ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ (Նոր խնդիր)

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Դիվանագիտության տեսության չուսումնասիրված խնդիրներից մեկը նրան տրվող (պատգամվող) իշխանության  ձևն է, չափը և սահմանները դեսպանընկալ երկրում, երբ վերջինս անցնում է իր պարտականությունների կատարմանը և ստանում համապատասխան կարգավիճակ (ստատուս քվո)։  Խնդիրը նրանում է, որ տեղի պաշտոնյաների համար դեսպանը ոչ ղեկավար է, ոչ էլ ենթակա։

Նրանք իրենց հերթին ունեն սեփական իշխանություն և կարգավիճակ, որոնք ստացել են այլ սուբյեկտներից։ Ուրեմն, ինչպիսի՞ն է դեսպանի և տվյալ երկրի պաշտոնյաների փոխհարաբերությունների յուրահատկությունն այն դեպքում, երբ նրանց ունեցած լիազորությունները միանգամայն տարբեր են։ Այդ շփումներում առկա՞ են արդյոք ղեկավար-ենթակա ասիմետրիկ հարաբերությունները, թե՞ նրանք  հարաբերվում են որպես հավասար իրավունքներ ունեցող գործընկերներ։ Ե՞րբ և ի՞նչ չափով դեսպանին ընդունող երկրի պաշտոնյան իրավունք ունի նրա նկատմամբ սանկցիաներ կիրառել՝ դրական կամ բացասական։ Դրանք, որպես կանոն, ընդունվում են  միջազգային իրավունքի ակտերի շրջանակներում, որոնց հիմքում ընկած է դիվանագիտական անձեռնամխելիության (իմունիտետ) ինստիտուտը, որը և դիվանագետին զերծ է պահում օտար երկրի պաշտոնյաներին ենթակվելուց։ Այստեղ դիվանագետի համար կարևոր է ճիշտ կողմնորոշվել՝ սահմանազատելու համար տեղական օրենքների իմացությունը՝ ենթակայությունից։
 
Դեսպանի վարքագիծը և քաղաքական դիրքորոշումը որոշ առումով կախված է, ինչպես դեսպանընկալ պետության, այնպես էլ իր՝ դիվանագետի  երկրի վարչակարգից։ Եթե նա աշխատում է մի երկրում, որտեղ ռեժիմը ավտորիտար է կամ դիկտատորական, բնականաբար, նրա աշխատանքը և կենցաղը ընթանում են  լարված ու  ծանր  պայմաններում։ Իսկ եթե դեսպանին   գործուղած երկրում նույնպես  նման վարչակարգ գոյություն ունի, ապա դիվանագետը ճնշման տակ է երկակի։ Ընդ որում, հարազատ պետության կողմից նա հաճախ ավելի է վտանգված, քան դեսպանընկալ երկրում, որտեղ նա լավ թե վատ ունի անձեռնամխելիության կարգավիճակ։ Ամբողջատիրական պետությունների պատմությունից հայտնի են  սեփական  դիվանագետների ողբերգական ճակատագրեր։  (Խորհրդային անվանի դիվանագետ Ֆյոդոր Ռասկոլնիկովն, օրինակ,   համարձակություն ունեցավ քննադատական նամակ հղել Ստալինին, և հատուցեց կյանքով։  1939 թ Ֆրանսիայի Նից քաղաքում նա սպանվեց չեկիստների ձեռքով)։

Անկախ դեսպանընկալ երկրի քաղաքական բնույթից  և կառուցվածքից՝ դեմոկրատական, ավտորիտար,   թագավորություն և այլն, յուրաքանչյուր երկրի արտագործնախարարություն պարտավոր է դիվանագետին արտասահման գործուղելուց առաջ մանրամասն ուսումնասիրել և բացատրել նրան տվյալ երկրի  իշխանության բնույթը, սոցիալ-հոգեբանական և կրատոլոգիական (Գիտություն իշխանության   մասին) վերլուծության ենթարկել այն օրենքները, նորմերն ու կանոնները, որոնք սահմանում են դիվանագետների վարքի կանոններն այդ երկրում։ Սակայն որքան էլ արտաքին գերատեսչությունը նախապատրաստի դիվանագետին արտասահման  գործուղումից առաջ, նրա աշխատանքի հաջողությունն ու արդյունավետությունը կախված է հե՛նց  իրենից, նրա պրոֆեսիոնալ պատրաստվածությունից, հմտություններից, դիվանագիտական ճկունությունից և բարոյակամային այլ հատկանիշներից։

Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն դեսպանի հաջողության հիմնական պայմաններից մեկը նրա հեղինակությունն է, անձնական վարկանիշը (ռեյտինգ)։ Պարզապես ներկա գլոբալիզացիայի, ինֆորմացիոն հեղաշրջման պայմաններում, դեսպանի ագրեման ստանալուց շատ առաջ դեսպանընկալ երկրում  արդեն հինգ մատի նման գիտեն, թե ով է ժամանում և ինչ է նա իրենից ներկայացնում։ Եթե դեսպանը արժանիքներով օժտված, բարձր հեղինակություն ունեցող անձնավորություն է, և դրան գումարվում է նրա պաշտոնական իշխանությունը, ապա վերջինիս դառնում է ազդեցիկ դեմք ընդունող երկրում։ Եվ ընդհակառակը, անհաջող նշանակված դեսպանը շատ արագ հայտնվում է դիվանագիտական կորպուսի ոչ պաշտոնական «սև բորսայում», որից գրեթե անհնար է «դուրս պրծնել» մինչև  գործուղման ավարտը։ Այս հանգամանքին հարկ է, որ  Հայաստանի ԱԳՆ-ն լուրջ ուշադրություն դարձնի դեսպանների ընտրության ժամանակ։

Դեսպանի նշանակման համար մենք առաջարկում ենք  հետևյալ բանաձևը։ Դեսպանի լրիվ իրական  իշխանությունը (ԼԻԻ) կազմված է երկու հիմնական բաղադրիչներից. (ԼԻԻ) = (Պ) + (Հ), որտեղ Պ-ն պատգամված, վերադասից ստացած իշխանությունն է, իսկ Հ-ն՝ նրա հեղինակությունից բխող լրացուցիչ իշխանությունն է։ Միանգամայն հասկանալի է, որ եթե դեսպան է նշանակվում այնպիսի անձնավորություն, որի հեղինակությունը զրոյական է, ապա նրա Հ=0։ Իսկ եթե Հ=X, ապա նրա իրական իշխանությունը կարտահայտվի հետևյալ բանաձևով (ԼԻԻ) = (Պ) - (Հ)։ Սա, դժբախտաբար,  հիշեցնում է հայկական դիվանագիտության կադրային քաղաքականությունը։

Մենք հակված ենք կարծելու, որ դեսպանի օգտակար գործողության գործակիցը ուղիղ համեմատական է նրա դատողությունների և գործելակերպի ինքնուրույնության ծավալի հետ։ Սա շատ նուրբ սոցիալ-հոգեբանական երևույթ է, որը պայմանավորված է դիվանագետի լոյալության և կարգապահության հետ։ Չէ՞ որ դիվանագետը բարձրակարգ մտածող և ուժեղ տրամաբանության տեր անձնավորություն է։ Հետևաբար նրա ուղեղում կարող են ծագել իր պետության համար օգտակար մտքեր, մտադրություններ, գործողությունների պլաններ, նպատակադրումներ և այլն։

Նպատակահարմա՞ր է արդյոք ներշնչել, որպեսզի դիվանագետները բարձր գնահատեն սեփական մտածողության և երևակայության. ինքնուրույնության սահմանները։ Նպատակահարմար է, բայց ոչ շատ նախարարների և պետության ղեկավարների համար, որոնք ամենևին չեն քաջալերում դեսպանների «ինքնագործունեությունը»։ Բոլոր ղեկավարները չէ, որ հանդուրժող են, մտածող և խելամիտ առաջարկներ ներկայացնող ենթակաների նկատմամբ։ Հաճախ լինում  է ճիշտ հակառակը։

Այս արատավոր իրողության կապակցությամբ անվանի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոնը գրել է. «Դեսպանը կատարում է իր կառավարության հրահանգները, բայց երբեմն էլ զսպում է իր վերադասին։ Մտքի անկախությունն, իհարկե, չպետք է հասնի կարգապահությունը խախտելուն։ Սակայն այն նախարարը, որի տրամադրությունն այդպիսի անկախությունից փչանում է, նման է այն ոչ խելամիտ մարդուն, որը ճամփա ընկնելուց առաջ հանում է զույգ աչքը։ Մյուս կողմից, եթե դեսպանը չի համարձակվում լինել ավելին, քան փոստարկղն է, վտանգ է ներկայացնում իր կառավարության համար»։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
768 reads | 22.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com