ԴՈԻ ԻՆՁ, ԵՍ ՔԵԶ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ   Շարունակություն    (Սկիզբը՝ այստեղ)

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Նախորդ դասասխոսության ժամանակ խոսեցինք  դիվանագետի լոյալություն՝ լոյալիզմ հասկացության մասին։ Դիտարկեցինք այն հոգեբանության և քաղաքագիտության տեսանկյունից։ Այդ թեմայի շրջանակներում, առաջին անգամը լինելով նշեցինք, որ գոյություն ունի դիվանագետի լոյալություն դեսպանընկալ երկրում ևս։ Ասվեց, որ այդ  երկրորդ լոյալիզմը՝ առնչվելով դիվանագետի «սեփական» լոյալության հետ, ստեղծում է կոնֆլիկտային իրադրություն, անգամ հոգեբանական կրիզ։ Այդ կապակցությամբ,  նույնպես առաջին անգամ, խոսեցինք դերերի տեսության մասին, որին պետք է տիրապետի դիվանագետը լոյալիզմի բարդ ու նուրբ խնդրում։ Վերջապես, մենք փորձեցինք ապացուցել, որ լոկայալիզմը դիվանագիտության բացարձակ և անվիճելի կատեգորիա  է։

Քծնանքն իր պետությանը և դեսպանընկալ երկրին հատուկ է վատ դեսպանին

Շարունակելով թեման՝ ասենք, որ լոյալության սկզբունքների անվերապահ պահպանումը դիվանագիտության ամենամեծ խնդիրներից մեկն է, որ գալիս է վաղնջական ժամանակներից: Հաճոյանա՞լ ղեկավարությանը, թե՞ մնալ անաչառ ու օբյեկտիվ: Սրանցից ո՞րն է համապատասխանում դիվանագետի լոյալությանը, ո՞րն է պետությանն ավելի օգտակար և անհրաժեշտ: Արդեն ասել ենք, թե որքան կարևոր է չգայթակղվել և չփոխանցել այն, ինչը հաճո է կառավարության ականջին, հայտնել ճշմարտությունը, որքան էլ այն դառը լինի: Սա դասական դիվանագիտության ոսկե օրենքներից է։ Խախտեցիր այն, կունենաս մեծ կատակլիզմներ ազգային մասշտաբով։ Դեռ դարեր առաջ Մաքիավելին, Կառլ V-ի արքունիքում հավատարմագրված իր դեսպանին զգուշացնում էր. «խուսափիր մի բան մտածող, և մի այլ բան ասող դիվանագետի արգահատելի համբավից»: Ի դեպ, նշանավոր ֆլորենցիացին հավասարության նշան է դնում տիրակալին դեզինֆորմացնողների (ապատեղեկացնողների) և քծնողների միջև, որոնք «վխտում են» նրա շուրջը: Քծնանքը` համարելով կործանարար տիրակալի համար՝ Մաքիավելին նշում է, որ «քծնանքից պաշտպանվելու այլ միջոց չկա, քան մարդկանց համոզելը, որպեսզի նրանք քեզ ճշմարտությունն ասեն»:

Այնպես որ, հարկ է գիտակցել, որ երբ դու չցանկանալով վնասել քո և դեսպանընկալ երկրի հարաբերություններին, հաղորդում ես ոչ ճիշտ ինֆորմացիա, գունազարդում ես  այն, շեղում  Կենտրոնի ուշադրությունը գոյություն ունեցող դժվարություններից և զրկում հակազդելու հնարավորությունից, դու, վստահաբար, թույլ ես տալիս ծառայողական, իսկ առանձին դեպքերում պետական հանցագործութուն:

Պակաս վտանգ չի ներկայացնում հակառակ երևույթը: Կոնկրետ: Ասենք նախարարությունը հանձնարարում է դեսպանին իր աշխատած երկրի ղեկավարությանը ներկայացնել վերբալ նոտա կամ անել բանավոր հայտարարություն: Ընդ որում, հանձնարարկանի տոնը խիստ է: Ի՞նչ է անում անփորձ կամ անպատասխանատու (մեղմ ասած) դեսպանը: Առաջնորդվելով եսակենտրոն մոտիվներով՝ միայն թե չփչացնի հարաբերությունները դեսպանընկալ երկրի ղեկավարության հետ, չվաստակի ամբարիշտի համբավ, նա հանձնարարությունը կատարելիս գտնում է մատուցման անհարկի մեղմ ձևեր, արտահայտություններ, բառեր, դիմախաղ ու ժեստեր: Սա ևս լոյալության սկզբունքների կոպտագույն խախտում է, որը կարող է սահմանակցել ծառայողական, անգամ պետական կարգազանցության հետ: Դեսպանընկալ երկրում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում լոյալությունը կորցրած դեսպանը վատ դեսպան է:

