ԹՈՒՐՔԻԱՆ ԼՐՋՈՐԵՆ ՊԼԱՆՆԵՐ Է ՀՅՈՒՍՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ և՛ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, և՛ ՓԱՌՔԸ՝ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողություններին՝ նշելով, որ Թուրքիան պլանավորված և մտածված իրականացնում է իր հեռահար ծրագրերը, անունը դնելով, թե պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, մինչդեռ իրականում պատերազմում է քրդերի դեմ: Ըստ նրա՝ Թուրքիան չի կիրառում այն պայմանավորվածությունները, որ ձեռք է բերել ՌԴ-ի և Իրանի, նաև ինչ-որ տեղ ԱՄՆ-ի հետ՝ երկրի ամբողջականության պահպանման ուղղությամբ: Նավասարդյանի համոզմամբ՝ Թուրքիան այսօր լրջորեն պլաններ է հյուսում վերադարձնելու Օսմանյան կայսրության և՛ տարածքները, և՛ փառքը և դառնա տարածաշրջանի թիվ մեկ պետությունը: Արման Նավասարդյանը նշեց, որ Թուրքիան լուրջ վտանգ է սպառնում նաև ՀՀ-ին՝ Նախիջևանի ուղղությամբ, որտեղ ժամանակակից զենք է կուտակում:

-Պարո´ն Նավասարդյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Թուրքիան այդուհանդերձ որոշեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ սկսել այն դեպքում, երբ կարծես Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա քննադատվեց միջազգային հանրության, այդ թվում՝ նաև ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից:

-Թուրքիան պլանավորված և մտածված իրականացնում է իր հեռահար ծրագրերը, անունը դրվում է, որ նա պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, բայց իրականում խոսքը վերաբերում է քրդերի դեմ պատերազմին: Նա անունը դնում է, որ ստեղծում է ապահովության գոտի իր սահմաններին, բայց լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ընդ որում, սա երրորդ ռազմական գործողությունն է, որ նա անում է 2016 թ. սկսած՝ առաջին գործողությունը «Եփրատի վահան» էր կոչվում, երկրորդը՝ «Ձիթենու ճյուղ» և երրորդը սա է, որը «Խաղաղության գարուն» է կոչել: Թուրքիան, փաստորեն, չի կիրառում  այն պայմանավորվածությունները, որ ձեռք է բերել ՌԴ-ի և Իրանի հետ, նաև ինչ-որ տեղ ԱՄՆ-ի հետ՝ երկրի ամբողջականության պահպանման ուղղությամբ: Թուրքիան երբեք և երբեք լուրջ պայքար չի մղել և չի էլ մղի իսլամական ուժերի դեմ, և քանի ԻԼԻՊ քաղաքը գոյություն ունի որպես ամրոց, և Թուրքիան նրա դեմ միջոցներ ձեռք չի առնում, սիրիական  հարցը չի լուծվի:

Շատ մեծ կոնտինգենտ են հավաքել, կարծես 80 000, որոնց թվում կան 20 000 իսլամիստներ, որոնք կռվում են Ասադի դեմ՝ թուրքերի հետ միասին: Սա է իրականությունը: ԱՄՆ-ն կտրուկ կրճատեց իր ներկայությունը Սիրիայում, քանի որ Թրամփը կարծում է, որ պետք չէ, որ ԱՄՆ-ն արտասահմանում ունենա զինվորներ, և նրանք պետք է վերադառնան, ու դա շատ մեծ ծախսերի հետ է կապված: Սա, իհարկե, պայմանավորված է մոտակա ընտրություններով, բայց սրանով, փաստորեն, նա քրդերին դավաճանեց, գրավել է լուռ դիտորդի կարգավիճակ, ոչ մի քայլի չի դիմում, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, և քրդերը մնացել են մեն-մենակ՝ այս մեծ վտանգի դեմ հանդիման:  

-Ինչպե՞ս եք գնահատում, ինչի՞ կհանգեցնի Թուրքիայի ագրեսիան, ի՞նչ հեռանկարներ կան:

-Թուրքերը միանշանակ հաղթանակ կտանեն քրդերի դեմ, որովհետև անհամաչափ են ուժերը, և քրդերը դրանից հետո կանցնեն լայնամասշտաբ պարտիզանական պատերազմի, սա է այս հրահրված պատերազմի հեռանկարը:

-Տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կարելի  է սպասել, և կարո՞ղ ենք արձանագրել, որ Թուրքիան իրեն դրսևորում է որպես տարածաշրջանում խաղի կանոններ թելադրող միջազգային սուբյեկտ:

-Միանշանակ չէի ասի, Թուրքիան չի կարող որևէ խաղի կանոն թելադրել, Ռուսաստանն է այնտեղ «առաջին ջութակը», բայց Թուրքիան կարողանում է այս իրադրության մեջ խաղալ իր խաղը. նա Ռուսաստանի հետ է վարում իր քաղաքականությունը և Ամերիկայից լրիվ չի կտրվում: Սա մաքուր  թուրքական քաղաքականություն է, և Թուրքիան այսօր շատ լրջորեն պլաններ է հյուսում վերադարձնելու Օսմանյան կայսրության ժամանակի և´ տարածքները, և´ փառքը և դառնա տարածաշրջանի համար մեկ պետություն: Վերջնական նպատակն է նաև ունենալ միջուկային զենք, դա իմ խորին համոզմունքն է, և այդ Աքքույուի ատոմակայանի կառուցումից հետո նա անպայման կնախաձեռնի նաև այդ  խնդրի իրականացմանը և կդառնա լրիվ անկախ քաղաքական և ռազմական միավոր: Այն, ինչ որ նա ձեռք է բերել S 400 , F 35  ինքնաթիռը և այլն, սա պարզապես նախերգանք է այն մեծ կայսերական նկրտումների, որ նա փայփայում է և գնում է այդ ճանապարհով:

-Ի վերջո Թուրքիան, հնարավո՞ր է, որ հեռանա ՆԱՏՕ-ից:

-Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս նա չի անի, որովհետև Թուրքիային և ԱՄՆ-ին կապում են որոշակի կապեր, և չեմ կարծում, որ միանգամից դա կկտրվի, Թուրքիան ինքը կհեռանա ԱՄՆ-ից այն դեպքում, եթե նա դառնա մերձավորարևելյան, տարածաշրջանային, ասիական ուղղությամբ գերտերություն: Այդ դեպքում նա կարող է լրիվ ԱՄՆ-ից կտրվել: Բայց  այսօրվա դրությամբ նա կրկնակի խաղ է խաղում: Տեսանելի ապագայում նա կարող է կտրվել և ԱՄՆ-ից, և, եթե պետք լինի, նաև ՌԴ-ից: ՌԴ-ի հետ նրա բարեկամությունը ես երբեք երկարատև չեմ համարում, նա, փաստորեն, օգտվում է այն առիթից՝ քաղաքական բարդ իրադրությունից, որ կա, և նա այսօր ՌԴ-ի խաղաքարտն օգտագործում է Միացյալ Նահանգների դեմ: Այստեղ տարածաշրջանում կարող է թիմերի ու ծրագրերի լուրջ տեղաշարժեր լինել ոչ միայն քաղաքական առումով, այլ  ռազմական: Այստեղ Իսրայելը կարող է շատ ակտիվորեն մտնել քաղաքականության մեջ, եթե թուրքերն այդտեղ ստեղծեն ռազմական իրավիճակ, և քրդական այս շարժումը վտանգ սպառնա նաև Իսրայելին, նա  կարող է  վճռական գործողություններ ձեռնարկել: Իրանը հիմա, դժվարանում եմ ասել, թե ինչպես այս իրադրությունում կդրսևորի իրեն, որովհետև այն պայմանավորվածությունները, որ կային ՌԴ-ի, Իրանի և Թուրքիաի միջև, կոպիտ կերպով խախտվում է այս ռազմական գործողություններով:

-Պարո´ն Նավասարդյան, անդրադառնանք մեր խնդիրներին, ինչ հնարավո՞ր վտանգներ կարող է Հայաստանը կրել Թուրքիայի այս ակտիվացումից:
 
- Թուրքիան լուրջ վտանգ է սպառնում ՀՀ-ին Նախիջևանի ուղղությամբ: Գիտեք, որ 2 ամիս առաջ վիզային ռեժիմը Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերացվեց, և այդ սահմանում, որ կա՝ 13 կմ Թուրքիայից դեպի Նախիջևան, հիմա շատ ուժեղ միլիտարիզացիոն քաղաքականություն է վարվում, ժամանակակից զենք են լցնում Նախիջևանի տարածք, և սա կոչվում է ոչ միայն  միլիտարիզացիա, այլ տարածքի անեքսիա՝ և՛ ներտնտեսական, և´ ռազմական առումով: Ադրբեջանը, կարծես թե, երկրորդական պլան է քաշվում, չնայած մնում է Թուրքիայի մերձավոր դաշնակիցը, և անընդհատ նրանք ռազմական զորավարժություն են անցկացնում, իսկ սլաքն ուղղված է դեպի Հայաստան, 60 կմ է Երևանից մինչև Նախիջևան, իսկ դեպի Ստեփանակերտ ձգվող ճանապարհը գտնվում է նշանառության տակ: Այսինքն՝ այնպիսի վիճակ է, պետք է մենք շատ աչալուրջ լինենք:

-Իսկ ՀՀ արտգործնախարարության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն նաև Սիրիայում սկսված ռազմական գործողությունները դատապարտող հայատրություն էր տարածել և կոչ արել գործադրել գործուն միջազգային ջանքեր՝ այս ռազմական ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ:

-Շատ լավ է, ժամանակին են արել, ճիշտ են արել, այդ ակտիվությունը գովելի է, դա պետք է առաջ արվեր և շարունակվի: Այստեղ խնդիրը նաև այն է, որ ՌԴ-ն պետք է շատ մեծ դեր խաղա, որովհետև փաստորեն խոսքը ոչ թե Նախիջևանի տարածքի սահմանների մասին է, այլ ՀՀ-Թուրքիա առճակատման վտանգի, որը վտանգի տակ է դնում ՀՀ-ի  անվտանգությունը: Իսկ ՀՀ-ն՝ որպես ՌԴ-ի դաշնակից, ինչպես նաև ունենալով երկկողմ հարաբերություններ, ռազմական պայմանագրեր, ռուսական զորքերի ներկայությունն այստեղ և ամենակարևորը՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պետք է որ ապահովագրված լինի այս երկրների և առաջին հերթին ՌԴ-ի կողմից: Շատ բարդ քաղաքական վիճակում ենք գտնվում, և պետք է մեր դիվանագիտությունը լինի շատ ակտիվ, ճկուն և օգտակար:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
128 reads | 12.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com