ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՏԱԽՏԻ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




21-րդ դարի քաղաքակիրթ  աշխարհում հազիվ թե գտնվի որևէ պետություն (Ադրբեջանից զատ), որը, օբյեկտիվ դատելու դեպքում,  չտեսնի,  որ թուրքական արդի ղեկավարության երակներում գլուխ է բարձրացնում թուրք-քոչվորական արյան կանչը՝ նվաճել, գերեվարել, տիրել, յուրացնել։ Ապացուցված է,  որ այդ բնազդը անքակտելի մասնիկն է թուրքերի աշխարընկալման, մտածելակերպի և էթնոհոգեբանական կերտվածքի։ Ըստ երևույթին, գործում է իներցիայի օրենքը, որը նրանց ուղեղներում  արթնացնում է  օսմանյան կայսրության հաղթարշավի տեսարանները  դեպի կենտրոնական  Եվրոպա՝ խաչակիրների դիակների վրայով , կամ էլ հինգ ու կես դար առաջ Կոնստանտնուպոլսի գրավման պատկերները։

Մոռանալով, որ փոխվել են ժամանակները, ժողովուրդները, պետությունները՝  ամեն ինչ և ամենքը,  Անկարան անցյալ դարի կեսերին հայկական Ալեքսանդրետի սանջակը և Կիպրոսի գրեթե կեսը գրավելուց հետո, անցյալ հոկտեմբերին իսլամական ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ զավթեց հարևան Սիրիայի մի մասը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ։ Չնայած իր դաշնակիցների հետ  ունեցած  պայմանավորվածություններին առ այն, որ թուրքական  զինուժը ժամանակավոր է օկուպացրել հարևան սուվերեն պետության տարածքը, ընդ որում, առանց նրա համաձայնության, Էրդողանի մտքով անգամ չի անցնում հեռանալ Սիրիայից։ Ավելին, նա պատրաստվում ներխուժել հարևան Իրաք և նրա նավթառատ Մոսուլից խողովակաշար անցկացնել մինչև իր տարածքները։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում վերջինս անում է «խելքին փչածը», ինչպես enfant terrille.

Քաղաքական դեպքերի զարգացումը կասկած չի թողնում, որ սկսվող տարին ավելի «բերքառատ», ավելի «արդյունավետ» է լինելու Անկարայի զավթողական նկրտումերի ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է, որ նա  մասնակցում է Լիբիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին։ Կարելի է վստահաբար ասել, որ շուտով Թուրքիան միջերկրածովյան ավազանում կունենա երկու ռազմական կոնֆլիկտ, մեկը Սիրիայում, մյուսը՝ Լիբիայում։ Ինչու՞մն է խնդրի էությունը։

Տեղեկատվական. 2011 թ. Լիբիայի իշխանությունների  և խռովարարների միջև սկսվեցին ռազմական բախումներ, ՆԱՏՕ-ի անմիջական հսկողությամբ։ Ալյանսը  ռազմական օժանդակություն ցուցաբերեց հակակադաֆիական շարժմանը, որի  մարտիկները սպանեցին Լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամմար Կադդաֆիին։ Տարածաշրջանի ամենակայուն և բարգավաճ պետությունն ընկղմվեց քաոսի, կլանային բախումների, ահաբեկչության և աղքատության մղձավանջի մեջ։ Ութ տարի անց Լիբիան բաժանված է պատերազմող «Ազգային միասնություն» պետության լիդեր Ֆայեզ Սառաջի և ապաստամբած մարշալ Հաֆտարի միջև, որի զորքերը գրավել են երկրի մեծ մասը և գրոհում են մայրաքաղաքը։ Լիբիան աստիճանաբար վերածվում է մագրիբյաբ Սիրիայի (Մագրիբ-Հյուսիսային Աֆրիկայի երեք պետություններ՝ Ալժիր, Թունիս, Մարոկո)։ Լիբիայում տեղի է ունենում «լիվանիզացիա» կամ «բալկանիզացիա՝», այսինքն՝ երկիրը տրոհվում է։ Եվ քանի որ բոլոր՝ հատկապես մեծ տերություններին հատուկ են դիվանագիտական, տնտեսական և ֆինանսական շահերի գերակայությունը, նրանք լիբիական կոնֆլիկտը փաստորեն վերածել են լոկալ պատերազմի։ Ավելացնենք, որ հակամարտող ճամբարներում խորը խրամատորվել են ահաբեկիչների ստվար խմբավորումներ։
Իսկ Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե առիթից չօգտվեր և չփորձեր պղտոր ջրում գրավել նոր տարածքներ, և ոչ միայն։


Անկարան հանդես է գալիս որպես Սառաջի դաշնակից՝ մի քանի դրդապատճառներով։ Նախ՝ Լիբիան աշխարհի ամենանավթառատ երկրներից է։ Նավթը՝  նավթով։ Թուրքիան Տրիպոլիի կառավարության հետ վերջերս ստորագրել է ծովային սահմանների դելիմիտացիայի համաձայնագիր (սահմանների որոշում)։ Նպատա՞կը։ Դուրս գալ Միջերկրական ծովի հարավային մասի մեկուսացումից և հաստատել իրավունքը տարածքների ածխաջրային շահագործման վրա, որը կյանքի և մահու հարց է Հունաստանի և Կիպրոսի համար, քանի որ այդ դեպքում Թուրքիան փորձելու է «քիթը խոթել» ուրիշի ունեցվածքի մեջ։ Արդյունքում Հունաստանն ահագնացող կոնֆլիկտում հովանավորում  է մարշալ Հաֆտարին։ Իսկ Թուրքիան շարունակում է ակտիվ գործողություններ Սառաջին պաշտպանելու ուղղությամբ։ Էրդողանը սպառնում է մինչև 8 հազարանոց զորակազմ ուղարկել Հաֆտարի դեմ։ Մեջլիսը, իհարկե, ձևի համար պաշտպանում է նման քայլը։ Բացի պրոֆեսիոնալ զինուժից Անկարան օգտվում է սիրիական ընդդիմության ռեզերվից, այսինքն ահաբեկչական խմբավորումներից։ Անցյալ շաբաթվա ընթացքում նա Լիբիա է ուղարկել սիրիական 120 ահաբեկիչ։ Ստացվում է, որ պրոֆեսիոնալ մարդասպաններին չեզոքանելու փոխարեն, Էրդողանն օգտագործում է դրանց որպես ռեզերվ  իր ռազմաքաղաքական նպատակների համար։  

