ՉԻՆԱԿԱՆ «Master Class» ՀԱՅ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ, ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ


ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Նախաբան
Անհիշելի ժամանակներից  չինացիները ստեղծել են ռազմավարական հայեցակարգ՝ դոկտրինա, որն ամփոփված է այսպես կոչված ստրատագեմաների բանաձևերում։  Դրանք 36-ն են, և  այսօր էլ չեն կորցրել իրենց,  այժմէականությունը,  ակտիվորեն գործում են միջազգային հարաբերություններում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում ընդամենը մի քանի ստրատագեմաներին (NN 5, 9, 10, 14), որոնք Թուրքիան կիրառել և ներկայում փորձում է կիրառել հարևան պետությունների` այդ թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում:

Չինական հնագույն դիվանագիտության մեջ առանցքային դեր են խաղում այսպես կոչված ‹‹դիվանագիտական ստրատագեմաները››։  Նախ հասկանանք, թե ինչ է «ստրատագեման»։ Ստրատագեման  գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիները ճարպիկ ինտրիգաններ են, խորամանկ խաբեբաներ: Ամենևին: Դա մի ժողովուրդ է, որն առաջին հերթին ունի ռազմավարական մտածողություն, կազմում է երկարաժամկետ պլաններ` ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, կարողանում է հաշվարկել իրադրությունը շատ քայլեր առաջ և օգտագործում  է ռազմավարական որոգայթներ հաջողության հասնելու նպատակով։

‹‹Ստրատագեմիզմը» ազգային բնավորության հատկանիշ է, էթնոհոգեբանական առանձնահատկություն, արժեհամակագային կատեգորիա։ Ստրատագեման հիշատակվում է Սուն Ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որը Կոնֆուցիուսի ժամանակակիցն է:  

Կանգ առնենք ստարատագեմաներից մի քանիսի վրա, որոնք հնուց ի վեր կիրառվում  են միջպետական հարաբերություններում։

Ստրատագեմա N 5. ‹‹Հափշտակել հրդեհի պահին››: Կոչվում է նաև ‹‹գիշանգղի ստրատագեմա››: Սուն Ցզին հետևյալ կերպ է մեկնաբանում այս ստրատագեման. ‹‹երբ թշնամին հայտնվել է քաոսային վիճակում,  եկել է նրան հաղթանակելու ժամանակը››: Միջազգային հարաբերությունների   առումով դա նշանակում է օգտվել այլ պետության դժվարություններից, քաոսային վիճակից, զենքի ուժով ծնկի բերել նրան կամ բանակցությունների միջոցով հասնել դրված նպատակներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կիրառվել է N 5 ստրատագեման: Օրինակ` Խորհրդային Միության հարձակումը Աֆղանստանի վրա 1979 թվականին: «Հրդեհը», որից օգտվեց ԽՍՀՄ-ը` Տարակիի պետական հեղաշրջման փորձի հետևանքով Աֆղանստանի անկայուն իրավիճակն էր, քաոսային իրադրությունը Իրանում և ԱՄՆ-ի կաթվածահար վիճակը` Թեհրանում ամերիկյան դիվանագետներին պատանդ վերցնելու հետևանքով:

Մասնագետների կարծիքով այս ստրատագեման է գործել Վերսալյան բանակցությունների ժամանակ, երբ Անգլիայի վարչապետ Լլոյդ Զորջը խոստացել էր Գերմանիայից ‹‹քամել›› ամեն ինչ, ‹‹մինչև վերջին կաթիլը››: Դաշնակիցները պահանջեցին 5 մլրդ. դոլար ռազմատուգանք, սառեցվեցին գերմանական  արտասահմանյան ակտիվները 7  մլրդ.  դոլարի չափով, բացի այդ, Գերմանիան հրաժարվում էր իր տարածքերի 13%-ից` հօգուտ Լեհաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի: Գերմանական բանակը կրճատվում էր` թողնելով ընդամենը 100 հազար կամավոր։  

