ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. ԼՈԿԱԼԻՏԻՍ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ   Շարունակություն    (Սկիզբը՝ այստեղ)

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Կարելի՞ է դիվանագետին համեմատել քամելիոնի հետ

Ադապտացվելով նոր միջավայրում, ընդօրինակելով տեղական ապրելակերպը, սովորույթները, հմտանալով օտար լեզվի նրբությունների մեջ՝  դիվանագետը ձգտում է չզանազանվել իրեն  շրջապատող մարդկանցից, իր շուրջն ստեղծել բարեկամական մթնոլորտ և ընդունվել որպես յուրային, ինչը միանգամայն բնական է: Սակայն սա  պատճառ է դառնում, որպեսզի որոշ տեսաբաններ  դիվանագետներին անվանեն քամելեոն, որի հետ մենք համաձայն չենք։ Պարզապես, պետք է հասկանալ, թե ինչպես է ընթանում ադապտացիայի գործընթացը, ե՞րբ է ամենաբարձր մակարդակի հասնում կոնֆորմիզմը, իսկ ամենացածր մակարդակի լոյալությունը սեփական պետության նկատմամբ, և ամենակարևորը՝ ինչի՞ է հանգեցնում այդ ամենը։

Դիվանագետի լոյալությունը տեղական  հայրենասիրության փոխակերպվելու ֆենոմոնը (երևույթը) լուրջ ուսումնասիրության առարկա է դարձել ամերիկյան հետազոտողների համար: Հիմք ընդունելով «localism»-«տեղական շահեր եզրը»՝ նրանք կառուցել են ողջ մի տեսություն` անվանելով այն «լոկալիտիս» կամ դիվանագիտական հիվանդություն։  Տեսությունը կառուցված է մի շարք գործոնների վրա. չափից ավելի երկարատև գործուղում,  օբյեկտիվ դատելու ունակության կորուստ, լոյալության բացարձակ նվազում և այլն: Ապացուցվում է՝ որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապցիան, այնքան անվերադարձ է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր առանձնահատկություններից:

Երևան է գալիս  այսպես կոչված լոկալիտիսի սինդրոմ (համաախտանիշ), որը բացասաբար է ազդում դիվանագետի հոգեկանի վրա և վերջինս կորցնում է իր երկրի նկատմամբ անմնացորդ հավատարմությունը: Այս երևույթը Հ. Նիկոլսոնը որակում է որպես ժամանակակից դիվանագիտության հիմնական արատներից մեկը: Այո, լոկալիտիսը վտանգավոր ախտ է դիվանագետի համար: Սակայն այն անզոր է նրանց նկատմամբ, ովքեր ունեն կայուն բնավորություն, ուժեղ բարոյակամային հատկանիշներ, գաղափարական ձևավորված սկզբունքներ, բարոյահոգեբանական արժեքներ և ամենագլխավորը` անանց հայրենասիրություն:

Կարո՞ղ  ես  Հայրենիքդ մոռանալ դրսում երկար ապրելու դեպքում

Արդեն նշել ենք, որ լոկալիտիսի երևան գալը որոշ չափով պայմանավորում են գործուղման երկարատև ժամկետի հետ։ Իբր, դիվանագետը տարիներ շարունակ ապրելով մի երկրում, ենթագիտակցորեն դառնում է այդ երկրի երկրպագուն, նրա արտաքին և ներքին քաղաքականության համոզված ադեպտը:

Վարկածն, իմ կարծիքով ընդունելի է մասամբ։  Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ դեսպանները տասնյակ տարիներով աշխատել ու ապրել են դրսում, սակայն զերծ են մնացել լոկալիտիսի հարուցիչից: Պյեր Կամբոն (Ժյուլ Կամբոնի եղբայրը) 22 տարի Ֆրանսիայի դեսպանն էր Անգլիայում, նրա հայրենակից Կ. Բարերը` 28 տարի Իտալիայում, Ա. Դոբրինինը 23 տարի Մոսկվան ներկայացնում էր Վաշինգտոնում: Ցուցակը կարելի է շարունակել: Նրանք բոլորն էլ եղել են բարձրակարգ դեսպաններ, փայլուն կերպով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները և մեծ դեր են խաղացել դեսպանընկալ երկրների ու իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացմանը` մնալով ջերմ հայրենասերներ:

Տարօրինակ լոկալիտիս Հայաստանում

Դասական առումով լոկալիտիսը այն երևույթն է, երբ դեսպանը դառնում  դեսպանընկալ երկրի ջատագովը, պաշտպանում է նրա շահերը ի վնաս իր սեփական երկրի շահերի և հետաքրքրությունների։ Սակայն 90-ականների սկզբներին մենք ականատես եղանք մեզ անծանոթ  լոկալիտիսի մի հետաքրքիր և հազվադեպ տարատեսակի։

Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիրմիր Ստուպիշինը Երևան ոտք դնելու առաջին իսկ պահից հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն՝ ի օգուտ Հայաստանի լուծելու դիրքերից։ Այսինքն, դա հայաստանաօգուտ լոկալիտիս էր, բայց ոչ Ռուսաստանի, այլ Ադրբեջանի դեմ։ Իսկ ռուսական դիվանագիտությունը, մի կողմից ունենալով սեփական շահեր և' Հայաստանում, և' Ադրբեջանում, մյուս կողմից` լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի` հակամարտությունը կարգավորող խմբի անդամ, դեսպանի գործունեության պատճառով դժվարանում էր մանևրել Երևանի և Բաքվի միջև:

Վատն այն էր, որ դեսպանի անթաքույց հայամետությունը, քաղաքական մշակույթի պակասի և դիվանագիտական անփորձության պատճառով, լայնորեն պրոպագանդվում էր հենց Հայաստանի ԶԼՄ-ների և առանձին պաշտոնյաների կողմից: Մենք ԱԳՆ-ում պարզ տեսնում էինք այդ ամենի վտանգավորությունը և զգուշացնում էինք Ստուպիշինին հնարավոր հետևանքների մասին: Բայց նա չփոխեց  գործելաոճը: Հետո եղավ այն, ինչը պետք է լիներ: Մոսկվան հետ կանչեց դեսպանին: Այսպիսով` Ռուսաստանը կորցրեց իր կադրային դիվանագետին, Ստուպիշինն` իր կարիերան, իսկ Հայաստանը ձեռք բերեց իսկական բարեկամ, ով մինչև կյանքի վերջը ոչ  պաշտոնական դիրքերից պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղի գործը՝ բանավոր և գրավոր խոսքով: Սակայն քաղաքական առումով, թերևս, ավելի օգտակար կլիներ, եթե նա մնար Երևանում և շարունակեր իր գործունեությունը։

Հետաքրքրություն է ներկայացնում լոկալիտիսի մեկ այլ, դեպք` կրկին հայկական դիվանագիտական պրակտիկայից: Խոսքը վերաբերում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, որն ամերիկյան Կոլումբիա համալսարանում 1915-ի դեպքերը որակեց որպես Հայոց ցեղասպանություն: Այսպիսով, նա արտաբերեց այն, ինչից տարիներ շարունակ խուսափում է պաշտոնական Վաշինգտոնը: Դեսպանը հետ կանչվեց:

Դրան կրկին նպաստեցին Հայաստանը և Սփյուռքը, որոնք «արջի ծառայություն» մատուցեցին Էվանսին (այդ գործում մենք վարպետ ենք): Ողջ հայությունը ոտքի կանգնեց լոկալիտիսի մեջ «բռնված» դեսպանի պաշտոնաթողության դեմ: «Չենք թողնի». մատ թափ տվեց սփյուռքը: Իսկ Վաշինգտոնը, պատկերացնու՞մ եք, չվախեցավ և իր ուզածն արեց: (Ամերիկյան ազգային հատուկ գիծ է. վատ բաներ անել ուրիշ ազգերին հակառակ):

Անկեղծ ասած, Էվանսի պատմությունն իմ մեջ հարցեր է առաջացնում: Իրո՞ք, ընդամենը մեկ տարի Հայաստանում աշխատած պրոֆեսիոնալ դիվանագետն այն աստիճան տարվեց հայկական հարցով, որ դեմ գնաց իր պետության պաշտոնական դիրքորոշմանը: Կասկածում եմ: Հետո, արդյո՞ք նման ուղղամիտ և ճշմարտախոս դեսպանը կարող էր Հայաստանի համակարգը որակել ժողովրդավարական, երբ  այդ շրջանում այն  տատանվում էր ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի միջև, և մեկ էլ արդարացի համարել 2005-ի Սահմանադրական հանրաքվեն, որը քաղաքական բլեֆի դասական նմուշ է: Նույնպես, կասկածում եմ:

Չեմ բացառում, որ այս ամենն ամերիկյան դիվանագիտության և հատուկ ծառայությունների կոմբինացիայի արդյունք էր` ուղղված Հարավային Կովկասում Վաշինգտոնի շահերի և աշխարհաքաղաքական դիրքերի հետագա ամրապնդմանը, որի իրականացման մեջ դեսպանը թերացել էր, ինչի համար էլ պատժվեց:

