ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ ՄՈՏ Է ԼՈՒԾՄԱՆ, ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է
Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցին Հայաստան՝ նշելով, որ այն դրական է համարում: Նա նաև նշեց, թե չի կարծում, որ Արցախի հիմնախնդիրը մոտ է կարգավորման, սակայն ամենակարևորը, ըստ նրա, ստատուս քվոյի պահպանումն է։  Գրում է Tert.am-ը:

«Ես Լավրովի այցելությունը շատ եմ կարևորում և համոզված եմ, որ նա ուղղորդում է ռուսական արտաքին քաղաքականությունը շատ բարձր մակարդակով և մեծ հեղինակություն ունի»,- ասաց  նա: Արման Նավասարդյանը նկատեց, որ Լավրովը կոշտ էր արձագանքել, երբ հնչել էր հայտարարություն, թե Արցախը Հայաստան է ու վերջ, սակայն կարևորեց, որ Հայաստանում Լավրովը նշեց, որ առանց Արցախի ժողովրդի հնարավոր չէ կարգավորում:

«Ռուս-հայկական հարաբերությունները նորմալ և զարգացման շրջանակների մեջ են: Ամերիկան, թեև չէր ցանկանա, որ ռուսական ազդեցությունն ուժեղանա այստեղ, սակայն արցախյան հարցի հանգուցալուծման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասություններ չկան և սա միակ կետն է, որտեղ նրանք չունեն հակասություններ: Երկու պետությունն էլ ցանկանում են հարցի խաղաղ լուծում՝ ելնելով նաև իրենց քաղաքական շահերից: Ես չեմ կարծում, որ արցախյան հարցը մոտ է լուծման, որ բանակցային գործընթացը կվերականգնվի, բայց ամենակարևորը ստատուս քվոյի պահպանման հարցն է և որքան շարունակվի ստատուս քվոյի պահպանումը, դա օգուտ է Հայաստանին»,-ասաց նա:

Դիվանագետը կարևորեց նաև ՌԴ–Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների զարգացումը: «Այս բոլոր թոհուբոհի մեջ նորից գլուխ են բարձրացնում պանթուրքիստական քաղաքականության սկզբունքները, որի վկայություններից մեկը Բաքվում թյուրքալեզու երկրների պետությունների գագաթաժողովն էր, որին միացավ Ուզբեկստանը: Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անում են այդ կազմն ընդարձակելու համար»,- ասաց նա և նշեց, որ պանթուրքիզմն ուղղված է մի կողմից դեպի Ռուսաստան, մյուս կողմից դեպի Չինաստան:

Արման Նավասարդյանը նշեց, որ Ռուսաստանը փորձում է վերահսկողության տակ վերցնել պանթուրքիզմի քաղաքականությունը: «Ռուսաստանը փորձում է հսկողության տակ վերցնել այդ շարժումը, քանի որ դա Ռուսաստանի շահերի դեմ է ուղղված: Այս ամբողջ դեպքերի զարգացման մեջ կարևորում եմ Ադրբեջանի քաղաքականությունը. նա փորձում է այս քողի տակ հնարավորինս հարվածել Հայաստանին և Հայաստանի շահերին»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը նշեց, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները ոչ միայն պահենք, այլ նաև դա կարևոր է՝ Թուրքիայի կողմից Հայաստանին ագրեսիայի ենթարկելու դեպքում: «Մենք պետք է հնարավորինս զարգացնենք հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բայց երբ հնչում են կարծիքներ, որ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՆԱՏՕ-ին անդամագրվենք, սրանք վտանգավոր միտումներ են»,-ասաց նա:

 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
144 reads | 13.11.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com