Հենրի Քիսինջերը նման պատժամիջոցները Գերմանիայի նկատմամբ համարում է սխալ ու անարդարացի երկու պատճառով. նախ` պատերազմի սանձազերծման և հետևանքների մեղքը միայն Գերմանիայինը չէր, երկրորդը` կոպիտ ուժը միշտ ծնում է հակաուժ: Այսպիսով, նրանք ովքեր սահմանեցին Վերսալյան կանոնակարգը, հասան ճիշտ հակառակ արդյունքի: Նրանք փորձեցին թուլացնել Գերմանիան  ֆիզիկապես, փոխարենը նա ամրապնդվեց աշխարհաքաղաքական առումով: Երկարաժամկետ պլանով Գերմանիան Վերսալից հետո հայտնվեց շատ ավելի շահավետ վիճակում, քան մինչև պատերազմն էր, և ի զորու դարձավ գերիշխել Եվրոպայի վրա: Գերմանիան հենց դեն նետեց զինաթափման կապանքները, որի համար ընդամենը ժամանակ էր հարկավոր, վերածնվեց և  դարձավ շատ ավելի հզոր, քան երբևիցե եղել էր։

N 5 ստրատագեման բազմաթիվ անգամ կրկնվել է պատմության նոր շրջանի դրամատիկ դրսևորումներում, որոնք անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո 6 տարաբնույթ պայմանագրեր են կնքվել, որոնցում տեղ է գտել հայ-թուրքական սահմանների հարցը:
Դրանք են՝
ա/  1918թ-ի մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկիի պայմանագիրը,
բ/ 1920թ-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը,
գ/ 1920թ-ի դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը,
դ/ 1921թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, 
ե/ 1921թ-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, 
զ/ 1923թ-ի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը:  

Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում, որոնց Թուրքիայի պահանջով հայերը չմասնակցեցին, Հայաստանը կորցրեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Արդվինը։  Հայաստանը կորցրեց ավելի քան 25 հազ. կմ2 տարածք, որից 19,915 հազ. կմ2 խլեց Թուրքիան: Իսկ 5,5 հազ. կմ2 կազմող Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, առանց երրորդ պետության զիջվելու իրավունքի: (Թե ինչպես դասավորվեց Նախիջևանի ճակատագիրը՝ մենք առանձին կանդրադառնանք)։

Մոսկովյան բանակցությունները շատ թանկ նստեցին հայ ժողովրդի  վրա և ունեցան ճակատագրական նշանակություն: Առաջին աշխարհամարտի ‹‹հրդեհի›› և ‹‹քաոսի›› պայմաններում Ռուսաստանը և Թուրքիան փորձեցին լուծել իրենց աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  խնդիրները. թուրքերը բացի հայկական հողերը զավթելուց,  ապահովեցին իրենց արևելյան ճակատն  ու բանակը՝ տեղափոխելով արևմտյան ճակատ  հաղթանակ տարան  Հունաստանի  դեմ: Հայկական հողերը նվիրելով քեմալականներին՝ Մոսկվան  կանխեց նրանց հնարավոր անցումն Անտանտի կողմը և Արևմուտքին հարելը (միառժամանակ): Սակայն բոլշևիկների ամենանվիրական երազանքը` Թուրքիայի և Արևելքի մյուս պետությունների միջոցով սկսել համաշխարհային հեղափոխություն` այդպես էլ չիրականացավ:

Ստարագեմա  N 9: ‹‹Դիտարկել հրդեհը հանդիպակած ափից››: Սա դիվանագիտական կոմբինացիա է, երբ  դիտողը ձևացնում է,  թե ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Անտարբեր հետևում է  ծանր վիճակում,   ճգնաժամի մեջ հայտնված հակառակորդին: Պասիվություն, ոչ մի օգնություն, ոչ մի միջամտություն կամ վաղաժամ գործողություններ, մինչև որ գործընթացը չզարգանա՝ հօգուտ դիտորդի, և միայն հետո հանդես գալ՝ պտուղները քաղելու համար: Կոչվում է նաև ‹‹Չմիջամտելու ստրատագեմա››, ‹‹սպասման, հապաղման ստարատագեմա››:

