ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է ԵՎ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ, ԻՆՉՊԵՍ «ԿԵՍԱՐԻ ԿԻՆԸ»

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




(Լոյալիզմը դիվանագիտական-քաղաքական բացարձակ կատեգորիա. նոր խնդիր)

Դիվանագետի արտասահմանյան գործուղման ընթացքում նոր միջավայրը, անծանոթ մարդիկ, օտար լեզուն և տարբեր սովորույթները նկատելի ազդեցություն են գործում նրա հոգեկանի վրա, հաճախ փոխում բնավորության գծերը, անգամ հոգեկերտվածքը` հաղորդելով դրանց այլ, երբեմն նոր որակ և ուղղվածություն: Հետո, դիվանագետը սկսում է աստիճանաբար ադապտացվել (հարմարվել) տեղական պայմաններին: Այսինքն, տեղի է ունենում դիվանագետի լոյալության այլափոխություն։

Իսկ  ի՞նչ է լոյալությունը կամ լոյալիզմը։ Հրապարակի վրա եղած աղքատիկ գրականությունն այն որակում է որպես «նվիրվածություն, հավատարմություն, հարգանքի դրսևորում գործող օրենքների, որոշումների, հասարակության ավանդույթների, ինչպես նաև քաղաքական կարգի և պետության նկատմամբ»։ Դիվանագետի անձը և գործունեությունը ֆիլիգրանային ճշգրտությամբ մեկնաբանող ֆրանսիացի Ֆրանսու Կալյերն էլ  (XVIII դար) լոյալիզմն անվանել է դիվանագետի «յոթերորդ բարեմասնություն»։ Սակայն այդ հասկացությունը մինչ  օրս լիովին ուսումնասիրված չէ։ Մինչդեռ ժամանակակից սոցիոլոգիական, հոգեբանական, մարդաբանական  և այլ գիտելիքների նվաճումները լայն հնարավորություններ են ընձեռում բացահայտելու այդ երևույթի ներքին մեխանիզմներն ու նրբությունները, նրա նշանակությունը դիվանագիտական պրակտիկայում։

Էմպիրիկ առումով ընդամենը հայտնի է, որ լոյալության խնդիրը ընդամենն առնչվում է անձի հարմարվողականության, զիջողականության, էմպաթիայի (ապրումակցման) և կոնֆորմիզմի հետ։ Այսինքն՝ լոյալիզմը ամբողջովին դիտարկվում է  հոգեբանության տեսանկյունից։ Բայց չէ՞ որ լոյալիզմը նաև քաղաքագիտական հասկացություն է, որի կանոններին դեսպանը  պարտավոր է ենթարկվել և հարգել դեսպանընկալ երկրում (սահմանադրություն, օրենքներ, միջպետական պայմանագրեր և այլն)։ Եվ ոչ միայն հարգել ու ենթարկվել։ Դիվանագետը պարտավոր է ցուցաբերել լոյալիզմ իր հավատարմագրված երկրի նկատմամբ ևս։

Ստացվում է լոյալության երկու վեկտոր, որը, ըստ մեր դիտարկումների, տարբեր երկրներում և իրադրություններում մտնում է հակասության մեջ, իսկ երբ  իշխանության  երկու սուբյեկտների (գործուղող և գործուղված երկրի) սպասումներն ու պահանջները դառնում են անհամատեղելի ու բախվում միմյանց,  ապա դիվանագետի մոտ առաջանում է ներքին կոնֆլիկտ, անգամ հոգեբանական կրիզիս։

Այս դեպքում լոյալիզմի ամբողջական բացահայտման և դիվանագիտական աշխատանքում այն ավելի հետևողական ու արդյունավետ օգտագործելու համար մենք առաջարկում ենք հենվել դերերի տեսության վրա, որը ստեղծվել է հոգեբանության և սոցիոլոգիայի սահմանագծում և թույլ է տալիս բացատրել մարդու ու խմբերի ակտիվության բազմաթիվ օրինաչափություններ։ Այդ հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ իշխանության բոլոր սուբյեկտները, որոնց հետ առնչվում է դիվանագետը, նրան դերային սպասումներ (էքսպեկտացիաներ) են ներկայացնում։ Դրանց բոլորի հետ անմիջական կամ միջնորդված առնչությունների մեջ մտնելիս դիվանագետը ստիպված է լինում «ճիշտ» կատարել իր դերը։ Նա մեկ դերի կատարումից անցնում է մեկ այլ դերի կատարման, և նման ճկուն ադապտացիան կարելի է դիտել որպես ոչ այլ ինչ, քան լոյալություն գործունեության մեջ կամ գործնական լոյալություն։  

Փորձը ցույց է տալիս, որ դիվանագետի լոյալությունը ոչ միայն բազմակողմանի դերակատարություն է այլև նրա կողմից իրագործվող քաղաքականության անքակտելի մի մասն է։ Այստեղ ծագում է բնական հարց, կարող է արդյո՞ք ոչ պրոֆեսիոնալ անձնավորությունը՝ դիլետանտը, հայտնվելով օտար երկրում, այն էլ դեսպանի կարգավիճակով ճիշտ օգտվել այնպիսի բարդ մեխանիզմից, ինչպիսին լոյալիզմն է։ Իհարկե, ոչ։ Այդպիսի «դիվանագետի» ձեռքին նման մեխանիզմը պարզապես գործող դինամիտ է։ Ավաղ, երեսուն տարվա հայկական դիվանագիտության մեջ փայլատակում են բազմաթիվ նման «պեռլեր» (գոհար)։

