ՀՀ և ԱՐՑԱԽԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ ԿԱՄ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Հայկական Մեծ եղեռնից 100 տարի անց արդի ՀՀ-ն և Արցախը կանգնած են նոր մարտահրավերների առաջ՝ դիմակայել երկու հարևանների կողմից նյութվող ռազմական սպառնալիքներին, տարածքային նկրտումներին և ֆիզիկական վտանգներին, որոնց գումարվում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ քաղաքական խաղերն ու ինտրիգները։

Այդ ամենը մեզ թելադրում է շտապ լուծումներ փնտրել ազգային և պետական շահերի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհում և Մերձավոր Արևելքում ստեղծված միանգամայն նոր, տուրբուլենտային  իրավիճակը, միջազգային գերլարված հարաբերությունները և ուժերի հարաբերակցությունը, ապա հայապահպանման հրամայականը կարելի կլինի դասել մեր ներկա և ապագա զարգացման՝  անգամ գոյատևման դոմինանտային կատեգորիայի առաջին շարքում։  

Ավելորդ է նշել, որ հանրապետության արտաքին արտաքին քաղաքականության և դիվանագիտության առաջ ծառացած վերոնշյալ խնդիրները օրգանապես շաղկապվում են Հայաստանում սկսված համակարգային (հեղափոխական) բարեփոխումների գործընթացի հետ, որոնց իրականացումը պահանջում է ողջ հայ ժողովրդի ներուժի կենտրոնացում:

Քանի որ հայկականության զարգացման հետագա դինամիկան, անգամ գոյատևումը, ամբողջապես պայմանավորվում է արցախյան հիմնահարցի մեզ համար ընդունելի հանգուցալուծմամբ, ապա հարկ է լավ պատկերացնել և ճիշտ հաշվարկել Հայաստան-Արցախ հարաբերությունների յուրաքանչյուր քայլը, նրանց փոխկապակցվածությունը և այդ պետական միավորների կոռելյացիան, սիմետրիկության չափերն ու աստիճանները՝ հաշվի առնելով, անշուշտ,  անցած երեսուն տարիների հայոց պետականության ռազմական, քաղաքական և դիվանագիտական վրիպումները։

Հետադարձ հայացք նետելով միջազգային հարաբերությունների ներկայիս ամենաձգձգված և չլուծվող ճգնաժամի՝ արցախյան հիմնահարցի վրա, կարելի է զարմանալ, թե ինչպես միջազգային հանրությունը, անգամ մենք ևս  «մոռացել» ենք, որ 1989 թ.  դեկտեմբերի 1-ից Արցախը փաստացի և իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս է, որը վերահաստատվել է 1990 թ.  23-ի Անկախության հռչակագրով,  և որպես այդպիսին, անկախացել է ԽՍՀՄ-ից՝ լինելով Հայաստանի Հանրապետության կազմում։ Ավելին, Արցախի՝ Հայաստանի Հանրապետության մաս լինելը ամրագրված է նաև Ազգերի Լիգայի 1920 թ. փետրվարի  24-ի հատուկ զեկույց-առաջարկով։ Չգիտես ինչու մեր ուշադրություից  դուրս է մնացել մի գերկարևոր հանգամանք՝ մեկնակետ ընդունել ոչ միայն սովետական, այլև հետխորհրդային շրջանի ավարտը։ Ուրեմն  պետք է սրբագրել 30 տարվա սնամեջ բանակցությունները և վերադառնալ մի կետի, այն է՝ մինչ ԽՍՀՄ-ի երևան գալը: Այս դեպքում միջազգային իրավունքը գործ կունենա Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստորագրված միջազգային պայմանագրերի և Ազգերի լիգայի որոշումների հետ, ինչը կվերականգնի  հայկական պետականության իրավահաջորդությունը նախքան ԽՍՀՄ կողմից դրա միակցումը: Իսկ  Ադրբեջանը, ճանաչելով իրեն որպես Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, ստիպված կլինի ճանաչել այդ միջազգային փաստաթղթերի իրավական ուժը: Նման սցենարի շրջանակներում արցախյան հիմնախնդիրը դառնում է հայկական հարցի միջազգային տարր, որի դեպքում  Միացյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվում են  ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի ուղղությամբ։

