ՋՈՆ ԲՈԼԹՈՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Հանկարծակի, բայց ոչ անսպասելի։ Շատ վերլուծաբաններ այսպես են  գնահատում Դոնալդ Թրամփի թիմի առանցքային խաղացողներից մեկի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնազրկման մասին հաղորդագրությունը։ Այս կապակցությամբ հիշվում է ԱՄՆ նախագահի հախուռն և էքսցենտրիկ բնավորությունը, որի հետևանքով երկու տարում  նա  փոխում է անվտանգության հարցերով երրորդ խորհրդականին՝ չհաշված վարչակարգի տասնյակ այլ բարձրաստիճան չինովնիկներին։

Սակայն սա այդ դեպքը չէ, այստեղ ոչ էլ առանձնապես դեր են խաղացել նախագահի կամային հատկանիշները։ Թրամփ-Բոլթոն հարաբերություններն ունեն խորքային հակասություններ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրների վերաբերյալ, որոնք աստիճանաբար աճելով, հասան անհամատեղելության բարձրակետին, որից այն կողմ ղեկավարի և ենթակայի աշխատանքը դառնում է անհամատեղելի։

Նախ՝ Թրամփը և Բոլթոնը  տարբեր դիրքորոշումներ ունեին ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարախոսության հարցերում։ Բոլթոնը միջազգային հարաբերություններում ոչ միայն կոշտ քաղաքականության, այլև ռազմական միջոցների կիրառման ջատագով է, ինչը նա փորձեց կիրառել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի և Աֆղանստանի, անգամ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ արդարացնելով  քաղաքական «բազե» պիտակը։

Այս ենթատեքստում հակադրել նրան Թրամփին և ասել, որ վերջինս խաղաղության աղավնի է, չափազանցություն կլիներ։ Սակայն Ամերիկայի առաջնորդն  ապացուցեց, որ  արտաքին քաղաքականությունում պրագմատիկ-ուտիլիտար գործիչ է, որի գործելակերպը տարբերվում է  Բոլթոնի ինտերվենցիոնիստական՝ ռազմատենչ հոգեբանությունից և փիլիսոփայությունից։

Ըստ երևույթին, բացի այսբերգի երևացող մասից, կան նաև այլ  լուրջ հանգամանքներ, որոնք լցրին  նախագահի համբերության բաժակը։ Քաջատեղյակ «Monde»-ի վկայությամբ, «Դոնալդ Թրամփը հավանաբար  կասկածի տակ է դրել իր խորհրդականի  լոյալությունը և մեղավոր ճանաչել ինֆորմացիայի արտահոսքի մեջ»։  Պետության համար սա ավելի վտանգավոր  է, քան հայացքների բևեռայնությունը։

Բոլոր դեպքերում Բոլթոնի պաշտոնաթողության կապակցությամբ միջազգային ասպարեզում ծայր առած մեկնաբանություններում գերակայում են լավատեսական կանխատեսումներ, հատկապես, Վաշինգտոնի՝ իրանական քաղաքականության  ուղղությամբ։ Այստեղ խոսվում է  մոտ օրերս ՄԱԿ-ում Թրամփ-Ռոհանի հանդիպման, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շրջանակներում ամերիկյան դիրքորոշման հնարավոր փոփոխության, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերանայման և այլ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ։

Այդուհանդերձ, եթե Իրանի կողմից հնչում են լավատեսական նոտաներ «բացվող պատուհանի» հույսով, ապա Կրեմլը  ցուցաբերում է չափավորված օպտիմիզմ երկկողմ հարաբերությունների «ճեղքման»  հարցում՝ համարելով, որ եղածը Ամերիկայի «ներքին գործն» է, և ոչ ավելին։  Նման դիրքորոշումը,  հավանաբար, պայմանավորվում է  Վաշինգոնից, հատկապես, պետքարտուղար Պոմպեոյի կողմից հնչող  հայտարարություններով, որոնք կարելի է վերծանել մեկ դարձվածքով՝ «շատ չոգևորվեք», «առանձնապես Իրանի հարցում»։ Ավելին, հենց Միացյալ Նահանգներում բոլորը չէ, որ ողջունում են Թրամփի քայլը։ Գործարար շրջանակները ներկայացնող «The Wall Street Journal»-ն իր առաջնորդողում ափսոսանք է հայտնում այն մարդու հեռացման կապակցությամբ, որը կարողանում էր պաշտպանել նախագահին «իր բնազդներից»։