Այն չինացիների մոտ շատ է տարածված հետևյալ ասացվածքով. ‹‹Լեռանը նստած հետևել վագրերի կռվին››: Առասպելը պատմում է. ‹‹Մի անգամ որսորդը նկատում է երկու վագրերի, որոնք հոշոտում են ցուլին: Որսորդը դուրս է քաշում սուրը պատյանից և պատրաստվում է հարձակվել գիշատիչների վրա: Սակայն որսորդի ընկերը բռնում է նրա ձեռքն ասելով` ‹‹Սպասիր, այդ վագրերը նոր-նոր են սկսել ուտել, թող որ նրանք հագուրդ տան իրենց ագահությանը: Հետո նրանք անպայման հարձակվելու են իրար վրա: Մեծ վագրը կրծոտելու է փոքրին, բայց ինքն էլ վիրավորվելու է: Համբերիր, և այնժամ առանց դժվարության երկու վագրերին էլ կսպանես››։

Առասպելի խրատը քաղաքական առումով կայանում է նրանում, որ բանակցային գործընթացում փորձված դիվանագետը ուշադիր հետևում է մյուս ֆիգուրանտների դիրքորոշմանը, ամենակարևորը` նրանց հակասություններին ու պայքարին իրար դեմ, այնուհետև, ճիշտ հաշվարկելով,  սեղանին է դնում ի'ր փաստարկները, առաջարկություններն ու պահանջները` իրադրությունն իր օգտին  լուծելու համար:

Դիվանագետը ցուցաբերում է համբերատարություն, անտարբերություն և շրջահայացություն, որպեսզի հետո դրանք մեկտեղելով վերածի կոնկրետ գործողությունների: Արդյունքում տեղի է ունենում շրջադասություն` ինվերսիա:

Թվացյալ անգործությունն ու  անտարբերությունը վերածվում են ակտիվ գործողության: ‹‹Վագրերի կռվին հետևելու›› ստրատագեմային հատուկ ուշադրություն է դարձրել Մաո Ցզե Դունը  և այդ դիվանագիտական տրյուկի մեջ հաճախ է մեղադրել իր  քաղաքական հակառակորդներին: 1939 թվականին Մաոն դատապարտում  է Արևմտյան երկրներին Չինաստանի դեմ ճապոնական ագրեսիան կազմակերպելու  մեջ: ‹‹Նրանք հրահրում են Ճապոնիային Չինաստանի դեմ, իսկ իրենք ‹‹լեռան վրայից հետևում են վագրերի պայքարին››,- ասում է չինացիների ղեկակալը։  Մաո Ցզե Դունը նույն մեղադրանքն է ներկայացնում ԱՄՆ-ի, Ֆրանսիային,  Անգլիային Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, որոնք չէին ցանկանում համախմբել ուժերը ԽՍՀՄ-ի հետ ֆաշիստական Գերմանիային դիմակայելու համար: Չխառնվելու քաղաքականությունը, որը վարում էր միջազգային, և առաջին հերթին անգլո-ֆրանսիական ռեակացիան ‹‹լեռան վրայից վագրերի կռվին հետևելու›› քաղաքականություն է, որն ուրիշի հաշվին ապրելու իսկական իմպերիալիստական քաղաքականություն է։ 

N 9 ստրատագեման է կիրառում Թուրքիան իր մերձավորաևելյան քաղաքականության մեջ: Անկարան ‹‹լեռան վրայից›› դիտում է Իսլամական պետության և քրդական ռազմական ստորաբաժանումների (PKK) կատաղի բախումները  Թուրքիայի սահմանի երկայնքով: Իսկ Էրդողանը Թուրքիայի քրդերին արգելում է անցնել սահմանը իրենց հայրենակիցներին օգնելու համար: Թուրքերն, այսպիսով,  խաղում են  իրենց դիվանագիտական խաղերը: Նրանք ցանկանում են, որ իսլամիստներն ու  քրդերը կոտորեն իրար, որքան շատ` այնքան լավ: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե քրդերը հաղթեն իսլամիստներին, ապա նրանց դիրքերը կամրապնդվեն Թուրքիայում, որից Անկարան սարսափում է: Ընդհանրապես, Թուրքիայի թշնամիների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են քրդերը, երկրորդը` Բաշար Ասադի կառավարությունը և միայն երրորդը՝ Իսլամական պետությունը։