Թե ինչու հարց բարձացվեց հետ կանչել Հայաստանի դեսպաններին

2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն իր թիվ 2216 բանաձևով պահանջեց «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: Եվրախորհրդարանը պնդում էր, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»:

Բանաձևի թանաքը դեռ չէր չորացել, երբ ՄԱԿ-ի ներկայացուցիչ, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Վալտեր Կալինը հայտարարեց, թե «միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի` Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելու ուղղությամբ»:

Դրանց հաջորդեցին հանրապետության քաղաքական շրջանակներում ծայր առած խիստ քննադատական դիտողությունները միջազգային կազմակերպություններում մեր դեսպանների հասցեին: Նշվեց նրանց ցածր պրոֆեսիոնալ մակարդակը, պասսիվությունը, կոչումին չհամապատասխանելը և բազմաթիվ մյուս զանցառությունները: ՀՅԴ-ն անգամ հարց բարձրացրեց՝ հետ կանչել  բոլոր դեսպաններին։

Քանի որ արված քննադատությունը հիմնականում արդարացի է, հանգիստ խղճով կարող ենք փաստել, որ այստեղ գործ ունենք մեր դիվանագետների լոյալության կանոնների խախտման կոնկրետ արտահայտության հետ, որը, մեծ հաշվով, հակասում է երկրի արտաքին քաղաքանության գլոբալ հետաքրքրություններին:

Ղեկավարության մեղքը դիվանագետի լոյալության դեգրադացիայում, որը կարող է պատերազմի պատճառ դառնալ:

Իսկ դեսպանի և մյուս դիվանագետների լոյալության սկզբունքների աղավաղման մեջ արդյո՞ք մաս չի կազմում արտգործնախարարության և երկրի ղեկավարությունը։ Իհարկե, կազմում է։ Այդ նրանք են դիվանագետի լոյալության աստիճանը հասցնում  աբսուրդի և նպատակամղված կերպով մղում ապաաձնայնացման։ Այսինքն, կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որում դիվանագետն աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու և վերլուծելու ունակությունը։ Դիվանագետի «ԵՍ»-ը տարալուծվում է վերևից իջեցվող հրահանգների և անիմաստ կարգադրությունների հորձանուտում։ Արդյունքում նրա կոնֆորմիզմը մոտենում է զրոյականի, իսկ  լոյալությունն՝ աստիճանաբար անհետանում է։

Ղեկավարության նպատակն այս դեպքում մեկն է. լսել, տեսնել, ստանալ այն, ինչն ինքն է ցանկանում, ինչը հարմար և ձեռնտու է իրեն: Եվ ամենավտանգավորն այն է, որ ղեկավարության տվյալ ցանկությունը կարող է չհամընկնել պետության գլոբալ շահերի հետ:
Սա ծայր աստիճան վնասաբեր և վտանգավոր դիվանագիտական գիծ է ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունում, հղի է անկանխատեսելի հետևանքներով անգամ գերտերությունների համար: Օրինակները շատ են։ Դիվանագիտության և արտաքին հետախուզության դեզինֆորմացիան Խորհրդային Միությանն արժեցավ պատերազմ Աֆղանստանում, իսկ Միացյալ Նահանգներին՝ Իրաքում:

Իսկ ինչ է լինում, երբ ղեկավարությունը դադարում է դեսպաններին վստահելուց

Մի կարևոր հանգամանք ևս. լոյալիզմի վերաբերյալ վերլուծություններում անհարկի անուշադրության է մատնված փոխադարձության պարադիգման։ Այսինքն՝ եթե պետությունը պահանջում է դիվանագետից բացարձակ լոյալություն, ասել կուզի նվիրվածություն և հավատարմություն, ապա ինքը ևս պետք է նույն կերպ վարվի իր դիվանագետի նկատմամբ։ Դու ինձ, ես քեզ, զուտ մարդկային տրամաբանության համաձայն։

Մինչդեռ նորանկախ Հայաստանի նախկին իշխանությունը 2008 թ. փետրվարին մի խումբ բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում դեսպանների, հեռացրեց աշխատանքից և, ի խախտումն միջազգային նորմերի, շնորհազրկեց կոչումներից: Ընդ որում, այդ դիվանագետներն դյուզն անգամ  չէին խախտել լոյալության կանոնները, այլ ընդամենը հայտնել էին իրենց մտահոգությունը երկրում ստեղծված պայթունավտանգ իրադրության կապակցությամբ:

Ուրեմն, և' իշխանությունները, և' դիվանագիտական  կորպուսը հարկ է, որ զգուշորեն մոտենան և աչքի լույսի պես պահեն լոյալության կատեգորիան։ Հակառակ դեպքում կհայտնվի  դիվանագիտական հիվանդություն,  որի անունն է «լոկալիտիզմ» (localism)։ Դրան կանդրադառնանք   հաջորդ անգամ։

Շարունակելի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
164 reads | 27.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com