Ի դեպ, պրոֆեսիոնալիզմից հեռու դիվանագետի համար բացառված չեն լոյալության սկզբունքից կատարվող լուրջ շեղումներ, որոնք նա կարող է թույլ տալ աննկատ կերպով, առանց գիտակցելու։ Դա կատարվում է նուրբ ենթագիտակցական գործընթացների հետևանքով, և եթե անհատը անտեղյակ է դրանց գոյությունից, ապա չի էլ կարող գիտակցական հսկողության տակ վերցնել ու կանխել։ Այս դրույթների լույսի ներքո  հետաքրքություն է ներկայացնում նորագույն դիվանագիտության անգերազանցելի տեսաբան Հարոլդ Նիկոլսոնի հետևյալ դիտողությունը. «Այն դիվանագետների շրջանում, ովքեր երկար տարիներ ապրել են արտասահմանում և, հավանորեն, կտրել են կապը հարազատ ժողովրդի հետ, դիտվում է միտում, որի դեպքում լոյալությունը բավականին մշուշոտ ուրվագծեր է ձեռք բերում։ Նրանց շարքերում լինում են մարդիկ, ովքեր ընդունակ են այնպիսի զգայնությամբ (սենտիմենտալությամբ) սիրել այն երկիրը, որտեղ գտնվում են, որ այլևս չեն նկատում նրա թերությունները»։ Նման հոգեբանական տեղաշարժի բոլոր տիպական դեպքերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում և պետք է ուսումնասիրվեն դիվանագիտության տեսության մեջ։ Մեր՝ հայկական դիվանագիտությունն ուղղորդող այրերը ըստ երևույթին ծանոթ չեն մեծ անգլիացու  տեսությանը։ Էլ ինչով բացատրել, որ որոշ կադրեր նրանք տասնյակ տարիներով  «կոնսերվացնում»  են արտասահմանում, առանց մտածելու դրա հետևանքների մասին։ Գոնե օրինակ վերցնեին ամերիկացիներից, որոնք դեսպաններին, գրեթե առանց բացառություն, երկու-երեք տարուց ավել չեն թողնում դրսում։

Բացի այդ, նրանք,  ովքեր ծրագրավորում և իրագործում են հանրապետության արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է սերտեն հետևյալ աքսիոմատիկ բանաձևը. «Որքան ուժեղ է դիվանագետի լոյալությունն օտար երկրի նկատմամբ,  այնքան  թույլ է լոյալությունը հայրենի երկրի նկատմամբ։ Լոյալությունը սեփական երկրի նկատմամբ և լոյալությունն այլ երկրի նկատմամբ կապված են հակադարձ համեմատականության կանոնի համաձայն»։

Լոյալիզմը բարդ և նուրբ դիվանագիտական-քաղաքական, հոգեբանական երևույթ է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ է ներկայացնում դիվանագետը՝ տոտալիտար, թե դեմոկրատական՝ նրա լոյալությունը պարտադիր պայման է (pledge of loyalty)։ Սակայն լինել լոյալ, չի նշանակում լինել ստրուկ-կամակատար և կուրորեն կատարել տրված հրամանը։ Դեսպանը տեխնիկական աշխատող չէ։ Հետաքրքիր մոտեցում ունի այդ առումով ամերիկյան պետական դեպարտամենտը։ Նրա հրահանգի ուժ ունեցող կանոնադրությունում նշվում է, որ դեսպանը պարտավոր է հանձնարարականը կատարել անգամ, այն դեպքում, երբ տարակարծիք է դրա հետ։ Հետո հաջորդում է շատ կարևոր մի  հրահանգ. «Հաղորդել ճշմարտացի ինֆորմացիա, այլ ոչ թե այն, որը կուզեր լսել ղեկավարությունը»։ Մենք հեռու ենք ամերիկյան դիվանագիտությունը իդեալականացնելուց, բայց օրինակը՝ նախանձելի է։

Թեմայի շրջանակներում կցանկանայինք եզրափակել. իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ և արժանավայել կերպով է ներկայացնում  իր երկիրը, իսկ, երբ պետք է կյանքի գնով պաշպանում է  նրա պատիվն ու շահերը։ Անգամ եթե երկիրը սխալ է, և դու գիտես դա։ Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես «Կեսարի կինը»։ Լոյալությունը դիվանագիտության անխախտ օրենքն է, բացարձակ կատեգորիա։ Դրանից գիտակցորեն կամ ենթագիտակցորեն շեղումը, մեր խորին համոզմամբ, սահմանակցում է ազգային շահերի ոտնահարման և պետական դավաճանության հետ։

Այդ մասին հաջորդիվ։

Շարունակելի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
403 reads | 25.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com