Սակայն Լիբիական ոդիսականի քաղաքական ինտրիգը կայանում է նրանում, որ Ռուսաստանը և Թուրքիան հայտնվել են բարիկադի տարբեր կողմերում։ Ասել, որ ակտիվորեն  համագործակցող Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումներն  առաջին անգամ են երկփեղկվում, մոլորություն կլիներ։ Ունենալով բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթեր և  պայմանավորվածություններ՝ Սիրիայում նրանց «ջուրը մի առվով չի գնում» և ամեն վայրկյան կարող է  հանգեցնել ռազմական բախման։ Իսկ Ղրիմի հարցում Էրդողանի դիրքորոշումը դասական օրինակն է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի դաշնակիցը։

Էրդողանը կրակի վրա յուղ ավելացրեց, երբ օրերս հայտարարեց, թե Լիբիայում տեղակայված են ռուսական «Վագներ» մասնավոր կամավորական կազմակերպության 2000 վարձկաններ, ինչը կտրականպես հերքում են Մոսկվայի իշխանությունները։

Այսպիսով,  կոնֆլիկտի մի կողմում   Թուրքիան է, մյուսում՝ Ռուսաստանը։ Առաջինի կողքին Քաթարն է, երկրորդի՝ Եգիպտոսը, Արաբական էմիրաթները, որոշ առումով Հունաստանը,  Կիպրոսը, Չադը և Սուդանը։  ՆԱՏՕ-ի երկրները տարբեր դիրքորոշում ունեն լիբիական կոնֆլիկտի նկատմամբ, այսինքն միասնական մոտեցում չկա, նույնը վերաբերում է ԱՄՆ-ին։ Բարեբախտաբար,  բոլոր խաղացողներն այստեղ չեն ներգրավել իրենց զինված ուժերը։ Դեռ չեն ներգրավել։ Սակայն դեպքերի զարգացումը Լիբիայում և նրա շուրջն ամեն վայրկյան կարող է պրոքսի պատերազմից ձևափոխվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որոշ վերլուծաբանների կարծիքով՝  անգամ Երրորդ համաշխարհայինի, ինչը, մեր կարծիքով, քաղաքական ապոկալիպսիսի ժանրից է։

Բոլոր դեպքերում, ինչպիսի՞ն կլինի կոնֆլիկտի հետագա զարգացումը։ Ձեռնպահ մնալով կանխատեսումից, ինչն անշնորհակալ գործ է, կարելի է չբացառել հետևյալ սցենարը։ Ռուսաստանը և Թուքիան, որպես հիմնական խաղացողներ, կարող են գտնել փոխզիջումային կետեր։ Այդ ուղղությամբ են զարգանում դեպքերը՝ վերջերս թուրքական պատվիրակություն ժամանեց Մոսկվա։ Իսկ Պուտինի հունվարի 8-ի այցը Անկարա կարող է կետերը տեղադրել «i»-երի վրա։ Եվ եթե կողմերը գան ընդհանուր հայտարարի, և բացառեն ռազմական առճակատումը բացառված չէ, որ  Լիբիան ներառեն իրենց ազդեցության ոլորտներ։  Ինչպես և ինչ կերպ՝ դա արդեն այլ խնդիր է։

Իսկ  լիբիական կոնֆլիկտն արդյո՞ք պարունակում է վտանգ մեզ համար։ Իհարկե, պարունակում է։  Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մասնիկն  է, և այն, ինչ կատարվում է այնտեղ, այս կամ այն չափով պրոյեկտվում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Երկրորդը, և   ամենակարևորը։ Լիբիական կոնֆլիկտում խաղարկվում է 1920 թ. երիտթուրքերի ընդունած «Ազգային ուխտի» սցենարը օսմանյան կայսրության տարածքների և սահմանների վերաբերյալ։ Թուրքերը չեն մոռանում, որ Լիբիան նույնպես եղել է իր  լծի տակ (16-րդ դար)։ Կարող եք դա անվանել պանթյուրքիզմ, նեոօսմանիզմ։ Դրանից Անկարայի քաղաքականությունը չի փոխվի։

Այնպես որ, դյուզն անգամ չպետք է կասկածել, որ նման խելահեղ պլաններ ՀՀ և Արցախի նկատմամբ ևս պտտվում են օսմանիզմի  ներկա ժառանգների և նրանց կրտսեր եղբայրների ուղեղներում։ Նախիջևանը՝ ձեզ օրինակ։ Կասկածելը կամ մոռանալը այս, հավասարազոր է ազգային շահերի և պետականության դավաճանություն։

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ամերիկացիների կողմից տեղի ունեցավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը կարող է նոր որակ և տեսակ հաղորդել իրան-ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերություններին, կունենա  հետևանքներ  Մերձավոր Արևելքում, բացառված չէ նաև Լիբիայում։  «DIPLOMAT AM»-ը ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը և իր վերլուծությունն ու մեկնաբանություններն այդ կապակցությամբ կկիսի օգտատերերի հետ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2238 reads | 04.01.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com