ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը:

Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Արման Նավասարդյանի նախնիների մեծ մասը զոհ է գնացել 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ծնողները հրաշքով են փրկվել և հասել Մերձավոր Արևելք, ապա տեղափոխվել Խորհրդային Հայաստան: 1970-ականներին ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո Արման Նավասարդյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Խորհրդային միության ԱԳՆ-ի կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում: Դեռևս խորհրդային դիվանագիտական համակարգում քաղաքական ճիշտ կանխատեսումների և հաշվարկված քայլերի համար Նավասարդյանին կնքում են գրոսմայստեր տիտղոսով, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո գրոսմայստեր դիվանագետին հրավիրում են նորանկախ Հայաստան՝ ԱԳՆ-ն ձևավորելու համար:

ՀՀ ԱԳՆ առաջին փոխնախարար Նավասարդյանի ծրագրերն ու պլանավորումն են դրված այդ գերատեսչության հիմքերում: Հետագա տարիներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի նախագահ, գլխավորել Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում, ՀՀ առաջին դեսպանը Ավստրիայում և համատեղության կարգով՝ Հունգարիայում, ՀՀ դեսպանը Լիբանանում:  

Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական կողմի և միջազգային հանրության հետ բանակցային գործընթացի ղեկը հենց Արման Նավասարդյանի ձեռքում էր: 1992-ի մարտին Նավասարդյանի ակտիվ ջանքերով ու մասնակցությամբ Թեհրանում ստորագրվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ (Հայաստան, Իրան, Ադրբեջան) համաձայնագիրը:

Վաստակաշատ արտակարգ և լիազոր դեսպանը նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության վերաբերյալ հարյուրավոր հոդվածների հեղինակ: Արման Նավասարդյանի ուսումնասիրությունները ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում մեծ հեղինակություն են վայելում դիվանագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների շրջանում:

Նա Հայաստանում դիվանագիտական հոգեբանության ուսումնասիրության հիմնադիրն է, այդ թեմայով արժեքավոր մենագրությունների հեղինակ։ Կյանքի 8-րդ տասնամյակում էլ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ակտիվորեն շարունակում է հասարակական գործունությունը, հանդես գալիս քաղաքական վերլուծություններով, որոնք գրեթե միշտ իրականություն են դառնում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
734 reads | 08.04.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com