ՄԵՐ ԳԼԽԻՆ ԻՐՈՔ ՎՏԱՆԳ Է ԿԱԽՎԱԾ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՊԱՆԹՅՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
«Թուրքիան Սիրիայում ոչ միայն անվտանգության գոտի ստեղծելու նպատակ է հետապնդում, այլ փաստորեն փորձում է իրագործել հեռու գնացող ծրագիր, որը կոչվում է «Ազգային ուխտ», ինչպես գիտեք՝ այն ընդունվել է 1920-ին՝ երիտթուրքերի կողմից: Վերջինս վերաբերում է Թուրքիայի սահմանների և տարածքների ամբողջականությանը և անվտանգությանը: Նրանք այդ մասին, իհարկե, չեն խոսում»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Թուրքիան կարող է հասնել մինչև իրաքյան Մոսուլ, որտեղ գտնվում են ամենանավթաբեր շրջանները:

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ տեղի է ունենում ընդհանրապես աշխարհաքաղաքական իրադրության և ռելիեֆի շատ կտրուկ փոփոխություն: Նավասարդյանի խոսքերով՝ Միացյալ Նահանգների հեռանալը Սիրիայից ձևական բնույթ է կրում, միևնույն ժամանակ, այս պահին շահեց Ռուսաստանը, որը կարողացավ թուրքերի ձեռքով, առանց մի կրակոցի, գոնե այս շրջանում հեռացնել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքից: «Սա համարում եմ ռուսական դիվանագիտության փայլուն հաղթանակը: Այսօր Ռուսաստանը համարվում է Մերձավոր Արևելքի համար մեկ պետությունը»:

Տարածաշրջանային զարգացումները, ստեղծված իրավիճակը գնահատելով Հայաստանի դիտանկյունից՝ Նավասարդյանը փաստեց, որ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու պաշտոնական Երևանի որոշումը ճիշտ էր: «Հայաստանը փաստորեն դուրս է գալիս միջազգային ասպարեզ՝ որպես հեղինակավոր պետություն, որի հետ չեն կարող հաշվի չնստել… Կարծում եմ, որ հետագայում Հայաստանը անպայմանորեն պետք է շարունակի այդ քաղաքական գիծը, մասնավորապես Սիրիայի, Մերձավոր Արևելքի հանդեպ»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում անելիքներին՝ Նավասարդյանը փաստեց, որ Հայաստանը քաղաքական կոնցեպցիաներ չունի՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարևան Ադրբեջանի: «Այն հայտարարությունները, որ եղան սրանից մի քանի օր առաջ Բաքվում՝ կապված Զանգեզուրի հետ, կապված մուսուլմանական աշխարհի մեջ սեպ խրած Հայաստանի հետ, որ պետք է վերացվի, դրանից առաջ խոսվեց Նժդեհի մասին, այս ամենը մի շղթայի օղակ է և վկայում է այն մասին, որ մեր գլխին իրոք վտանգ է կախված: Եվ նման հայտարարություններին արձագանքելը, խոսնակի մակարդակով, ոչինչ չի տա: Պետք են շատ ակտիվ, կազմակերպված գործողություններ համաշխարհային քաղաքականության խորապատկերին հասկացնելու համար՝ տեսեք՝ ինչ է կատարվում: Այս քաղաքականությունը, որը վարում են Թուրքիան և Ադրբեջանը, փաստորեն ուղղված է մի փոքր Հայաստանին վերացնելու այն ճանապարհից, որը խանգարում է պանթյուրքիստական քաղաքականության իրագործմանը»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
171 reads | 02.11.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com