Արցախյան շարժման առաջին իսկ պահից հայկական կողմից հասարակությանը ներկայացվել է հանգուցալուծման երկու տարբերակ՝ միացում Հայաստանին  կամ Արցախի միջազգային ճանաչում, որոնք տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով եղել են  մեռելածին և հազիվ թե իրականականան, գոնե,  գուշակելի ապագայում։

Արդ, ելնելով այս անհեռանկարային իրողությունից, մենք առաջարկում ենք, երկու հայկական պետությունների հիման վրա՝ դե յուրե (Հայաստան) և դե ֆակտո (Արցախ), ստեղծել Միացյալ Հայաստան։ Միացյալ Հայաստանը կարող է լինել ֆեդերալ (համադաշնություն) կամ կոնֆեդերալ (դաշնություն) ձևով, որը ներկա քաղաքական ռեալիայում, մեր կարծիքով, հարցի լավագույն լուծումը կհանդիսանա։  

Արցախի՝ Հայաստանին միակցվելը կարող է բիկֆորդյան քուղ հանդիսանալ տարածաշրջանում։  Իսկ միջազգային ճանաչման հավանականությունը գրեթե զրոյական է։ Դրա փոխարեն  մենք առաջարկում երկու ժողովրդավարական հայկական պետությունների միավորման այս սցենարը՝  հետագայում միջազգային ճանաչման հասնելու հեռանկարով։

Իսկ քանի որ հայության մինչև  3/4 մինչև ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա Միացյալ Հայաստանի ստեղծման պարագային նրա  իշխանությունները պետք է հաշվի առնեն սփյուռքահայության իրավունքներն ու պարտականությունները հայկական պետականության նկատմամբ ևս:

Միացյալ Հայաստանի կայացումը երկարատև և համակարգված աշխատանք է նախատեսում։  Ամենից առաջ անհրաժեշտ է ստեղծել Միացյալ Հայաստանի սահմանադրական դաշտ։ Օրենսդիր իշխանությունը կազմված կլինի երկու պալատներից ՝ Գերագույն խորհրդից (ստորին պալատ) և Սենատից (վերին պալատ): Միացյալ Հայաստանի Գերագույն խորհուրդը  ներկայացնում է Հայաստանի պետությունների տարածքում բնակվող քաղաքացիների շահերը: Սենատը թույլ է տալիս ապահովել հայ ժողովրդի ամբողջականությունը՝ ներկայացնելով հայկական սփյուռքի շահերը, իրավունքներն ու պարտականությունները հայոց պետականության շրջանակներում։ Գալով Հայաստանի Հանրապետության և Արցախի գործադիր իշխանության մարմիններին, նրանց  միջև հարաբերությունները՝ հիերարխիկ են: Միավորված Հայաստանի գործադիր իշխանության տեղակայումը հիմնված կլինի Հայաստանի Հանրապետության համապատասխան հաստատությունների վրա ՝ ելնելով գործառույթների բարդությունից: Հայաստանն արդեն ունի համապատասխան փորձ ՝ Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հիմքի վրա Հայաստանի Միացյալ զինված ուժերի կազմավորման օրինակով:

Միասնական պետք է լինի նաև  դատաիրավական համակարգը: Միավորման գործընթացում կարևոր է հաշվի առնել, որ  Արցախը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ պետություն։ Նա ֆեդերացիա է կազմում Հայաստանի Հանրապետության հետ կամավոր սկզբունքների վրա և չի կարող դիտարկվել որպես Արցախի Հանրապետության բռնակցում Հայաստանի Հանրապետության հետ, այլ ճանաչվում է որպես  հայկական պետականության նոր ձև, որի շրջանակներում յուրաքանչյուր միավորը կպահպանի իր ֆեդերացիայի կազմում, ինչն էլ կհանգեցնի  տարածաշրջանում նոր դերակատարի ձևավորմանը: Այս համատեքստում Արցախի կարգավիճակի փոփոխությունը սկիզբ կհանդիսանա նոր օրակարգի և գլոբալ փոփոխությունների համար: Հետևաբար Արցախի `որպես անկախ պետություն ճանաչման հարցն էապես ավելորդ է դառնում, և, այդպիսով, կարող է նույնիսկ հեռացվում՝ օրակարգից օրակարգից:

Հիմա փորձենք ներկայացնել Միացյալ Հայաստանի նկատմամբ մեր տեսլականը տարածաշրջանային և միջպետական հարաբերությունների տեսանկյունից։ Թե ինչպիսին կլինի դիրքորոշումը Միացյալ  Հայաստանի նկատմամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային քաղաքական կոնյուկտուրայից, ինչպես նաև այն հանգամանքից, թե ինչպես կդրսևորեն իրենց հայկական արտաքին քաղաքանությունը և դիվանագիտական ծառայությունը։

Հարավային Կովկասի ներկա քաղաքական իրավիճակը անկայուն է և հեղեղուկ։ Իրանա-ամերիկյան լարված հարաբերությունները, Վրաստանի Արևմուտքին հարելու ձգտումները և այդ կապակցությամբ Մոսկվա-Թբիլիսի չհանդարտվող կրքերը, թուրք-ադրբեջանական միլիտարիստական-զավթողական նկրտումները Հայաստանի և Արցախի նկատմամբ, և վերջապես կիսապատերազմական իրավիճակը տարածաշրջանը դարձնում են միջազգային հարաբերությունների ամենալարված և թեժ կետերից մեկը։ Հայկական միասնական ուժեղ, էությամբ դեմոկրատական և խաղաղասեր  պետության հայտնությունն այստեղ կարող է խաղալ քաղաքական կրքերը հանդարտեցնող գործոնի դեր, դառնալ միջնորդ-կարգավորող պետություն, որի գործառույթները կարող են համընկնել տարածաշրջանի և, ոչ միայն, երկրների շահերի հետ։

Ռուսաստանը կճանաչի Միացյալ Հայաստանը որպես իր միակ դաշնակցի ներկա Հայաստանի իրավահաջորդ, այն պարզ պատճառով, որ փոխարինել տարածաշրջանային մեկ այլ պետության հետ՝ նա պարզապես չի կարող։ Ուժեղացնելով կապերը Միացյալ Հայաստանի հետ՝ Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում մյուս խաղացողների՝ Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի և Չինաստանի այս ուղղությամբ աշխարհաքաղաքական ձգտումերին դեմ հանդիման։

Կովկասում Իրանի երկարաժամկետ ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի հետ: Դա բացատրվում է Իրանի հավասարակշռությունը պահպանելու ձգտմամբ։ Ադրբեջանը որպես թյուրքական պետություն, նրա սերտ կապերը Թուրքիայի և Իսրայելի հետ ստեղծում են Իրանի համար անբարենպաստ ռազմավարական միջավայր: Չհաշված Բաքվի  չմարող  անուրջները՝ միավորվել Ատրպատականի հետ։  Ադրբեջանի և Թուրքիայի պանթյուրքական նկրտումները, որոնք թյուրքական գերիշխանություն հաստատելու նպատակ ունեն, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական ռազմավարական գործընկերներ Իսրայելի անվերապահ հակաիրանական պատկանելիությունը ստեղծում են ռազմավարական արեալ, որտեղ համընկնում են Հայաստանի և Իրանի ռազմավարական առաջնահերթությունները: Այնպես որ, Միացյալ Հայաստանի ստեղծումը ամենայն հավանականությամբ Իրանի կողմից կընդունվի դրականորեն։

Կասկածից վեր է, որ Միացյալ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը կլինի բացասական, սակայն նկատի ունենալով Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև Թուրքիայի ոչ հարթ, որոշ առումով, բարդ հարաբերությունները Վաշինգտոնի և Բրուսելի հետ, կբացառվի նրա կողմից կոշտ ուժի կիրառումը նորաստեղծ հայկական պետության նկատմամբ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2819 reads | 18.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com