ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՄԵԾ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ, ԶԵՆՔ, ԶԻՆՈՒԺ Է ՀԱՎԱՔՎՈՒՄ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը դարակազմիկ չէր: Առավել կարևոր է գործընթաց, որը տեղի է ունենում տարածաշրջանում, պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է, Նախիջևանում կատարվող գործողությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ Արման Նավասարդյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե ինչ է արվել, բայց թե կուլիսներում ի՞նչ խոսակցություն է եղել, մենք դա չգիտենք:

«Բայց ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ դարակազմիկ հանդիպում է եղել կամ դիվանագիտական ճեղքում, ինչպես ասում են, որովհետև դրանից առաջ Լավրովի՝ Հայաստան և Բաքու այցերը, հուշում էին այն մասին, թե ինչ ճանապարհով են գնալու բանակցությունները: Իրոք, այնտեղ պետք է լիներ ընդհանուր ձևակերպումներ, ինչպես եղել էր երկու մայրաքաղաքներում՝ փոխհամաձայնության ու փոխզիջումների ճանապարհով, բայց թե դա որքանո՞վ կլինի դիվանագիտական բեկում հարաբերություններում, դժվարանում եմ ասել:

Բայց ընդհանուր գործընթացը խոսում է այն մասին, որ ընդհանուր հույսեր, մեծ հեռանկարներ այստեղ տեսնելը կլիներ ոչ շատ ճիշտ»,-ասաց Արման Նավասարդյանը:

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաև հոկտեմբերին Բաքվում կայացած «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 7-րդ համաժողովին, և նշեց, որ դա նույն պանթուրքիստական քաղաքականության զարգացումն է:

«ՌԴ-ն փորձում է հսկել այդ կազմակերպության հետագա դինամիկան, և Լավրովը երկու անգամ է անդրադարձել դրան»,-ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ դա ընդհանուր պանթուրքսիստական քաղաքականության քաղաքականություններից մեկն է՝ հիմնված «Ազգային ուխտի» սկզբունքի վրա, որը վերաբերում է Օսմանյան կայսրության սահմանների ու տարածքների վերականգնմանը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ն, ըստ էության, երկու կողմից է թիրախավորվում, Արման Նավասարդյանն ասաց. «Իհարկե, Թուրքիան Սիրիայում չի կանգնելու, շարունակելու է իր գործողությունները, սա՝ մեկ: Երկրորդ, պանթուրքիստական գաղափարախոսությունը երկրորդ շնչառություն է ստանում Արաբական գարունից հետո, սա դեպի Արևելք ուղղված քաղաքական կուրս է, որի ուղղություններից մեկը Հայաստանն է. այստեղից հասնել Հյուսիսային Կովկաս, դրանից հետո հաջորդ թիրախը կարող է լինել ՌԴ-ի մուսուլմանական շրջանները, ինչպես նաև՝ Միջին Ասիան: Եվ, բնականաբար, սա ուղղված է Հայաստանի դեմ, սա նախազգուշացնում ու մտահոգություն է առաջացնում անգամ չինացիների մոտ, և չին դիվանագետները կարծում են, որ Հայաստանը սա կարող է կանգնեցնել»,-ասաց Նավասարդյանը:

Նա նշեց, որ այս քաղաքականության պարագայում ՀՀ-ի համար խնդիրը միայն Արցախը չէ, կա նաև Նախիջևանի խնդիր:

«Մենք նախիջևանյան շատ մեծ խնդիր ունենք, այնտեղ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական շատ ակտիվ միլիտարիզացիոն կուրս. և՛ ռազմական տեխնիկա, և՛ զինուժ է հավաքվում, այնտեղ տարին մի քանի անգամ զորախաղեր են տեղի ունենում, այնտեղ, վերջին հաշվով, Ադրբեջանի երկու տիեզերական կայաններից մեկն է գտնվում, որը հետախուզական աշխատանք է կատարում, և Ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ դեր ունեցավ բացասական առումով: Այնտեղ է Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, և այն սահմանը, որ գոյություն ունի 13կմ երկարությամբ, անարգել Թուրքիային է կցում և՛ զինուժը, և՛ մարդկանց, և կարծես թե երկրորդական պլան մղում Ադրբեջանին, բայց բոլոր գործողություններն անում միասին»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ 2010 թվականին կնքած պայմանագիր ունեն՝ ուղղված երրորդ երկրի դեմ, և դա Հայաստանն է:

Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանն այդ ամենի դեմ և ՀՀ-ի պետական քաղաքականությունը որքանո՞վ է ուշադրություն դարձնում այս հարցին, Նավասարդյանն ասաց. «Ես առանձնապես չեմ նկատել, որ մեր արտաքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում: Կան մարդիկ, ովքեր շատ մտահոգված են, բայց պետական մակարդակով պետք է տարվի քաղաքականություն, մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է նպատակամղվի այս խնդրի կասեցմանը և աշխատանք տանի այս ուղղությամբ միջազգային հողի վրա՝ հասկացնելով, որ այս ամենը միայն Հայաստանի դեմ չէ:  Սա մաբողջ քաղաքակիրթ աշխարհին է վերաբերում»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2162 reads | 07.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com