«Աշխարհը դարձավ ավելի վտանգաշատ»,- եզրակացնում է  թերթը։

Բոլթոնի հեռանալու կապակցությամբ քիչ չեն գուշակությունները, թե ով է լինելու նրա հաջորդը։ Խոսվում  է հինգ թեկնածուների մասին, այդ թվում հնչում են Թրամփի փեսայի՝ Քուշների և Պոմպեոյի անունները, որոնք պրոֆեսիոնալներ չեն։ Չի  բացառվում, որ վերջինս կարող է զբաղեցնել երկու պաշտոն՝ պետքարտուղարի և անվտանգության խորհրդի նախագահի։ Ամերիկայի պատմության մեջ նման համատեղություն եղել է միայն Հենրի Քիսինջերի հետ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կտա կամ չի տա Հայաստանին Բոլթոնի հեռանալը։ Չափազանցել կատարվածը երկրի արտաքին քաղաքականության զարգացման առումով՝ պետք չէ, իհարկե։ Իմ կարծիքով, այն պարզապես հարկ է դիտարկել  աշխարհաքաղաքական գործընթացների հետ կապակցված։

Նախ՝ հայ-ռուսական հարաբերություններում Երևանի գրաված տեղի և խաղարկվող դերի մասին։ Բոլթոնն իր կարճատև գործունեության ընթացքում ապացուցեց, որ  Ռուսաստանի  և ԱՊՀ-ի երկրների կապերի թուլացման և հետագա զարգացմանն արգելակող ակտիվ կողմնակից է։ Այդ նպատակով Հարավային Կովկասից սկիզբ առած նրա առաքելությունն ավարտվեց Բելառուսում, որտեղ սլավոնական երկու պետությունների մեջ սեպ խրելու փորձից բացի, «բազեն» համոզում էր «Բատկային» չմիավորվել Ռուսաստանի հետ, ինչը կարող է բերել «Պուտինի իշխանության երկարաձգման»։  

Իսկ տարածաշրջանում գտնվելու ժամանակ Բոլթոնը դիֆերենցված դիրքորոշում ցուցաբերեց երեք հանրապետություններում։ Տպավորությունն այնպիսին էր, որ նա Հայաստանը առանձնացնում է երկու հարևաններից որպես ժողովրդավարություն նվաճած երկիր և  արցախյան հիմնախնդիրը հանգուցալուծելու պոտենցիալ ունեցող հանրապետություն։ (Նման սելեկտիվ՝ ընտրողական մոտեցումը ամենևին չխանգարեց,  որպեսզի ամերիկյան վարչակազմը վերջերս 100 միլիոն դոլար հատկացնի Ադրբեջանին ռազմական ծախսերի համար, զուգահեռաբար Հայաստանին տրվող օգնությունն իջեցնելով  մինչև 3 միլիոն)։

Հետո երևանյան այցելության ժամանակ Բոլթոնն արեց  կազուսային բնույթի հայտարարություն, որ  Հայաստանը կարող է ձեռք բերել  ամերիկյան զենք։  Բնականաբար, նման տիպի գործչի կողմից արտաբերած խոսքը ցայսօր մնում է քաղաքական  շրջանակների ինտրիգային թեման՝ երկրում և դրսում՝ չնայած նման առաջարկության ռեալության ցածր հավանականությանը։

Հաջորդ երկու խնդիրները, որոնք ավելի լուրջ են և կարող են ունենալ քաղաքական հետևանքներ, հայկական զորախմբի Սիրայում գտնվել էր և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկան։ Կարելի է ենթադրել, որ այս երկու հարցերը կան և կշարունակեն մնալ երկկողմ հարաբերությունների օրակարգում։

Եվ վերջինը։ Անկախ այն բանից, թե ով կդառնա Թրամփի հաջորդը՝ «բազե», թե «աղավնի», վստահաբար կարելի է ասել, որ Վաշինգտոնի քաղաքական  գիծը համաշխարհային թատերաբեմում մեծ տրանսֆորմացիայի  չի ենթարկվի։ Կարող են լինել աննշան փոփոխություններ ամերիկյան արտաքին քաղաքականության տակտիկայում, բայց ստրատեգիայում՝ ոչ։ Սա ամբողջովին վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին ևս։ Ելնելով այս հնարավոր զարգացումներից՝ Հայաստանը պետք է հաշվարկի, վերլուծի և ծրագրավորի իր ամերիկյան արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
717 reads | 13.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com