Հայրենիք չվերադարձող դեսպանը պետական դավաճան է

Խորհրդային տարիներին մենք նախանձով էինք նայում անկախ պետությունների դիվանագետներին և անհաս երազ էինք համարում անկախանալ, ունենալ հայ դիվանագետներ արտասահմանում։ Այսօր այդ երազանքը դարձել է իրականություն. Հայաստանը սուվերեն պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ և ունի իր դիվանագիտական կորպուսը։ Իսկ մեր մտքի ծայրով կարո՞ղ էր անցնել անգամ, որ այդ դիվանագետների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք  Հայրենիքը կփոխեն վաշինգտոնների, փարիզների և մոսկվաների հետ, այսինքն գործուղումից հետո չեն վերադառնա տուն։ Իհարկե, չէինք կարող։ Իսկ դա այսօր դառն իրականություն է։ Երեսուն տարվա մեջ մենք ականատեսներն ենք մի շարք դեսպանների և բազմաթիվ ավելի ցածր աստիճանի դիվանագետների նման արգահատելի քայլի, և եթե լիներ դիվանագիտական հատուկ Գինեսի գիրք, հայ դիվանագետներն այնտեղ հավանաբար կգրավեին առաջին հորիզոնականը՝ ի ամոթ մեզ։

Ինչու՞մն է խնդիրը, ինչո՞վ բացատրել հայկական դիվանագետների այդ տիպի և չափի «էմիգրացիան» արտասահման։ Պատճառները մեկից ավելի են։ Նախ՝ գործուղման ժամկետների չարչրկված հարցը։ Այսպես՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածը դեսպանի համար սահմանում է 4 տարվա ժամկետ, որին կարող է գումարվել ևս 3 տարի` ըստ ղեկավարության հայեցողության, մինչդեռ կան դեսպաններ, որոնք  ապրում են արտասահմանում 10-18 տարի:  Ընդ որում, կան այնպիսիք, որ երկար տարիներ դրսում գտնվելուց հետո, ստանում են նոր նշանակում, առանց գոնե կարճաժամկետ ԱԳՆ-ում գտնվելուց հետո։   Սա օրենքի կոպիտ խախտում է, եթե հաշվի չառնվի, որ հիշյալ հոդվածի՝ 2010 թ. լրամշակված տարբերակում ասվում է. «Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել»:

Այն կազմողները, համոզված ենք  գիտակցված, այդպիսի ձևակերպում են ընտրել, որը հնարավորություն է տալիս ցանկացած դեսպանի գործուղման ժամկետը երկարացնել առանց սահմանափակման:  Ստացվում է, որ  նախագահը կամ արտգործնախարարը կարող են  իրենց ուզած դեսպանին ողջ կյանքում թողնել արտասահմանում, եթե դա համարում են նպատակահարմար: Հավանաբար, դրանք  առաջին մեծության աստղեր են  հայկական դիվանագիտության երկնակամարում, որոնք անգնահատելի ծառայություններ են  մատուցում հայրենիքին: Եթե այս իրավական կազուսին ավելացելու լինենք կադրային նեպոտիզմը (խնամիակալությունը), երբ առանցքային դեսպանություններում նշանակում  են ստանում դիլետանտ-փողատերեր և այլ տիպի կասկածելի տարրեր (մենք այստեղ նկատի ունենք ոչ միայն դեսպանությունները, այլև հյուպատոսական կորպուսը և, հատկապես, պատվո հյուպատոսների ինստիտուտը), իսկ փորձառու դիվանագետները տարիներով «փտում»  են ԱԳՆ-ի աշխատասենյակներում, ապա  պետք չէ այլ պատճառներ փնտրել լոկալիտիսի հարուցիչ  գտնելու համար։

Ավելացնենք, որ տարիներ շարունակ Հայաստանի ղեկավարությունը վարել է դիվանագիտական կադրային արատավոր քաղաքականություն։ Եվ եթե ներկա իշխանությունները վճռական միջոցներ ձեռք չառնեն այն շտկելու ուղղությամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կմնա նախկին ազգավնաս քաղաքականության կապանքներում։

Անկեղծ ասած, իրավիճակն ԱԳՆ-ում փոխելու առանձին նշաններ դեռ չեն երևում։ Դրա համար ամենից առաջ իշխանությունները, նախ՝ պետք է քաղաքական գնահատական տան այդ կարևորագույն ոլորտի նախկին  համակարգին, ազատվեն քոչարյանա-սերժական կադրերից, ապա հիմնովին մաքրեն արտաքին գերատեսչության ավգյան ախոռները, որից մեծապես կախված է երկրի ներկան և ապագան։ Հուսանք։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
784 reads | 28.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com