատասխան պայմաններ։ Հիշենք անցյալ դարի քառասունական թվականների ներգաղթը, երբ   Լիբանանից եկած մեր հայրենակիցները, հետպատերազմյան ծանր պայմաններում, մեծ ներդրում ունեցան երկրի վերականգնման ու զարգացման գործում։ Լիբանանահայերի ներկա սերունդը կարող է նույնն անել, և ավելին։

Օգնենք մեր հայրենակիցներին, դրանով իսկ օգնած կլինենք  Հայաստանի առաջընթացին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
476 reads | 03.02.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com