Ստրատագեմա N 10: ‹‹Ժպիտի տակ թաքցնել դաշույն››: Այն չինացիներն անվանում են նաև ‹‹Յանուսի գլուխ›› կամ ‹‹Հուդայի համբույր››: Դիվանագիտական հարաբերությունների և բանակցությունների ընթացքում, երբ փորձում են թշնամանքը թաքցնել բարեկամական, գեղեցիկ խոսքերի քողի տակ, բթացնել դիմացինի զգոնությունն ու շեղել նրա ուշադրությունը, օգտվում են այս ստրատագեմայից: Չինական գրականության մեջ թվարկվում են այս ստրատագեմայի դասական օրինակներ պետությունների հարաբերություններում, որակելով դրանք որպես ‹‹Դիվանագիտական ժպիտներ` դաշույնը թաքցնող ժպիտի հետևում››:

Վիետնամը 1979 Կամբոջայի վրա հարձակվելուց առաջ փորձում էր շեղել Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ժողովուրդների ուշադրությունը` խոսելով տարածաշրջանային համագործակցության  մասին: Իսկ նույն թվականին, Աֆղանստան զորքեր մտցնելուց առաջ,   ԽՍՀՄ-ը համոզում էր իր և համաշխարհային հասարակայնությանը,  թե խաղաղ համագործակցություն է զարգացնում աֆղանների հետ։ Ստրատագեմայի տարբեր մոդելները հաճախ են հանդիպում թուրքական դիվանագիտական գործելակերպում:

Օրինակ` վերոնշյալ ստարատագեման պարզ երևում է Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում  Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ:  Էրդողանը 1915-ի դեպքերը որակելով առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի արդյունք՝ իր ուղերձում ցեղասպանությունն անվանում է պարզապես «տեղահանություն»: Էրդողանի համոզմամբ՝ «ժողովրդավար Թուրքիան» բավականաչափ հասուն է և կարող է հանդուրժել ապրիլի 24-ին կայանալիք հիշատակման արարողությունները: Նրա ելույթի ամենաուշագրավ հատվածներից է 1915թ. ընդհանրացումն ու կայսրության քաղաքացի թուրք, քուրդ, արաբ և ի վերջո հայ զոհերի «հավաքական ցավի ըմբռնումը»: Ներողությունից կամ Ցեղասպանության ընդունումից հեռու այս ուղերձը հավանաբար փորձ էր 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհին ցույց տալ Թուրքիայի քայլերը՝ միտված «բարեկամությանն ու խաղաղությանը»: Կեղծ ժպիտով և տխուր դեմքով արված այս ուղերձը ոչինչ է, քան Թուրքիայի ժխտողական քաղաքականության նոր ձև, դիվանագիտական տրյուկ, որի նպատակն է հավասարեցնել զոհին և ոճրագործին, խոչընդոտել եղեռնի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:  Էրդողանի ուղերձում օգտագործվում է նաև  N 14 ստրատագեման՝ ‹‹Փոխ առնել դիակ, ոգու վերադարձի համար››:

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս  բառակապակցությունը քաղաքական բանակցություններում և դիվանագիտության մեջ ուղղված է նոր խնդիրներ լուծելուն` հղում կատարելով անցյալին: Փորձված  բանակցողները վկայակոչում են անցյալի դեպքերն ու իրադարձությունները, դրանց հաղորդելով նոր իմաստ և ուղղվածություն դժվարին իրավիճակից դուրս գալու նպատակով:  Ժամանակակից չինացիներն այս ստրատագեման մեկնաբանում են հետևյալ ձևով.
ա/ ունենալով` նոր նպատակ, կյանքի կոչել ինչ-որ մի բան, որը եղել է անցյալում,
բ/ ժամանակակից գաղափարախոսական պայքարում օգտագործել հին գաղափարներ,
գ/ օգտագործել նոր մարդկանց՝ հին քաղաքականությունը վարելու համար,
դ/ լցնել հին գինին նոր տիկի մեջ,
ե/ օգտվել ցանկացած միջոցից դժվարին դրությունից դուրս գալու համար, 
զ/վերածնվող փյունիկի ստրատագեմա:

Վերջում նշենք, որ ստրատագեմայի թեման ամենևին ուսումնասիրված չէ հայ մասնագետների կողմից, մինչդեռ դրա իմացությունը և ճիշտ կիրառումը կարող էր մեծապես նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության զարգացման գործին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
851 reads | 03.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com